ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԻՆՉՈ՞Ւ Է ՔՈՉԱՐՅԱՆԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՎԱՏ ՎԻՃԱԿԻ ՄԵՋ ԴՆՈՒՄ

Այսօր կշարունակենք քննարկել «Վիկիլիքսի» հրապարակած՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի միջեւ առկա հակասությունների վերաբերյալ ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնի կազմած զեկուցագիրը: Ամերիկացի դիվանագետը ներկայացնում է իր տպավորությունները իշխանության բարձրագույն ներկայացուցիչների հարաբերությունների կապակցությամբ: Փենինգտոնի վստահությամբ՝ Քոչարյան-Սարգսյան զույգն ունի լուրջ տարաձայնություններ, ինչը փաստվում է առաջին հերթին Քոչարյանի վարքով: Ավելին՝ դիվանագետը կարծում է, որ Քոչարյանն ամեն ինչ անելու է՝ Սարգսյանին իրենից կախվածության մեջ պահելու եւ վարչապետության միջոցով իշխանությունն իր ձեռքից բաց չթողնելու համար:

Փենինգտոնը հիշատակում է Քոչարյանի՝ 2008թ. փետրվարի 8-ի հարցազրույցը, որի ժամանակ վերջինս հայտարարել էր, թե ղարաբաղցիները ինքնուրույն են պայքարել ադրբեջանցիների դեմ, եւ Հայաստանն ու Տեր-Պետրոսյանի կառավարությունն առավելապես խանգարել, քան օգնել են այդ պատերազմին: Դիվանագետը կարծում է, որ այդ հայտարարությունը Քոչարյանը թեպետ արել է ընդդեմ Տեր-Պետրոսյանի, բայց առաջին հերթին վնասել է հենց Սերժ Սարգսյանին, քանզի նրանից վանել է այն ընտրողներին, ովքեր իրենց զավակներին ուղարկել են պատերազմ, իսկ այժմ պարզում են, որ իրենց տված զոհերը ոչ թե օգնել, այլ խանգարել են ղարաբաղցիներին: Դիվանագետը մեջբերում է դեսպանատան կոնտակտներից մեկին, ով մտերիմ է եղել Սարգսյանի ու Քոչարյանի հետ եւ աջակցել ռեժիմին: Ըստ վերջինիս՝ Քոչարյանի գործողություններն ուղղված են եղել նրան, որ Սարգսյանին պահի իրենից առավելագույն կախվածության մեջ: Ըստ այդ կոնտակտի՝ Սարգսյանի ու Քոչարյանի միջեւ հակասությունները լինելու են Տեր-Պետրոսյանի օգտին, եւ եթե նրանք միասնական լինեն, ոչ մի վտանգ չի սպառնա իրենց իշխանավարությանը: Ըստ այդմ՝ Քոչարյանը, ռիսկի տակ դնելով ռեժիմի հարատեւությունը, ցանկանում է թույլ չտալ Սարգսյանին հասնել նրան, ինչին ինքը երբեւէ չի հասել՝ ընտրվել մաքուր ձեւով: Դիվանագիտական աղբյուրը եզրակացրել է, որ Քոչարյանը ցանկանում է ստեղծել այնպիսի իրավիճակ, որ Սարգսյանի հաղթանակը ընկալվի կեղծված, որպեսզի նա պահպանի իր ազդեցությունը Սարգսյանի վրա: Այս վարկածն իրականությունից այնքան էլ հեռու չէ, սակայն սրանով չի կարելի բացատրել Սարգսյանի` արդեն նախագահի աթոռին հայտնվելուց հետո որդեգրած գործելաոճը: Ի վերջո, եթե Քոչարյանը գնաց արյունահեղության ճանապարհով, իսկ «բարի» Սարգսյանը ոչ մի հնարավորություն չուներ դա կանխելու, ապա քաղբանտարկյալների դատերը, քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ բանեցրած բռնությունները, հանրային ազատությունների սահմանափակումները, երկրում հանցագործություններն ու սպանությունները բացահայտ հովանավորելը եւ ի վերջո` Մարտի 1-ի սպանություններից եւ ոչ մեկը չբացահայտելն արդեն ոչ մի կապ չեն կարող ունենալ «չար» Քոչարյանի հետ:
Փենինգտոնը հավելում է, որ տարբեր շրջանակներում կրկին ակտիվացել են այն տեղեկությունները, թե Քոչարյանն ընտրություններից հետո պատրաստվում է վերցնել վարչապետի աթոռը: Հեղինակը հայտնում է, որ իշխանության տարբեր օղակներ վերջին ամիսներին մշտապես հերքել են այս ծրագրի հավանականությունը: Հերքողներից մեկն էլ եղել է Քոչարյանի նախկին խորհրդական Գառնիկ Իսաղուլյանը, ով հաղորդել էր ամերիկացիներին, թե Քոչարյանը վարչապետության մտքից հրաժարվել է ԲՀԿ-ի՝ 2007թ. ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ից կրած պարտությունից հետո: Փենինգտոնի պնդմամբ Քոչարյանը կարող է կիրառել «Պուտինի մոդել» կոչվածը եւ վարչապետ դառնալով՝ իր իրական վերահսկողությունը հաստատել երկրում: Դիվանագետը հիշատակում է ՀՅԴ-ական Կիրո Մանոյանին, ով ամերիկացիների առաջ իր համոզվածությունն էր արտահայտել, թե Քոչարյանը վարչապետ է դառնալու: Դիվանագետը Քոչարյանի վարչապետական նկրտումները տեսել է այն հայտարարության մեջ, ըստ որի՝ նոր սահմանադրությունը թույլ է տալիս ուժերի հավասարակշռություն հաստատել նախագահի ու վարչապետի միջեւ, «ինչը ամրապնդում է այն մոտեցումը, որ Քոչարյանի ժամանակաշրջանը հեռու է ավարտվելուց»:
Փենինգտոնը եզրափակում է, որ Քոչարյանը մտադիր է Սարգսյանին դնել ավելի վատ վիճակի մեջ, քան վերջինս կարող էր հայտնվել: Դիվանագետի կարծիքով՝ նման իրավիճակ կարող է առաջանալ, եթե Սարգսյանը հաղթի առաջին փուլով, եւ փողոցները լցվեն դժգոհ ցուցարարներով: Փենինգտոնն այդ կարծիքին է հանգել՝ տեսնելով, թե ինչպես է ավելանում Տեր-Պետրոսյանի կողմնակիցների քանակը: Հեղինակի վստահությամբ, եթե Սարգսյանը հաղթի առաջին փուլով, իսկ անվտանգության ուժերը բռնությամբ ճնշեն ընդդիմության բողոքի գործողությունները, ապա Քոչարյանը լծակներ կունենա Սարգսյանի վրա: Դիվանագետը եզրակացնում է, որ Քոչարյանը զուսպ ու անձայն չի հեռանալու իշխանությունից: Հավելենք, որ թեպետ Քոչարյանն իշխանությունից հեռացավ Մարտի 1-ի նման արյունալի խարանով, այդուհանդերձ, որոշ ժամանակ դեռ պահպանում էր ազդեցությունը քաղաքական իրավիճակի վրա, մինչեւ որ Սարգսյանին հաջողվեց նրան լիովին չեզոքացնել: Ենթադրելի է, որ նրանց միջեւ Քոչարյանի վերադարձի շուրջ պայմանավորվածություն, այդուհանդերձ, եղել է, ինչը, սակայն, կարծես ի չիք է դառնալու Սարգսյանի՝ Սահմանադրական բարեփոխումների գործընթացի միջոցով «գենսեկ» դառնալու մանկական երազանքի իրագործմամբ: Ուստի անակնկալ չի լինի, եթե Քոչարյանն առաջիկայում իրական քայլերով աջակցի Սարգսյանի անկմանը:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 
ՄԱՐՑԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐ ՉՈՒՆԵՆ

ՀՀ Լոռու մարզի Մարց համայնքի բնակիչները կանգնել են խմելու ջուր չունենալու փաստի առաջ: Բանն այն է, որ այս գյուղի խմելու ջրի ներքին ցանցը՝ ջրագիծը, կարիք ունի ամբողջությամբ փոխվելու: Սակայն համայնքապետարանի բյուջեն գումար չունի, որպեսզի փոխի այն: Այս առիթով բնակիչները հայտնվել են անելանելի դրության մեջ, քանի որ ստիպված են լինում երկար ճանապարհ կտրել, որպեսզի խմելու ջուր բերեն:

Մարցի գյուղապետ Ռոբերտ Գալստյանը, անդրադառնալով ստեղծված պատկերին, «Ժողովուրդ»-ին ասաց, որ ժամանակին այս գյուղը երբեւէ խմելու ջրի խնդիր չի ունեցել: «Բայց հիմա նման խնդիր ունենք, որովհետեւ խմելու ջրի խողովակները՝ ջրագիծը, շարքից դուրս են եկել, հատկապես՝ այս տարի: Ամեն տարի մասնակի վերանորոգում ենք, բայց արդեն հնարավոր չէ: Չի ստացվում: Ջրագիծն ամբողջությամբ կարիք ունի փոխվելու»,- ներկայացրեց գյուղապետը: Իսկ թե ինչպես են ձմեռնամուտին փոխելու այդքան խողովակ, դժվար է պատկերացնել:
Այնուամենայնիվ, գյուղապետը նշեց, որ այս խնդրով դիմել է Լոռու մարզպետարան, որտեղից խոստացել են հրատապ ծրագրով այն լուծել: Իսկ թե ե՞րբ, չեն մանրամասնել: Տեղեկացնենք, որ Մարցի ջրագծի խողովակները փտած են ու ծակ, եւ այս անբարենպաստ եղանակի՝ անձրեւների պատճառով դրանց վիճակն ավելի է վատանում: Հետեւաբար փտած ու ծակ խողովակներով հոսող ջուրը պղտորվում է եւ օգտագործելու համար դառնում ոչ պիտանի: Մարցի բնակիչները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վրդովված պատմեցին, որ ջուրը մինչեւ հասնում է իրենց բնակարան, արդեն ժանգի գույն է ստացած լինում: Մարցի բնակիչները խմելու ջրի համար ստիպված են լինում երկար ճանապարհ կտրել, ջուր բերել:
Ի դեպ, գյուղապետի հաշվարկներով ջրագիծը փոխելու համար 22 մլն դրամ գումար է պետք, սակայն համայնքապետարանը չունի այն:
Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանի հետ, ով ասաց, թե. «Այս խնդիրն առկա է ոչ միայն Մարցում, այլեւ՝ մի շարք համայնքներում: Մարցի գյուղապետն այն բարձրացրել է մեզ մոտ: Կոնկրետ Մարցի խնդիրն արդեն մարզպետարանում ընդգրկված է որպես հիմնախնդիր, եւ առաջիկա որեւէ ծրագրում կնախատեսենք, որ այն լուծվի»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 
«ՓԱՅՏԻ ԳՈՐԾԸ» ԴԺՎԱՐ Է

Հոկտեմբերի առաջին տասնօրյակն է, սակայն Տավուշի մարզի բնակիչների զգալի մասը դեռ ձմռան վառելափայտի խնդիրը չի լուծել: Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեվան, Ոսկեպար գյուղերի բնակիչները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասացին, որ պետության կողմից որպես թափուկ հատկացված փայտը անտառի խորքերում է գտնվում, եւ այն պատրաստելու, տեղափոխելու համար մեծ ծախսեր են հարկավոր: Շատ ընտանիքներ հազիվ են գոյատեւում եւ չեն կարող նման ծախսեր անել: Այդ գյուղերում մեկ խորանարդ մետր վառելափայտի շուկայական գինը 12 հազար դրամ է:

Նոյեմբերյանի անտառտնտեսության տնօրեն Վասիլ Չիլինգարյանից տեղեկացանք, որ Նոյեմբերյանի տարածաշրջանի բոլոր բնակավայրերի (բացի Վրաստանին սահմանակից 4 գյուղերից) ընտանիքներին անվճար հատկացվել է 8 խորանարդ մետր թափուկ` ինքնապատրաստմամբ: Մեր դիտարկմանը, թե այդ թափուկը անտառի խորքերում է գտնվում, եւ դրա պատրաստումը մեծ ծախս է պահանջում, անտառտնտեսության տնօրենն արձագանքեց. «Քանի որ թափուկն անվճար է տրվում, գյուղացիները կարող են այն տեղափոխող տրանսպորտի համար որոշակի ծախս կատարել»: Վ. Չիլինգարյանը հայտնեց, որ սահմանամերձ, անտառակից Ոսկեվան, Կոթի, Բարեկամավան եւ Դովեղ գյուղերի բնակիչներին թույլատրվել է պետականորեն հաստատված գնի կեսի չափով՝ խորանարդ մետրը 4860 դրամով, թաց կանգուն վառելափայտ պատրաստել: Վերոհիշյալ 4 գյուղերի բնակիչներին նման կերպ կհատկացվի ընդհանուր առմամբ 800 խորանարդ մետր վառելափայտ: Վ. Չիլինգարյանը, սակայն, նշեց, որ խանգարող հանգամանք են շարունակվող անձրեւները, որոնց արդյունքում անտառային ճանապարհները դարձել են ցեխոտ եւ անանցանելի: Նա հույս հայտնեց, որ դեռ 2-3 ամիս արեւային եղանակ կլինի, եւ մարդիկ կկարողանան վառելափայտ պատրաստել:
Նշենք, որ անցյալ տարի Նոյեմբերյանի տարածաշրջանի գյուղապետերը բնապահպանության նախարարին խնդրել էին անվճար թափուկի հատկացումն ամռանն անել, որպեսզի կարողանան արեւոտ եղանակին վառելափայտ պատրաստել եւ տեղափոխել: Գյուղապետերի այդ խնդրանքը, սակայն, չի բավարարվել:
Վառելափայտի խնդիրը դեռ չի լուծվել նաեւ Դիլիջանին հարակից գյուղերում: Ձմռան վառելափայտի խնդրի պատճառով, ի նշան բողոքի, սեպտեմբերի 18-ին Դիլիջանի հարակից գյուղերի մոտ 1000 բնակիչներ մեկուկես ժամ փակել էին միջպետական ճանապարհը, ինչի կապակցությամբ ոստիկանության Դիլիջանի բաժինը խուլիգանության հոդվածով քրգործ է հարուցել: Ճանապարհը փակած գյուղացիները դատարանի որոշմամբ կարող են տուգանվել 50 հազար դրամով: Թեղուտի գյուղապետ Արարատ Թամրազյանն ասաց, որ իրենց գյուղի գրեթե ողջ բնակչությունը ձմռանը տունը տաքացնում է փայտով, բնական գազով շատ քչերն են ջեռուցում: Գյուղապետի խոսքով` «Դիլիջան ազգային պարկի» տնօրեն Սահակ Մուրադյանը պատրաստակամ է օգնելու բնակիչների վառելափայտի խնդրի լուծմանը, սակայն անձրեւային եղանակը խանգարում է: Ազգային պարկի աշխատողները անտառի խորքերում նոր ճանապարհներ պետք է բացեն, որպեսզի հատումների համար տարածք լինի: Աշունը կիսվել է, սակայն տավուշցիների վառելափայտի հարցը լուծված չէ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 




Լրահոս