ԱՂԱՎՆԱՁՈՐՈՒՄ ՀԱՅՐ ՈՒ ՈՐԴՈՒ ԿԱՑՆՈՎ ՀԱՐՎԱԾԵԼ ԵՆ
Հոկտեմբերի 8-ին Վայոց ձորի Աղավնաձոր համայնքի անտառում երկու համագյուղացիներ՝ հայր ու որդի Գուգո եւ Կամո Մանուկյանները, փայտի հարցի շուրջ վիճաբանել են նույն գյուղի բնակիչներ հայր ու որդի Կարեն եւ Արմեն Սարիբեկյանների հետ: Բանը հասել է կացնով միմյանց հարվածելուն:
Դեպքի մանրամասները պարզելու նպատակով «Ժողովուրդ»-ը զրուցեց կացնով ծեծի ենթարկված Արմեն Սարիբեկյանի կնոջ՝ Գայանե Սարիբեկյանի հետ: Նրա պատմելով՝ գրեթե ամեն տարի իր ամուսինն ու որդին՝ Արմենն ու Կարենը, գնում են համայնքի անտառ ու ձմեռվա համար փայտ հավաքում. «Մենք անտառապահից օրենքով թույլտվություն ունենք եւ գրեթե ամեն տարի որեւէ խնդիր չենք ունեցել: Հավաքածն էլ չոր փայտ է: Երբ մերոնք հասնում են անտառ, նրանց ճանապարհը կտրում է մեր գյուղի Կամոն՝ իր երկու որդիների հետ, եւ ասում, թե՝ դու ստեղից փետ չես տանի, եւ սրանից էլ ամեն ինչ սկսվել է»:
Ըստ մեր զրուցակցի, Կամոն աչք է ունեցել այդ տարածքի չոր փայտի վրա եւ. «Սկսել են կռվել ու կացնի հակառակ՝ բութ մասով, Կամոն ծեծել է ամուսնուս եւ որդուս: Անտառապահն այդ ժամանակ այդտեղ չի եղել: Ամուսինս ծեծի ժամանակ փորձել է զանգել ծանոթ մարդկանց, որ օգնության հասնեն, բայց բոլոր մեր ծանոթները շատ հեռու են եղել ու մինչեւ կհասնեին դեպքի վայր, ամուսինս փրկության համար շտապ զանգել է ՀՀ ոստիկանություն»:
Գայանեի խոսքով՝ ամուսինը՝ Արմենը, խուսափելով հնարավոր արյունահեղությունից, վերցրել է իր որդուն եւ փախել անտառ, թաքնվել: «Ամուսնուս ձեռքից ձին վերցրել են ու ձիերի վրա նստած՝ Կամոն ու իր որդին հսկել են ողջ անտառը, որ հանկարծ մերոնք չիջնեն գյուղ: Երբ ոստիկանությունը եկավ, նոր մերոնք կարողացան իջնել անտառից: Դա էլ դեռ քիչ է, մեր ձին էին տարել ու չէին տալիս: Անտառապահը գնացել, ասել է, թե վերադարձրեք այդ մարդու ձին: Նոր բերել, կապել են գյուղի մեջ, որից հետո կարողացել ենք գնալ, վերցնել»:
Ըստ տիկնոջ, Կամոյի ընտանիքը ձիու հետ մի բան է արել, քանի որ դեպքից անցել է երկու օր, ձին չի կարողանում ոտքի կանգնել. «Ընկած թպրտում է, զոռբի դար է, բայց ինչ էլ լինի, ձին միլիոնանոց ապրանք է, մենք էլ գյուղի հացով ապրող մարդիկ ենք, իրավունք չունեին նման բան անելու, ինչ էլ լինի, ով էլ լինի Կամոյի եւ նրա ընտանիքի մեջքը, միեւնույն է՝ մինչեւ վերջ պայքարելու ենք: Աստված չանի՝ ձին սատկի, ձիու համար էլ եմ բողոքելու»: Բայց այս պատմության մեջ թերեւս ամենահետաքրքիրն այն է, որ իրեն «անտառապետ» կարծող Կամոն, ըստ մեր զրուցակցի, սպառնացել է իր ամուսնուն՝ Արմենին. «Եթե ոստիկանություն դիմես, տունդ պաժառ կտամ, կպայթեցնեմ»:
Պարզեցինք, որ ծեծի հետեւանքով Գայանեի որդու՝ Կարենի քիթն է կոտրվել, իսկ ամուսնու ողջ դեմքին ու մարմնին կացնի հարվածի հետեւանքով առաջացած կապտուկներն են:
Փորձեցինք զրուցել նաեւ Կամո Մանուկյանի ընտանիքի անդամների հետ, սակայն չհաջողվեց:
Այսպիսով՝ ձմեռվա ապրուստը հոգալը դարձել է գյուղի երկու ընտանիքների թշնամանքի առարկա: Նրանք մի կտոր փայտի համար միմյանց սպառնում են տուն պայթեցնել, գյուղամեջ իջնելու դեպքում՝ հաշվեհարդար տեսնել եւ այլն:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Արմեն եւ Կարեն Սարիբեկյաններին ուղարկել են դատաբժշկական փորձաքննության: Իսկ հայր ու որդի Կամո եւ Գուգո Մանուկյանները փախուստի մեջ են: Նրանց ՀՀ ոստիկանության Վայոց ձորի վարչությունը շարունակում է փնտրել:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՆՑ ՊԵՏԻ
Արդեն մեկ ամիս է, ինչ Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության եւ հասարակայնության հետ կապերի ծառայությունը մնացել է առանց պետի, չկա անգամ ժամանակավոր պաշտոնակատար: Հիշեցնենք, որ նախկին պետ Արսեն Բաբայանը նշանակվեց ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ: Հիմա ստացվում է, որ դեպարտամենտում նրա կատարած աշխատանքն այնքան անիմաստ ու անպիտան էր, որ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն անգամ փոխարինող չի փնտրում:
ԹՈՇԱԿԱՌՈՒ ԿԱՆԱՅՔ ԾԵԾԵԼ ԵՆ ՄԻՄՅԱՆՑ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Լոռու մարզի Դսեղ գյուղում թոշակառու հարեւանուհիների վեճն այն աստիճան է թեժացել, որ վերջիններս լեզվակռվից հետո սկսել են բռունցքներով հարվածել միմյանց: Դսեղ գյուղի բնակիչների պատմելով՝ հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16:50-ին, Դսեղ գյուղի բնակչուհի 77-ամյա Սիրուշ Ավագյանն ու իր հարեւանուհի 75-ամյա Անիչկա Սարգսյանը բակում վիճել են: Հարեւանները փորձել են հանգստացնել, սակայն երկու թոշակառու կանայք այնքան զայրացած են եղել միմյանց վրա, որ Անիչկան սկսել է հարվածել Սիրուշին: Հարեւանությամբ բնակվող տղամարդիկ ստիպված են եղել միջամտել, որպեսզի կանայք իրար ծեծելով՝ չսպանեն: Թե ինչով է ավարտվել «մենամարտը», մեզ առայժմ չհաջողվեց պարզել:
ԿՈՐՉԻ ՇԱՈՒՐՄԱՆ
ՀՀ քաղաքների, այդ թվում նաեւ՝ մայրաքաղաք Երեւանի գրեթե տարբեր հատվածներում կարելի է հանդիպել բացօթյա, երբեմն նաեւ սանիտարահիգիենիկ հասարակ պայմաններից զուրկ սննդի օբյեկտների: Հավանաբար սա է պատճառը, որ աճել է շաուրմայից թունավորումների թիվը: Այս մասին փաստում են ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական տվյալները:
«Ժողովուրդ»-ը ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից հետաքրքրվեց՝ նման օբյեկտներում ստուգումներ իրականացվո՞ւմ են, որպեսզի մարդիկ հասկանան՝ ինչ են ուտում իրականում: Այս հարցին ի պատասխան ՍԱՊԾ-ից տեղեկացրեցին, որ օրեր առաջ ստուգվել են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հանրային սննդի կետերը, եւ արձանագրված խախտումների պատճառով դադարեցվել է սննդի՝ մեկ տասնյակից ավել օբյեկտների գործունեությունը:
Տեղեկացանք, որ այս պահին ուսումնասիրվում են Արաբկիր վարչական շրջանի սննդի կետերը: Արդյունքները կհրապարակվեն ուսումնասիրությունների ավարտից հետո:
ՎԵՐԱԴԱՐՁՐԻՆ ԴԻՆ
Միջազգային կարմիր խաչի կոմիտեի Երեւանի գրասենյակը երեկ հաստատել է, որ Ադրբեջանում գերության մեջ մահացած Կարեն Պետրոսյանի դին հանձնվել է հայկական կողմին: Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Չինարի գյուղի 31-ամյա բնակիչ Կարեն Պետրոսյանը գերեվարվել էր օգոստոսի 7-ին, Ադրբեջանի Աղբուլաղ գյուղում:
ԲԼԹ
«Ադրբեջանական կայքերի վերարտադրությունը եւ հրճվանքով տարածումը ո՛չ մեր լրագրողական, ո՛չ էլ պատգամավորական կորպուսի ներկայացուցիչների կողմից ընդունելի չեն համարվում»:
Հերմինե Նաղդալյան «Առավոտ»
ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն անցել է գրոհի: ԵԽԽՎ-ում մեր երկրին խայտառակ պարտության դատապարտելուց, Վրաստանում ԱԺ նախագահի հետ խինկալի ուտելուց հետո Նաղդալյանն իր սիրելի լրատվամիջոցներում սարքովի հարցազրույցներ է հրապարակել՝ համարելով իրեն ազգի հայրենասերը: Իսկ մենք կարծում էինք, որ պետք է ամաչեր իր ձախողումներից, ներողություն խնդրեր ու հրաժարականի դիմումով ասուլիս հրավիրեր, քանի որ մեր երկրի պատվիրակների վրա թղթեր են նետել, սուլել են, նսեմացրել: Բայց պարզվում է՝ Հայաստանում ամոթը դուրս է եկել իշխանական բուրգի բառապաշարից ու կենսակերպից առհասարակ:
«Րաֆֆին մեծ զոհողությունների է գնացել, հրաժարվել է Ամերիկայի իր քաղաքացիությունից, իր իրավունքներից… Իշխանությունները նրան ըստ արժանվույն չեն գնահատում»:
Ռիչարդ Հովհաննիսյան tert.am
«Ժառանգություն» կուսակցության ղեկավարի հայրը, բնականաբար, որպես հայր պետք է բարձր գնահատի իր որդուն: Սակայն մի բան անհասկանալի է մնում. երբվանի՞ց է հանուն Հայաստանում ապրելու` ԱՄՆ քաղաքացիությունից հրաժարվելը դարձել մեծ զոհողություն: Չէ՞ որ սա պետք է լինի օրինաչափություն հայրենասեր մարդու համար: Ստացվում է, որ ԱՄՆ քաղաքացիությունը ոմանց համար ամենամեծ արժեքն է, եւ դրանից հրաժարվելը որպես հերոսություն են ներկայացնում: Ինչո՞ւ պետք է իշխանությունը գնահատի Ր. Հովհաննիսյանին, երբ վերջինս գործում է իշխանություններին դեմ: Թե՞ գուցե այդպես չէ:
«Մենք ուղղակի կախվածություն չունենք, մենք գումար ստանալու հնարավորություն ունենք ոչ միայն ռուսական, այլեւ միջազգային ֆինանսական ինստիտուտներից»:
Ռուբեն Վարդանյան tert.am
Եթե փորձենք հավատալ «Ամերիաբանկի» խորհրդի անդամին, թե մենք ուղղակի կախվածություն չունենք միայն Ռուսաստանի ֆինանսական ինստիտուտներից, ապա այդ դեպքում մի հարց է առաջանում. ինչո՞ւ Հայաստանին չի հաջողվում հնարավորինս զերծ մնալ ռուբլու տատանումներից բխող բացասական ազդեցությունից: Փաստն այն է, որ ռուբլու անկումն արդեն Հայաստանում զգալի ազդեցություն է թողնում: Թերեւս պետք է արձանագրել, որ Վարդանյանի մոտ պատմամշակութային հուշարձանների պղծումն ավելի լավ է ստացվում. Զվարթնոցի տաճարի տարածքում կիսավարտիքներով «փարթի»-ից նա ավելի լավ է հասկանում:
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ