ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆ՝ ՀԱՋՈՐԴ ԴԱՍԻՆ
Երեկ վերջապես կայացավ ԱԺ ոչ իշխանական եռյակի խոստացած հուժկու հանրահավաքը: Այն իրոք մարդաշատ էր. հիշեցնում էր 2008-ի նախագահական ընտրություններին հաջորդած համաժողովրդական շարժումը: Սակայն թեժ աշնան մեկնարկն անորոշ ժամանակով հետաձգվեց, քանի որ հայտարարվեց, որ հաջորդ հանրահավաքի մասին կիրազեկվի լրացուցիչ: Նկատենք, որ Հայաստանի պատմության մեջ փաստացի ընտրված երեք նախագահները` Ստեփան Դեմիրճյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը, հավաքվել էին գործարար Գագիկ Ծառուկյանի շուրջ եւ ելույթ էին ունենում նրա կողմից «լցված» Ազատության հրապարակում: Իսկ Ծառուկյանն ինքն ասելիք չուներ: Ինչպես միշտ՝ կարեւորը թողեց «հաջորդ դասին»: Անհասկանալի էր նաեւ Ր. Հովհաննիսյանի ելույթը, որը նույնիսկ ավարտ չունեցավ: Դե, Ստեփան Դեմիրճյանն էլ կրկին խոսեց սահմանադրությունից: Ասելիքը, թերեւս, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքում էր: «Ավելի հարմար պահ, երբ վարչախումբը բոլորովին մեկուսացած է ու բարոյալքված, իսկ ընդդիմությունը` առավելագույնս համախմբված ու վճռական, եւ երբ ժողովրդի համբերության բաժակը լցվել է մինչեւ պռունկ, իսկ միջազգային հանրությունն էլ երես է թեքել Հայաստանի իշխանություններից, դժվար է պատկերացնել: Ուստի եթե այս պահը բաց թողնվի, եւ մոտ ժամանակներս իշխանափոխություն տեղի չունենա, ապա, առանց չափազանցության, թե՛ Հայաստանը, թե՛ Ղարաբաղը դատապարտված են կործանման»,- ասաց Տեր-Պետրոսյանը` ելույթն ավարտելով ահա այսպիսի խոսքերով. «Մեր ծրագրերն ու նպատակները հստակ են, ուստի երկխոսության եւ փոխզիջումային լուծումների առաջարկները պետք է բխեն իշխանություններից: Եթե այդ առաջարկները ողջամիտ լինեն, ապա հնարավոր է, որ դրանց ընդառաջենք, իսկ եթե՝ ոչ, ապա գործող նախագահի օրինակով՝ դրանք կուղարկենք գրողի ծոցը»: Ասել է թե` եռյակը գործարք է առաջարկում ամեն ինչ օդի մեջ կախած Սերժ Սարգսյանին: Դրա համար է՝ «հիմա-հիմա» վանկարկող ժողովրդին էլի տուն ուղարկեցին:
Երեկ Մինսկում Սերժ Սարգսյանը ստորագրեց Եվրասիական տնտեսական միության միանալու մասին պայմանագիրը, որն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ից: Այսինքն` Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի ընդհանուր ճանապարհով գնալու մտադրությունն այլեւս կայացած փաստ է, որին պետք է հետեւեն հստակեցումներ: Իշխանական բուրգի ամենավերին օղակներից պետք է բացատրեն շարքային քաղաքացուն, թե ինչ է սպասվում մեզ ԵՏՄ-ին միանալուց հետո: Իսկ ԵՏՄ-ի դեմ հանդես եկողներն էլ պետք է փաստացի բացատրություններով ներկայացնեն այդ քայլի բացասական կողմերը: Ասել է թե` բոլոր ուղղություններով Հայաստանի շահերից բխող հստակություն պետք է տրվի ստեղծված իրավիճակին, որպեսզի ՀՀ քաղաքացին հասկանա` երկրի տնտեսական անկախությունը կորցնելով՝ ի՞նչ շահեց մեր երկիրը:
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործեր է հարուցել ՀՀ Վերահսկիչ պալատի 2013 թվականի ներկայացված հաշվետվության հիման վրա: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի՝ խորհրդարանի հանձնաժողովներին հաշվետվության ներկայացնելուց հետո ՀՀ գլխավոր դատախազությունը որոշել է բոլոր դրվագներն առանձին քննության առարկա դարձնել: Մենք արդեն մեկ շաբաթ է՝ փորձում ենք սույն տեղեկությունը ճշտել ՀՀ գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, որտեղից նախ պահանջեցին գրավոր ներկայացնել հարցերը, սակայն մինչեւ օրս հարկ չեն համարում պատասխանել: Հիշեցնենք, որ ՎՊ-ի բացահայտումները վերաբերում են նախկին կառավարության գործունեությանը, երբ ՀՀ վարչապետը ԱՄՆ-ում ՀՀ ներկայիս դեսպան Տիգրան Սարգսյանն էր: Կարծես թե Տ. Սարգսյանի թիմակցների գլխին «սեւ ամպեր» են կուտակվում:
Որքան էլ իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն ինքնավստահ հայտարարում են, թե անպարտ են, իրենց իշխանությունն էլ ամենակայունն է, այնուամենայնիվ, իրադարձությունները կարծես թե այլ բանի մասին են վկայում: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ երեկվա հանրահավաքի ժամանակ մի խումբ ոչ շարքային ՀՀԿ-ականներ հավաքվել ու միասին էին հետեւում իրադարձությունների զարգացմանը` մտահոգվելով, որ «ահագին մարդ է հավաքվել»: Այդ փաստն այնքան էր զայրացրել ՀՀԿ-ականներին, որ ասում էին, թե ժողովուրդը ոչինչ չի հասկանում, ուղղակի բերել են մարդկանց: Հետո սկսեցին հրճվել հարցադրումներով, թե որտե՞ղ է Ազատամարտի եղբայրության ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանը, ինչո՞վ է զբաղված Երդվյալ ազատամարտիկների Ռուբեն Գեւորգյանը` Ծաղիկ Ռուբոն: Նկատենք, որ չնայած ՀՀԿ-ականների հեգնանքին, երեկ հանրահավաքին մասնակցում էին այնպիսի քրեական ու քաղաքական հեղինակություններ, որոնց Սերժ Սարգսյանը նեղացրել է եւ մեկուսացրել:
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ
Երեկվա հանրահավաքի թերեւս ամենաանսպասելի հայտարարությունը «հրաշալի քառյակ»-ի պահպանվելու մասին Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունն էր: Իր ելույթի հենց սկզբում ՀԱԿԿ առաջնորդը հայտնեց, որ այսուհետ «նույնքան հրաշալի քառյակը» համալրելու է Հայաստանի ժողովրդական կուսակցությունը` Ստեփան Դեմիրճյանի գլխավորությամբ:
Այդպիսով` ազդարարվեց, որ այսուհետ Դաշնակցությունը քառյակի մաս չի կազմում: Նկատենք, որ չնայած հանրահավաքին չմասնակցելու ՀՅԴ որոշմանը, մինչ օրս պաշտոնական հայտարարություն չէր եղել այն մասին, որ ԱԺ ոչ իշխանական քառյակի ձեւաչափն այլեւս գոյություն չունի: Երեկվա հայտարարությամբ ՀՅԴ-ի «քառյակազերծումը», փաստորեն, Տեր-Պետրոսյանի բառապաշարով ասած` դարձավ անշրջելի գործընթաց:
Բայց այստեղ կարեւորն այն է, թե որն էր ՀՅԴ-ի «սուրբ տեղը դատարկ չթողնելու» Տեր-Պետրոսյանի որոշման հիմնապատճառը (իսկ որ դա հենց նրա որոշումն է, կասկածից դուրս է): Դժվար է հավատալ, որ դա արվեց ամիսներ առաջ իր կողմից շրջանառության մեջ դրված «հրաշալի քառյակ» ձեւակերպումը շրջանառությունից չհանելու համար: Առավել հավանական է այն, որ ՀԱԿԿ առաջնորդը նախորդ ընտրություններում հավատարմության եւ երկրորդ պլանում մնալու պատրաստակամության առումով փորձված Ստեփան Դեմիրճյանին ներդրեց նորացված քառյակում` փորձելով ապահովագրվել երկյակի վերածվելու հնարավոր անցանկալի հեռանկարից, եթե ինչ-որ մի պահի իր իմպուլսիվ եւ փոփոխական քաղաքական վարքագծով հայտնի «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը որոշի վերստին հետաքրքրվել տիկին Ռիտայի առողջությամբ: Առավել եւս, որ նա վերադարձել է իր «նախածոմային» տեսքին (իսկ մենք գիտենք, որ նրա քաղաքական հայացքներում փոփոխությունը կապվում է իմիջային փոփոխության հետ):
Ամենեւին պետք չէ բացառել նաեւ ԲՀԿ-ի մասով «քաղաքագիտական վերլուծության» սողանցքների ի հայտ գալը, եթե Գագիկ Ծառուկյանը, «ասենք թե»` «նախագահ ջանի» հետ հերթական հանդիպումից հետո որոշի հիշեցնել, որ ինքը դեռ անցած մայիսին էր հայտարարել, թե ԲՀԿ-ն ընդդիմություն չի դառնալու: Իսկ նախօրեի` առաջադրվելու մասին հայտարարությունն էլ արվել էր այն դեպքի համար, եթե «ասենք թե»` իր կողմից նշված չորս թեկնածուներից հատկապես մեկը որոշեր հեռանալ: Եվ, բնականաբար, այդ մեկի դերում նա նկատի էր ունեցել հենց Սերժ Սարգսյանին:
Այդ դեպքում, ահա, ՀԱԿ-ը ընդդիմադիր դաշտում կմնար ընդամենը մեկ դաշնակից ուժի հետ, ինչի պարագայում, համաձայնեք, դժվար կլիներ խոսել «համաժողովրդական շարժման» մասին:
Ուստի պետք էր ԱԺ սեփական` ՀԱԿ խմբակցության պատգամավորին երկրորդ անգամ ներդնել ոչ իշխանական քառյակում` արդեն նոր` կուսակցապետի մակարդակով: Ինչը, սակայն, բավականին պարզունակ հնարք էր, առավել եւս, հաշվի առնելով այն, որ մինչ այդ եռյակին միանալու մասին հայտարարել էր նաեւ ՀԱԿ խմբակցության մեկ այլ կուսակցապետ անդամ` ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: