
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը վաղն ընկերական խաղ է անցկացնելու Ֆրանսիայի ազգային հավաքականի հետ: Ֆրանսիացիներն այսօր նախաղային մարզում են անցկացրել Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Դրանից հետո կայացած ասուլիսի ժամանակ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը նշել է, որ Հայաստանի հավաքականն առաջադիմել է:
«Տեղյակ եմ, որ Հայաստանի հավաքականը կորուստներ ունի, բայց, ամեն դեպքում, թիմերը խաղադաշտ են դուրս գալիս 11-ական ֆուտբոլիստով: Դիտել եմ սերբերի դեմ ձեր խաղը. եթե իրացնեիք 11-մետրանոցը, կհաղթեիք: Մեր կազմում փոփոխություններ կլինեն: Ընկերական խաղ է, և մեզ կթույլատրվի 6 փոփոխություն կատարել:
Հայաստանի հավաքականն ընդամենը 2:1 հաշվով զիջեց Դանիային, կարող էր հաղթել Սերբիային, այնպես որ, պայքարը լուրջ է լինելու: Կազմի հարցում կկողմնորոշվեմ այսօրվա մարզումից հետո: Բոլոր 23 ֆուտբոլիստներն էլ պետք է հնարավորություն ստանան», – ընդգծել է նա: