Սյունիքի մարզպետը հրաժարվել է անհրաժեշտ 50 հազար դրամը տրամադրել իր օրինախախտ վարորդին (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ մայիսի 10-ին, ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցների կողմից վարչական պատասխանատվության է ենթարկվել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի վարորդը։ Ինպես armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ժամը 15-ի սահմաններում ՃՈ աշխատակիցները նկատում են, որ Իսահակյան փողոցի վրա 2-րդ շարքում կայանված է “Մերսեդես Ե500” մակնիշի 077 ՏՏ 77 համարանիշի ավտոմեքենան։ Գ. Շամշյանին հայտնի է դարձել, որ նշված ավտոմեքենան գրանցված է եղել Գորիս քաղաքի Մաշտոցի 22 հասցեում։
Ավտոմեքենայի դիմապակու վրա չի եղել ԱՊՊԱ կտրոնը և երբ ՃՈ տեսուչ ավագ լեյտենանտ Մանվել Բայունցը վարորդից՝ Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի 148 շենքի բնակիչ 48-ամյա Արագած Ղևոնդյանից պահանջել է կտրոն, պարզվել է, որ նա չունի ԱՊՊԱ–ի պայմանագիր։ Այդ փաստը արձանագրելով՝ վարորդը վարչական պատասխանատվության է ենթարկվել և տուգանվել 50 հազար դրամ, սակայն նա տուգանքը պետք է մուծի 30 օրվա ընթացքում, քանի որ այդ պահին նրա մոտ գումար չի եղել։ Վարորդը տեսուչներին խնդրել է, թե “սպասեք, հեսա շեֆս գա, իրանից վերցնեմ մուծեմ”։ “Շեֆը”, սակայն, հրաժարվել է գումար տալ, ինչից հետո էլ վարորդը տեսուչից ստացել է արձանագրության կտրոնը և պարտավորվել է տուգանքը վճարել 30 օրվա ընթացքում։ Իսկ թե ինչու էր մեքենան կայանել չթույլատրելի հատվածում, նա արդարացել է, թե ինքը “շեֆի դաբրոյով” է կանգնել։ Գ. Շամշյանը հայտնում է, որ “խորհրդավոր շեֆը”, ով այդ պահին չի ցանկացել անհրաժեշտ 50 հազար դրամը տրամադրել վարորդին, ոչ այլ ոք է, քան Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը։





Լրահոս