«Ժառանգությունը» եռյակից դուրս գալու որևէ խնդիր չի տեսնում: Անդրադառնալով վերջերս տարածված այն լուրերին, թե ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի հետ խնդիրներ են առաջացել, այս մասին Armlur.am-ի հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ իրենք երբեք չեն վախենում ինչ-որ բան ասել, և եթե այդ թեմայով որևէ ասելիք լինի, կհայտնեն: Ա. Մարտիրոսյանը վստահեցրեց՝ «եռյակում» որևէ տարաձայնություն չկա: Անդրադառնալով հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած դեպքին, երբ Ր. Հովհաննիսյանը մոտեցավ Գ. Ծառուկյանին և Լ. Տ.-Պետրոսյանին և այլևս չվերադարձավ ամբիոնի մոտ, «Ժառանգության» փոխնախագահը վստահեցրեց, թե խնդիրն այն էր, որ այդ պահին դեռևս միասնական քայլերի մասին լիարժեք օրակարգ չկար, և կուսակցության առաջնորդը մոտեցավ հենց դա քննարկելու:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած երեք ուժերի հանրահավաքից հետո ակտիվորեն խոսակցություններ են տարածվել, թե Րաֆֆի Հովհաննիսյանն ու «Ժառանգություն»-ը մտածում են «եռյակից» դուրս գալու մասին, քանի որ տեսակետների բախում կա: Նշենք նաև, որ հոկտեմբերի 24-ին տեղի կունենա նրանց հաջորդ հանրահավաքը, որտեղ էլ կարող են միասնական կոչեր հնչել: