ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների` քարոզարշավի եւ քվեարկության օրըընտրախախտումների վերաբերյալ ստացված հաղորդումների, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա քերական գործեր են հարուցվել: Ինչպես armlur.am-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, մայիսի 8-ի դրությամբ հարուցվել է 8 քրեական գործ:
Ապրիլի 15-ին` ժամը 19:40-ին, Երևան քաղաքի Րաֆֆու փողոցի թիվ 27/7 հասցեում գտնվող ՀԱԿ նախընտրական շտաբում ՀԱԿ համամասնական ցուցակի ԱԺ պատգամավորի թեկնածու Գայանե Առուստամյանը հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը` ժամը 18:40-ի սահմաններում, անհայտ անձինք Երևան քաղաքի Սվաճյան փողոցի 44 շենքի 1-ին հարկի շքամուտքում ծեծի են ենթարկել իրեն և ՀԱԿ համամասնական ցուցակի ԱԺ պատգամավորի թեկնածու Բաբկեն Գարոյանին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Բացի այդ, նույն օրը ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել նաև ,Արմենիաե բժշկական կենտրոնից այն մասին, որ քթի վնասվածքով բուժօգնության է դիմել Բաբկեն Գարոյանը: Փաստի առթիվ 2012թ. ապրիլի 16-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որոշում է կայացվել` Բ.Գարոյանին տուժող ճանաչելու մասին: Առուստամյանը հայտարարել է, որ մարմնական վնասվածքներ չի ստացել` հրաժարվելով ենթարկվել դատաբժշկական փորձաքննության: Նախաքննության ընթացքում` 2012թ. ապրիլի 16-ին, ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել Երևան քաղաքի բնակիչ Վ.Վարդանյանը` հայտնելով, որ 2012թ. ապրիլի 15-ին` ժամը 18:40-ի սահմաններում, Սվաճյան 44 շենքի շքամուտքում վիճաբանել է ԱԺ պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի մասնակիցների հետ, որի ընթացքում հրել է Գայանե Առուստամյանին և Բաբկեն Գարոյանին, ինչի հետևանքով վերջինիս ակնոցները կոտրվել են դեմքին: Նախաքննությունը շարունակվում է:
Մայիսի 6-ին` ժամը 19:07-ին, “Լրագիր” ինտերնետային կայքում հրապարակվել է տեղեկատվություն այն մասին, որ Երևան քաղաքի թիվ 110 դպրոցում տեղակայված 11/27 և 11/28 ընտրատեղամասերում հարձակման է ենթարկվել ոստիկանության աշխատակիցը: Անհայտ անձը տեղամասի մոտ նրան ծեծի է ենթարկել, ինչի արդյունքում պատռվել է ոստիկանի շրթունքը: Հրապարակումը ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի կողմից ուղարկվել է Շենգավիթի վարչական շրջանի դատախազին, ում կողմից ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնին հանձնարարվել է ստուգել մատնանշված հանգամանքները և օրենքով սահմանված կարգով ընթացք տալ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արթուր Ղազարյանը նախ հարբած վիճակում ընտրատեղամասի մոտ խախտել է հասարակական կարգը, ապա` բռնություն գործադրել իրեն կարգի հրավիրելու փորձ կատարող, նշված ընտրատեղամասում հերթապահություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներ Շալիկո Գոմցյանի և Լևոն Իսկանդարյանի նկատմամբ` պատճառելով մարմնական վնասվածքներ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ղազարյանին առաջադրվել է մեղադրանք` ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է: Կրկին մայիսի 6-ին` ժամը 11:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում անհայտ անձից ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Սունդուկյան փողոցի թիվ 78 հասցեում գտնվող 148 դպրոցում տեղակայված թիվ 4/27 ընտրատարածքի մուտքի մոտ ընտրակաշառք է բաժանվում “Բարգավաճ Հայաստան” կուսակցության օգտին:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը ընտրակաշառք բաժանելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին բերման է ենթարկել քաղաքացի Արմեն Մաթևոսյանին, ում մոտ` պայուսակում և գրպանում, հայտնաբերվել է համապատասխանաբար 380.000 և 128.000 դրամ գումար, ինչպես նաև` նոթատետր` տարբեր քաղաքացիների մասին գրառումներով: Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Ա.Մաթևոսյանը 2 քաղաքացու ընտրակաշառք է տվել` համապատասխանաբար 35.000 և 15.000 դրամ, որպեսզի վերջիններս և նրանց ընտանիքի անդամները քվեարկեն ,Բարգավաճ Հայաստանե կուսակցության օգտին: Նախապատրաստված նյութերը նույն օրն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն, որտեղ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով: Մաթևոսյանը հաստատել է ընտրակաշառք բաժանելու փաստը, ներկայումս միջոցներ են ձեռնարկվում վերջինից ընտրակաշառք ստացած այլ քաղաքացիների շրջանակը պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: Ընտրությունների օրը ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել Երևան քաղաքի Չարբախի 3-րդ փողոցի բնակչից այն մասին, որ թաղամասի ԲՀԿ շտաբի պետը վերցրել է իր և կնոջ անձնագրային տվյալները` տալով 20 հազար դրամ և առաջարկելով ՀՀ ԱԺ ընտրություններին համամասնական ընտրակարգով քվեարկել “Բարգավաճ Հայաստան” կուսակցության, իսկ մեծամասնական ընտրակարգով` թիվ 12 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Լյովա Խաչատրյանի օգտին: Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը նույն օրն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն, որտեղ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով: Նախաքննությունը շարունակվում է: Մեկ այլ դեպքում նշվում է, որ մայիսի 6-ին` ժամը 11:40-ին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում “Ազատություն” ռադիոկայանի լրագրող Էլինա Չիլինգարյանից ահազանգ է ստացվել այն մասին, որ թիվ 178 դպրոցի մոտ` նկարահանումների ժամանակ, Վարդան անունով ներկայացած անձը հարվածել է իր ձեռքին և փորձել խլել տեսախցիկը: Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նույն օրը` ժամը 11:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Խաղաղ Դոնի 25 հասցեում գտնվող թիվ 178 դպրոցում տեղակայված թիվ 12/32 ընտրատեղամասի բակում ոմն Վարդանը խոչընդոտել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը. դիտավորյալ հարվածել է Էլինա Չիլինգարյանի ձախ ձեռքին և գետնին գցել ,ՖԼԻՊե տեսակի տեսախցիկը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նախաքննությունը շարունակվում է: ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ահազանգ է ստացվել Նազելի Յարալյանից այն մասին, որ ,Կենտրոնե հեռուստաընկերության նկարահանող խումբը նկարահանումներ է իրականացրել Գյումրիի թիվ 6 դպրոցում տեղակայված թիվ 34/25 ընտրատեղամասում, սակայն Գյումրիի քաղաքապետի որդին` Սպարտակ Ղուկասյանը, օպերատորի ձեռքից վերցրել է տեսախցիկը, իսկ հետո տեղամասից հանել է նաև օպերատոր Վարազդատ Պապիկյանին:
Հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի կողմից ուղարկվել է Շիրակի մարզի դատախազին, ում կողմից ՀՀ ոստիկանությանԳյումրիի բաժնին հանձնարարվել է ստուգել մատնանշված հանգամանքները և օրենքով սահմանված կարգով ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ: Նախապատրաստված նյութերով 2012թ. մայիսի 8-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Նախաքննությունը շարունակվում է:
Ոստիկանության Գյումրիի բաժնում հաղոր-դում է ստացվել ,Մաքս-ինֆոե լրատվական-վերլուծական գործակալության լրագրող Կարեն Հովհաննիսյանից այն մասին, որ նույն օրը` ժամը 09:30-ի սահմաններում, Գյումրիի թիվ 1 դպրոցում տեղակայված թիվ 34/26 ընտրատեղամասում անծանոթ 4 երիտասարդներ հագուստի վրայից պոկել են լրագրողի վկայականը, խլել ԲՀԿ-ի կողմից իրեն տրամադրված տեսախցիկը և հեռացել: Նույն օրը` 2 ժամ անց, տեսախցիկը վերադարձրել են կոտրված վիճակում: Շիրակի մարզի դատախազի հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր, որոնցով 2012թ. մայիսի 8-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերի հատկանիշներով: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Նախաքննությունը շարունակվում է: Վերջին գործը վերաբերում է նրան, որ մայիսի 6-ին ,Լրագիրե ինտերնետային կայքում հրապարակվել է տեղեկատվություն այն մասին, որ նույն օրը` ժամը 08:30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի թիվ 5 երաժշտական դպրոցում տեղակայված թիվ 34/21 ընտրատեղամաս են մտել մի խումբ անձինք, և ընտրությանը մասնակցող ,Կենտրոնե հեռուստաընկերության լրագրող-օպերատոր Վլադիմիր Խաչատրյանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելով, վերցրել են ընտրատեղամասում տեղադրված տեսախցիկն ու հեռացել: Հրապարակումը ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի կողմից ուղարկվել է Շիրակի մարզի դատախազին, ում հանձնարարությամբ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով 2012թ. մայիսի 8-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով: Քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: