Մեկնարկում է Հայ կոմպոզիտորական արվեստի 5-րդ փառատոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 13-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ արդեն 5-րդ անգամ մեկնարկում է Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը։ Այս տարի այն նվիրվում է անվանի հայ կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի 85-ամյակին և կրում է Տերտերյան-ֆեստ անվանումը։

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ընդգծեց, որ փառատոնը ներառելու է յոթ համերգ, ներկայացվելու են հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները:

«Այսօր ներկայացվող համերգային ծրագրում կկատարվեն Ավետ Տերտերյանի անտիպ ստեղծագործությունները։ Անձնական արխիվներից մենք կարողացանք ձեռք բերել և թվայնացնել Տերտերյանի դեռևս չկատարված ստեղծագործությունները, ինչը կարևոր ձեռքբերում է երաժշտական աշխարհի համար։ Ինձ համար շատ կարևոր է, որ Ա. Տերտերյանի երաժշտությունը հնչելու է Երիտասարդական նվագախմբի կատարմամբ և հնչելու է ոչ միայն Հայաստանում: Փառատոնից դուրս մենք Տերտերյանի գործերը կկատարենք նաև արտասահմանում»,- նշեց Սերգեյ Սմբատյանը։

Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ Արամ Սաթյանը ողջունեց այն փաստը, որ Երիտասարդական նվագախմբի կողմից կատարվում են հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Նա նշեց, որ Ավետ Տերտերյանը համարվում է 20-րդ դարի մեծագույն կոմպոզիտորներից մեկը։ Նրա հոբելյանը նշվում է Ռուսաստանում, Գերմանիայում: Տերտերյանն այն բացառիկ կոմպոզիտորներից է, ում ստեղծագործությունները հնչում են ամբողջ աշխարհում: Արամ Սաթյանը հույս հայտնեց, որ շատ կոմպոզիտորների այս փառատոնը կոգևորի։
ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Արամ Գյուրջյանը, անդրադառնալով Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնին, նշեց, որ այն բնույթով եզակի է և տարբերվում է փառատոնի մասին մեր ավանդական պատկերացումներից նախևառաջ այն պատճառով, որ այնտեղ հնչում են այսօր ստեղծագործող կոմպոզիտորների գործերը, շատ պրեմիերաներ, և փառատոնը հայ երաժշտասերի համար ոչ միայն ապահովում է երաժշտական հրավառություն, այլև իր լուրջ նպաստն է ունենում ընդհանուր մշակութային կյանքի, առօրյայի շարունակականության ապահովման և զարգացման մեջ՝ հենվելով մեր հարուստ կոմպոզիտորական ավանդույթների վրա։

Փառատոնի համերգային երեկոների ընթացքում հանդիսատեսի դատին կհանձնվեն հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները: Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի նույնպես Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը փառատոնի շրջանակներում կներկայացնի հոբելյանական երեկոներ:
Փառատոնը տևելու է մինչև դեկտեմբերի 11-ը։

Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության աջակցությամբ:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս