Առինջում սպանվածը «Ինեկոբանկ»-ում հաշվապահ էր. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ հոկտեմբերի 13-ին՝ ժամը 20.05-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Առինջ գյուղում կրակոցներ են հնչել:

Ժամը 19.30-ի սահմաններում անհայտ անձինք Առինջ գյուղի Մհեր Մկրտչյան թաղամասի 2-րդ փողոցի սկզբնամասում հրազենից կրակոցներ են արձակել 1959 թ. ծնված Լևոն Ավետիսյանի վարած «ԲՄՎ 530» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով Ավետիսյանը գլխի մասում ստացած հրազենային վնասվածքից հիվանդանոցում մահացել է, իսկ նրա կինը` 1963 թ. ծնված Նունե Ա.-ն, «կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:

Դեպքի վայրում հայտնաբերվել է 5,45 մմ տրամաչափի 1 գնդակ և 5,45 մմ տրամաչափի 11 դատարկ պարկուճ:

Հայտնաբերված գնդակը և պարկուճներն ուղարկվել են ոստիկանություն՝ փորձաքննության: Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին:

Armlur.am-ին Առինջ գյուղի ղեկավար Գագիկ Սարգսյանը հայտնեց, որ վերոնշյալ ընտանիքն Առինջից չէ, 2 տարի առաջ մեկ այլ տեղից եկել և այնտեղ բնակարան են գնել:

«Նրանք նաև հարևաններ չունեն, որպեսզի կարողանայինք հասկանալ՝ ով են, ինչ են: Այդ տարածքում որևէ մեկը բնակեցված չէ. երկրորդ փողոցում, որտեղ նրանք են ապրել, մի քանի այլ կիսակառույց շենքեր են: Միայն կարողացանք ճշտել, որ «Ինեկոբանկ»-ում հաշվապահ է եղել մահացածը»,- նշեց համայնքապետը:

Վերջինիս փոխանցմամբ՝ դեպքի վայրում նրա որդին է երևացել. սպանության զոհն այլ երեխաներ ունի, թե՝ ոչ, Գ. Սարգսյանը դժվարացավ պատասխանել:




Լրահոս