Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց մայիսի 6-ի ԱԺ ընտրություններին մասնակցած կուսակցությունների ներկայացուցիչների հետ` պարզելու նրանց գնահատականը ընտրությունների ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ: Գրեթե բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներն էլ խուսափում էին գնահատական տալ` նշելով, որ դեռեւս ժամանակը չէ, եւ իրենք շուտով հանդես են գալու հայտարարությամբ: Միակ երջանիկ ու գոհ կուսակցությունը ՀՀԿ-ն էր, որտեղից վստահեցրին, թե ընտրություններն անցել են նախատեսվածից շատ ավելի լավ: Ներկայացնում ենք քաղաքական տարբեր ուժերի անդամների գնահատականները: «Միավորված հայեր» կուսակցության ղեկավար ՌՈՒԲԵՆ ԱՎԱԳՅԱՆ -Մենք՝ որպես պետականամետ ուժ, մեծամասնական ընտրակարգով ընտրությունը չենք ընդունում` գիտակցելով, որ դա լինելու է ո՛չ ազատ եւ ո՛չ էլ արդար: Իսկ ինչ վերաբերում է համամասնականին, ապա մենք ընդունում ենք, որ 60 տոկոս ընտրությունները կլինեն ազատ, բայց արդար` ոչ, ժողովուրդը դեռ պատրաստ չէ: Ազատը նա է, ով ուզում է գնալ ընտրության, ուզում է՝ գումար կվերցնի, ուզում է՝ հեռախոս կվերցնի, ուզում է` ընտրության չի գնա: Իսկ արդարի դեպքում արդեն իր խղճի, իր ապագայի առջեւ է, պետք է մտածի, նոր գնա ընտրության: Մենք, գիտակցելով այս ամենը, մտանք այս գետը: Հիմա ո՞ւմ դեմ բողոքես` ժողովրդի՞ դեմ: Այսօր ժողովուրդն ընդունեց այդ գաղափարախոսությունը, ընդունեց նյութական արժեքը: Ժողովուրդն այսօր պատրաստ չէ արդար ընտրություն, ես մեկ ամիս առաջ եմ դա հայտարարել, բայց թե մենք ինչու ենք մտել այդ խաղի մեջ՝ մենք ուզում ենք երրորդ ուժի գաղափարն առաջ տանել: Այսօր թե՛ Կոնգրեսը, թե՛ իշխանությունը իր շահի մասին է մտածում, իր աթոռի մասին է մտածում: Իմ նպատակն էր ժողովրդին ներկայացնել մեր գաղափարախոսությունը, բայց ժողովուրդը չի ընդունում: Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ -Վաղը՝ ժամը 19:00-ին (այսօր-Ս.Գ.), եկե՛ք հանրահավաքի: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ -«Բարգավաճ Հայաստան»-ը որեւէ գնահատական չի տալու, կսպասենք ընտրությունների պաշտոնական ամփոփմանը, որից հետո «Բարգավաճ Հայաստան»-ը կհրավիրի քաղխորհրդի նիստ, եւ այդ ժամանակ մենք մեր տեսակետը, մեր գնահատականը կտանք: Այսօր մենք ոչինչ չենք ասելու, որեւէ մեկնաբանություն չենք տալու: Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ -Ես նախօրոք ասել էի, որ այս կոմպանիաների, հատկապես այս ընտրությունների հետ արդարություն բառը չի կարելի օգտագործել: Իսկ այն 6 հոգին, որ անցել են, ես կարող եմ շնորհավորել, մնացածն իրենք թող որոշեն: Հիշում եք, ես ասել էի, որ ժողովրդի 30 տոկոսն ինքնուրույն որոշում է կայացնում, էստեղ էլ ենք սխալվել, դա էլ ուրիշ հարց է: Ժողովուրդը իր ձայնը տալիս է համապատասխան պատճառներով՝ փող է, ադմինիստրատիվ որոշում է: «Ժառանգություն» կուսակցության անդամ ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇՅԱՆ -Ես՝ որպես մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու, կասեմ: Ես ցավով եմ արձանագրում, որ այս խորհրդարանական ընտրությունները մեկ անգամ եւս ցույց տվեցին, որ մեր հասարակությունը՝ քվեարկողների մեծամասնությունը, որոնք քվեարկեցին ԲՀԿ-ին, ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ին՝ իհարկե համապատասխան գումարների դիմաց, ծախեցին մեր պետականությունը: Ինքն արժանի է այն վիճակին, ինչ ունի հիմա եւ շատ ավելի վատ վիճակ է ունենալու, որովհետեւ 5 տարով իր բերանը փակեց, ինքն իր բերանին շղթա դրեց: Եւ ինքն այլեւս իրավունք չունի խոսելու, բողոքելու, պահանջելու, սա այն մարդկանց մասին եմ ասում, որոնք կոալիցիայի համար են քվեարկել: Եւ թող չհամարձակվեն խոսել իրենց իրավունքները ոտնահարելու մասին, իրենց սոցիալական վիճակից, իրենց բռնաբարված վիճակից: Մենք, նախքան ընտրությունները, սոցհարցում էինք անցկացրել, եւ ես պետք է 44 տոկոս ձայն ունենայի, բայց… Ես դժգոհ եմ այդ ձայներից, բայց շնորհակալ եմ իմ ընտրողներից: Հանրապետական կուսակցության մամլո խոսնակ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ -Ընտրությունները ժողովրդավարական էին, աննախադեպ էին, եվրոպական դիտորդներն էլ եւս մեկ անգամ արձանագրեցին, որ Հայաստանում նորմալ ընտրություններ են անցկացվում: Այս ամենի առաջամարտիկը ՀՀԿ-ն է` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Ժողովուրդը հավատաց ամենաանկեղծ, ամենափորձառու եւ ամենավստահելի ուժին: «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության անդամ ԱՐԱ ՆՌԱՆՅԱՆ -Վաղը (այսօր-Ս.Գ.) հայտարարություն ենք անելու: «Օրինաց երկիր» կուսակցության մամլո խոսնակ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՄԻՐՅԱՆ -Մենք հայտարարություն ենք անելու: Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Ռուբեն թովմասյանը եւս տեղեկացրել է, որ հայտարարություն են անելու: