ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՈՒԺԿՈՒ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ

 

 

 

 

 

10 ՏԱՐԻ` ԿՆՈՋԸ ԽԵՂԴՈՂԻՆ

Տավուշի մարզի Իծաքար գյուղի բնակիչ, 1981թ. ծնված Մերուժան Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. մայիսի 12-ի առավոտյան խանդի շարժառիթով կնոջը կասկածելով ամուսնական դավաճանության մեջ՝ իրենց տան ննջասենյակի անկողնում խեղդամահ է արել նրան՝ 1983թ. ծնված Հերմինե Չիլինգարյանին:
Մ. Հարությունյանը 2014թ. մայիսի 6-ին սահմանապահ զորամասի պաշտպանական շրջանում նշանակված լինելով որպես դիտորդ՝ խախտել է ՀՀ անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահություն կրելու կանոնները, իրեն ամրակցված ինքնաձիգով լքել է մարտական դիրքը, ինչի պատճառով իրական սպառնալիք է ստեղծել հակառակորդի անակնկալ հարձակումը հայտնաբերելուն եւ դրան դիմակայելուն:
Նախկինում չդատված Մ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով («Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը») եւ 365 հոդվածի 1-ին մասով («Հայաստանի Հանրապետության վրա անակնկալ հարձակումը ժամանակին հայտնաբերելու եւ դրան դիմակայելու կամ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, եթե այդ արարքը վնաս է պատճառել»): Սույն քրեական գործով դատաքննությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում մեկնարկել էր սեպտեմբերի 26-ին:
Հոկտեմբերի 9-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը Մերուժան Հարությունյանին մեղավոր է ճանաչել եւ դատապարտել 10 տարի ազատազրկման:
Դատավարության ժամանակ Մերուժանը զղջացել է իր արարքի համար: Նա հայտնել է, որ ինքը նախկինում կնոջն ասել է՝ եթե նա իրեն չի սիրում, ճիշտ կլինի, որ իրենք ամուսնալուծվեն: Կատարվածի արդյունքում առանց ծնողական խնամքի են մնացել նրանց երեք երեխաները, որոնք այժմ գտնվում են Մերուժանի ծնողների մոտ: Նշենք, որ սա այս տարի Բերդի տարածաշրջանում պայմանագրային զինծառայողի կողմից խանդի հողի վրա կնոջը խեղդամահ անելու 2-րդ դեպքն է: Մյուս դեպքը գրանցվել էր Տավուշ գյուղում, որտեղ 1986թ. ծնված Հովսեփ Իսրայելյանը 2014թ. հունվարի 13-ի առավոտյան դարձյալ իր տան ննջասենյակում խեղդամահ էր արել կնոջը՝ Հասմիկ Զաքինյանին: Հուլիսի 3-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը Հ. Իսրայելյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով եւ դատապարտել 9 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 




Լրահոս