ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՏՈՐԱԳՐԵՑ ԵՏՄ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Երեկ Մինսկում՝ Եվրասիական տնտեսական գերագույն խորհրդի նիստում, պետությունների ղեկավարների մակարդակով ստորագրվել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ մինչեւ տարեվերջ բոլոր երկրների խորհրդարանները հավանություն կտան պայմանագրին:

Հիշեցնենք, որ ԵՏՄ-ի ստեղծման մասին պայմանագիրը մայիսին ստորագրել էին Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի նախագահները, եւ այն պետք է ուժի մեջ մտնի 2015թ. հունվարից: Այսպիսով` Հայաստանը Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի հետ դառնում է Միության լիիրավ անդամ: Սպասվում է, որ առաջիկայում ԵՏՄ-ին կմիանա նաեւ Ղրղզստանը:
Երեկվա նիստում Ռուսաստանի նախագահը նշել է, որ կարեւոր է չդանդաղեցնել աշխատանքների տեմպը. մինչեւ տարվա վերջ անհրաժեշտ է Եվրասիական տնտեսական միության գործունեության կազմակերպչական եւ ֆինանսական հարցերի վերաբերյալ մոտ 50 փաստաթուղթ հաստատել:
Իսկ Սերժ Սարգսյանն իր ելույթում հայտարարել է, որ Հայաստանը շատ լավ գիտակցում է իր ստանձնած առանձնահատուկ պատասխանատվությունը՝ առաջինը միանալով Եվրասիական տնտեսական միության պայմանագրին. «Վերջին տասնամյակում արդեն բարի ավանդույթ է դարձել Բելառուսում մեր երկրների համար կարեւոր որոշումների կայացումը: Մինսկի ներկայիս գագաթնաժողովը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, բացառություն չդարձավ: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում նախագահ Լուկաշենկոյին՝ այսօրվա գագաթնաժողովների աշխատանքները հիանալի կազմակերպելու եւ հյուրընկալության համար:
Ես համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք արդյունավետորեն իրագործել Հայաստանի միանալու գործընթացը՝ նվազագույնի հասցնելով ռիսկերը մեր երկրի համար եւ առավելագույնի հասցնելով ընդհանուր շահը: Բանակցությունների փուլը հեշտ չէր, բայց շնորհիվ քաղաքական կամքի, պրոֆեսիոնալ մոտեցման եւ լավագույն որոշումներ փնտրելու պատրաստակամության, մեզ հաջողվեց այն անցնել բավականին կարճ ժամանակահատվածում եւ հաշվի առնել բոլոր ներգրավված կողմերի շահերը: Ես շնորհակալ եմ այդ գործընթացի բոլոր մասնակիցներին, առաջին հերթին՝ պետությունների ղեկավարներին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդին, հանձնաժողովի կոլեգիային, բոլոր պաշտոնյաներին եւ փորձագետներին՝ այսքան կարճ ժամանակահատվածում կատարված այս ահռելի աշխատանքի համար»,-հայտարարել է Ս. Սարգսյանը:
Երեկ այս առիթով «Ժողովուրդ»-ը մի քանի հարցեր է ուղղել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանին:
-Պարո՛ն Թորոսյան, երեկ ի վերջո Հայաստանը ստորագրեց ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը: Սակայն մինչ օրս ՀՀ քաղաքացիների համար անհասկանալի է, թե ինչ ենք շահելու ԵՏՄ-ին անդամակցելով` հաշվի առնելով ընդհանուր սահմանների բացակայությունն ու հատկապես Ռուսաստանի տնտեսության ներկայիս վիճակը:
-ԵՏՄ-ին անդամակցելով, կարծում եմ, որ մենք տնտեսական առաջընթաց ունենալու ենք, որովհետեւ մեկ ընդհանուր մաքսային գոտի մտնելով՝ ՀՀ-ում արտադրված ապրանքներն առանց մաքսի, կամ հստակ սահմանված որոշակի ցածր մաքսադրույքներով կարող ենք արտահանել ՄՄ տարածք: Ամբողջ խնդիրն այն է, որ մեր ապրանքներն իրացնելու այլընտրանքային շուկա… տեսանելի ժամկետում մենք չունենք, որովհետեւ այդ այլընտրանքային շուկան կարող էր լինել Եվրամիությունը, որի չափորոշիչները բավականին խիստ են, ու շատ դժվար էր լինելու մրցունակություն ապահովելը: Հետեւաբար ԵՏՄ-ին անդամակցությունը մեծ հնարավորություն է տալու առաջին հերթին զարկ տալու այս ամենին, որի սպառումը տեղ է գտնելու վերոնշյալ շուկայում:
-Բայց շատերը պնդում են, որ ԵՏՄ-ին անդամակցելով՝ կորցնում ենք մեր տնտեսական անկախությունը: Արդյո՞ք դիմացն ավելի շատ ենք շահում:
-Դա սխալ տեսակետ է, որովհետեւ աշխարհում գոյություն ունեցող ցանկացած՝ թե՛ մեծամասշտաբ, թե՛ փոքրամասշտաբ տնտեսական միավորումները, բնականաբար, ընդհանուր պայմաններ են թելադրում: Հետեւաբար, այս կամ այն չափով համաձայնելով այդ պայմանների հետ, որոնք առավելություն են ապահովելու անդամ երկրին, այո՛, դու քո ինքնուրույնությունը կորցնում ես, բայց դա վերաբերում է ամբողջ աշխարհին: Դա միայն Հայաստանում չէ: Կրկնում եմ՝ դա սխալ տեսակետ է ու արդիական չէ:
-Փաստորեն Արցախի եւ ՀՀ-ի միջեւ մաքսակետ է լինելու, մի՞թե այսքան տարիների ընթացքում մենք պայքարել էինք նրա համար, որ Հայաստանի ու Արցախի միջեւ մաքսակետ դրվեր:
-Ո՛չ, մենք պայքարում էինք Արցախի անկախության ճանաչման համար եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման համար, որին անկասկած հասնելու ենք: Իսկ ինչ վերաբերում է մաքսակետին, ապա եկեք ընդունենք, որ այդ մաքսակետն այսօր էլ կա: Եթե դուք գնում եք Արցախ, այնտեղ կա ե՛ւ սահմանային ծառայության կետ, ե՛ւ մաքսակետ: Ֆորմալ առումով՝ այդ մաքսակետը գործում է, ֆորմալ առումով՝ ԼՂՀ-ն Հայաստանի մաս չէ, իսկ ինչ-որ կառույցի անդամակցելով՝ Հայաստանն անդամակցում է առանց Արցախի:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

«ՈՐԵՎԷ ՆՈՐ ԲԱՆ ՉԱՍՎԵՑ»

Տեւական ժամանակ ոչ իշխանական եռյակը՝ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ «Ժառանգություն»-ը տարբեր հարթակներից ժողովրդին կոչ էին անում մասնակցել հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում կայանալիք համաժողովրդական հավաքին: Ոչ իշխանական ուժերը խոստանում էին ամեն ինչ անել իշխանափոխության համար: Այդ կոչերը Եռյակի առաջնորդներից երկուսի կողմից հնչեցին նաեւ երեկ: Վերջին տարիների համար աննախադեպ բազմամարդ հանրահավաքից հետո՝ արդեն ժամը 20:00-ին, Ազատության հրապարակը դատարկ էր:

Ոչ իշխանականների ելույթների, հանրահավաքից ընդհանուր տպավորությունների մասին «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Կարինե Աճեմյանի եւ Սուքիաս Ավետիսյանի հետ:
-Տիկի՛ն Աճեմյան, հետեւե՞լ եք երեկվա հանրահավաքի ընթացքին, ինչպիսի՞ տպավորություն ունեք: Արդյո՞ք հնչած ելույթներն ու հանրահավաքի բազմամարդությունը ՀՀԿ-ին անհանգստանալու տեղիք չտվեցին:
-Հետեւել եմ հանրահավաքի ընթացքին: Պիտի ասեմ, որ նոր բան չտեսա ոչ իշխանականների հանրահավաքին: Ամեն ինչ նույնն էր, եւ ոչ մի փոփոխություն: Իսկ մարդկանց հոծ բազմության մասին էլ կարող եմ ասել, որ այդ ուժերն իրենց ընտրազանգվածն ունեն, եւ տրամաբանական է, որ Ազատության հրապարակն այդքան բազմամարդ էր:
-Գագիկ Ծառուկյանի ելույթի մասին ի՞նչ կարող եք ասել: Նա նշեց, որ հպարտ է հանրահավաքի մասնակիցների կողքին գտնվելու համար, բայց իր բուն ասելիքը տեղափոխեց հաջորդ հանրահավաք: Ինչո՞ւ:
-Չեմ կարող ասել, թե ինչու: Այդ մասին հավանաբար ավելի հստակ ինքը կարող է ասել:

Իսկ ահա ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ հանրահավաքի ընթացքին չի հետեւել:
-Պարո՛ն Ավետիսյան, ոչ իշխանականների այդքան սպասված հանրահավաքը կայացավ: Ի՞նչ կարող եք ասել: Արդյո՞ք Ձեզ համար անակնկալ չէր հանրահավաքի բազմամարդությունը:
-Չեմ հետեւել ընթացքին: Որեւէ մեկնաբանություն չեմ կարող անել: Հենց հետեւեմ ելույթներին, այդ ժամանակ էլ կարող եմ որեւէ բան ասել:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

 

 
ԼՈՒՐԵՐ

ՆԱԽԿԻՆ ՆԵՐԿԱՆԵՐՈՎ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին ԱՄՆ-ում՝ հենց օդանավակայանում, դիմավորել է նախկին վարչապետ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Տիգրան Սարգսյանը Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը նաեւ ԱՄՆ դեսպանատուն է հրավիրել՝ տանտիրոջ իրավունքով: Նրանք արտաքուստ շատ ջերմ են եղել միմյանց հետ:
Հիշեցնենք, որ Աբրահամյանի այդ այցը ԱՄՆ Սերժ Սարգսյանի հրահանգով կազմակերպել է հենց Տիգրան Սարգսյանը, քանի որ շատ երկրներ ՀՀ վարչապետին մեկուսացրել էին. ո՛չ հյուր էին գալիս, ո՛չ էլ՝ ընդունում:

 

ԾՆՆԴԱՏՈՒՆԸ ՏՈՒԳԱՆՎԵԼ Է
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական ծառայությունը սեպտեմբերին ստուգումներ է իրականացրել «Գյումրու ծննդատուն» ՓԲԸ-ում եւ խախտումներ է հայտնաբերել: Ինչի արդյունքում նշանակվել է վարչական տուգանք՝ 100 հազար դրամի չափով: Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց «Գյումրու ծննդատուն» ՓԲԸ-ի տնօրեն Վարդան Սարգսյանի հետ եւ հետաքրքրվեց, թե կոնկրետ ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել: «Այդ խախտումները եղել են նախկին տնօրենների պաշտոնավարման տարիներին. բժշկական երկու ապարատ համապատասխան սերտիֆիկացիա չեն ունեցել, չափագիտության կենտրոնում ստուգված չեն եղել եւ փորձաքննություն չեն անցել: Իսկ ես նոր եմ տնօրեն նշանակվել եւ նախորդ տնօրենների կատարած սխալների համար մեղավոր չեմ»,-շտապեց տեղեկացնել տնօրենը: Ի դեպ, առաջիկայում հնարավոր է վիճարկի 100 հազար դրամի վարչական տուգանքը:

 

ԿԱՐՏԱՀԱՆՎԻ
«Ժողովուրդ»-ը ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից տեղեկացավ, որ Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն միս-մսամթերք արտահանելու գործընթացն ուժի մեջ է: Իսկ վերջնական պատասխանը Ծառայությունից խոստացան առաջիկայում տալ: Ի դեպ, ՍԱՊԾ մամլո խոսնակ Արմինե Սուքիասյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ մամուլում տեղ գտած այն լուրերը, թե միս-մսամթերքի արտահանման կապակցությամբ ՌԴ-ից Հայաստան տեսչական խումբ էր այցելել, իրականությանը չի համապատասխանում: Այդ այցելությունը խեցգետնի, ձկան եվ ձկնամթերքի արտահանման նպատակով է եղել:
Հիշեցնենք, որ 2007 թվականից մինչ օրս Ռուսաստանի Դաշնություն հայկական մսամթերք չի արտահանվում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս խնդրով մի շարք գործարարներ վերջերս դիմել են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին` խնդրելով միջոցներ ձեռնարկել մսամթերքի՝ գոնե փոքր քանակությամբ արտահանումը խրախուսելու եւ համապատասխան պայմաններ ստեղծելու ուղղությամբ:

 

 




Լրահոս