Ըստ ԿԸՀ-ի հրապարակած նախնական տեղեկությունների՝ ՀՀԿ-ն հավաքել է 44.05 տոկոս, ԲՀԿ-ն՝ 30.25, ՀԱԿ-ը՝ 7.09, «Ժառանգություն»-ը՝ 5.77, ՀՅԴ-ն՝ 5.72, ՕԵԿ-ը՝ 5.49: Սա նշանակում է, որ նոր գումարման ԱԺ-ում, միայն համամասնական ցուցակներով ՀՀԿ-ն կունենա 40 պատգամավոր, ԲՀԿ-ն՝ 27, ՀԱԿ-ը՝ 6-7, «Ժառանգություն»-ը՝ 5-6, ՀՅԴ-ն եւ ՕԵԿ-ը՝ 5 ական: Իսկ մեծամասնական ընտրակագրով ՀՀԿ-ն կունենա 28 պատգամավոր, ԲՀԿ-ն՝ 8: Հինգերորդ գումարման խորհրդարանում 3 անկուսակցականներ կլինեն, որոնք վայելում են ՀՀԿ-ի աջակցությունը:
Համեմատության համար նշենք, որ այսօր գործող խորհրդարանում ՀՀԿ-ն ունի 62 մանդատ (բայց կունենա 71), ԲՀԿ-ն՝ 29 (կունենա 35), ՀՅԴ-ն ունի 16 (կունենա 5), ՕԵԿ-ը՝ 8 (կդառնա 5), «Ժառանգություն»-ը 7 (կլինեն 5-6):
ՀԱԿ համամասնական ցուցակից, ըստ առաջնահերթության, պատգամավորական մանդատների հավակնորդներն են՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը եւ «ՀԺ» խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Իսկ եթե Տեր-Պետրոսյանը կամ, օրինակ, Արամ Սարգսյանը հրաժարվեն իրենց մանդատներից, ապա նրանց փոխարեն ԱԺ-ում կարող են հայտնվել նաեւ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ու գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը:
«Ժառանգության» ցուցակով ԱԺ կմտնեն Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ազատ դեմոկրատ եւ ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը եւ լավագույն դեպքում՝ Թեւան Պողոսյանը: «Ժառանգություն»-ից ԱԺ չեն մտնի՝ նախկին պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը, Ստեփան Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը, Լարիսա Ալավերդյանը:
Իսկ ՕԵԿ համամասնական ընտրացուցակի հերթականությունն այսպիսին է. Արթուր Բաղդասարյան, Հեղինե Բիշարյան, ԱԻ նախարար Արմեն Երիցյան, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյան ու Խաչիկ Հարությունյան: Բայց եթե Արթուր Բաղդասարյանը, Արմեն Երիցյանը եւ Սերգո Կարապետյանը հրաժարվեն մանդատներից, ԱԺ-ում կարող են հայտնվել նաեւ Մհեր Շահգելդյանը, Իշխան Խաչատրյանն ու լամինատի ներկրող, գործարար, ՎՊ առաջին վարչության պետ Սամվել Թադեւոսյանը:
ՀՅԴ-ից ԱԺ պատգամավորի մանդատ կստանան՝ Վահան Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանը, Արտյուշա Շահբազյանը, Աղվան Վարդանյանն ու պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին ու ԲՀԿ-ին, ապա նրանց դեպքում խմորումները սպասվածից ավելի շատ կլինեն. հերթականությունը չի կարող էական դեր խաղալ:
ՈՎՔԵՐ ԿԼԻՆԵՆ ԱԺ-ՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍՅԱՆ