Հասարակությունը դեպրեսիա է ապրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր հայ հասարակությունը հավատ չունի, այս կարծիքն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան, ՀՀ մանկավարժ Գոգա Հարությունյանը:
“Հասարակությունը հավատ չունի ոչ մի բանի նկատմամբ, անհանդուրժող է, չկա հավատը: Մարդկանց հարցնում եմ՝ ի՞նչ է լինելու, ասում են՝ կլինի այն, ինչ եղել է մինչև այսօր: Մարդիկ հանրահավաքի են գնում հոգու ճիչով, որովհետև նրանք չեն տեսնում, թե ի՞նչ է լինելու իրենց ապագան ու երեխաների վիճակը”,- ասաց պարոն Հարությունյանը: Նրա կարծիքով ՝ կա մի զանգված, որը ուրախ է ընտրությունների ելքից, բայց մեծ մասը, ոչինչ չի տեսնում: Իսկ դա կապված է այն հանգամանքի հետ, որ սոցիալական անկումը մեծ է և ոչ մի երաշխիք չկա, որ որոշ ժամանակ հետո կլինի լավ:
“Մարդը, որը չի տեսնում ապագան, հոգեկան ծանր վիճակում կարող է հայտնվել: Հասարակությունը դեպրեսիա է ապրում: Նախընտրական շրջանում ընտանիքներում ևս վեճեր են լինում՝ կուսակցության պատկանելիության պատճառով: Մեկը իր ապագան դրա մեջ է տեսում, մյուսին դա դուր չի գալիս”,- ասաց մանկավարժ-հոգեբանը: Ըստ նրա, ընտրությունների ընթացքում ոչ մի արտառոց բան չի եղել: Իսկ եթե մի բան եղել է, ապա միայն ասեկոսեների տեսքով:
“Եղել է այն, ինչ լինում է ամեն անգամ: Հետընտրական շրջանում եղել են հանրահավաքներ, ուր մարդիկ գնացել են լսելու, թե ինչե՞ր են կատարվել ընտրություններին”,- ասաց Գոգա Հարությունյանը:
Հարցին, թե ո՞րն է այս և նախորդ ընտրությունների տարբերությունը, հոգեբանն ասաց՝ պարտադրանքը, սակայն չմանրամասնեց իր խոսքը:




Լրահոս