ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎՊ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԵՏՔ Է ԽՈՍԻ ՄԻԱՅՆ ՏԱՆԸ

Իշխանական ճամբարում կրքերը չեն հանդարտվում. ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի «ձայնը կտրելուց հետո» ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը փորձում է օրենսդրական փոփոխությունների ճանապարհով լռեցնել ողջ Վերահսկիչ պալատին: Եվ արդեն կառավարության առաջիկա նիստի օրակարգում ընդգրկված է «Վերահսկիչ պալատի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը:

Այդ նախագծի համաձայն` օրենքում նախատեսված է ավելացնել հետեւյալ դրույթները. «Վերահսկիչ պալատի պաշտոնատար անձանց հրապարակային ելույթները, հրապարակումներն ու հայտարարությունները չպետք է պարունակեն քաղաքական գնահատականներ, ինչպես նաեւ եզրահանգումներ` վերահսկիչ պալատի կողմից հայտնաբերված խախտումների իրավական հետեւանքների վերաբերյալ»: «Քաղաքական գնահատականներ, ինչպես նաեւ եզրահանգումներ» չպետք է պարունակի նաեւ ՎՊ տարեկան հաշվետվությունը: Սրան զուգահեռ, կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել նաեւ ԱԺ կանոնակարգ օրենքում եւ այնտեղ ամրագրել, որ ՎՊ տարեկան հաշվետվությունն ԱԺ ներկայացնելիս դրան կցվում են վերահսկվողի ներկայացրած առարկությունները կամ պատասխանները: ԱԺ կանոնակարգով հնարավորություն է ընձեռնվում նաեւ հաշվետվության քննարկման ժամանակ արտահերթ ելույթի հնարավորություն ընձեռել ոչ թե երկու պաշտոնյայի, ինչպես հիմա է, այլ` «ըստ հաշվետվությունում քննարկված հարցերի բնագավառների` լիազոր պետական կառավարման մարմինների պաշտոնատար անձանց»:
Ակնհայտ է կառավարության կողմից նման օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու իրական պատճառը. շատերը կհիշեն, թե նախորդ տարվա հունիսին ԱԺ-ում ինչ թեժ մթնոլորտում քննարկվեց ՎՊ տարեկան հաշվետվությունը եւ ինչպիսի կոշտ արձագանք հնչեց իշխանական ճամբարից: ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրել էր իրենց հայտնաբերած խախտումները, չարաշահումներն ու վատնումները` պետական բյուջեի ծախսերի վերաբերյալ: Ընդդիմությունն էլ, հիմնվելով ՎՊ ներկայացրած փաստերի վրա, իր հերթին բավականին սուր քննադատության էր ենթարկել իշխանություններին: Դրանից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 10-ին փորձելով արդարանալ, ինքն էր ՎՊ հասցեին մեղադրանքներ հնչեցրել. «ՎՊ-ն իրավունք չունի հանդես գալ քաղաքական հայտարարություններով: ՎՊ-ն պարտավոր է ներկայացնել միայն ու միայն մասնագիտական եզրակացություններ»: Այս բանավեճը հետագայում շարունակվել էր Սերժ Սարգսյանի մոտ. հունիսի 29-ի խորհրդակցության ժամանակ Ս.Սարգսյանը նախատել էր Զաքարյանին. «Պրոֆեսիոնալ մարմինը, գրավոր, թե բանավոր խոսքով հանդես գալու ժամանակ, պետք է, պարտավոր է հրամցնել միայն փաստ, եղելություն կամ վերլուծություն ու, բնականաբար, ուսումնասիրությունների չափելի ու համադրելի արդյունքներ: …Դուք պարզ պետք է հասկանաք, որ որեւէ մեկը Ձեր կարծիքը չի ակնկալում լսել: …Դուք հիասթափված եք, ոգեւորված եք, դա Ձեր անձնական խնդիրն է: Ձեր տանը կարող եք դրա մասին խոսել: Երբ գաք իմ կաբինետ, իմ կաբինետում կարող եք դրա մասին խոսել: ՎՊ նախագահն ի՞նչ իրավունք ունի այդպիսի հրապարակային արտահայտություններ անել»:
Ճիշտ է, թեեւ այսքանից հետո 2013թ. նոյեմբերին Իշխան Զաքարյանը վերընտրվեց ՎՊ նախագահի պաշտոնում, նրա մոտ չի նկատվում «նախկին էնտուզիազմը». ՎՊ-ն նախկինի նման հաճախակի նիստեր չի անցկացնում, ասուլիսներ չի հրավիրում: ՎՊ պաշտոնական կայքում նախկինի նման չեն տեղադրվում ընթացիկ հաշվետվություններ, իսկ ՎՊ 2014թ. ծրագիրը ԱԺ ներկայացրեց ոչ թե Ի.Զաքարյանը, այլ` ՎՊ խորհրդի անդամ Լիլիթ Գեւորգյանը:
Բայց Սերժ եւ Տիգրան Սարգսյանները, չբավարարվելով Ի.Զաքարյանին այսպես «լռեցնելով», փորձում են լռեցնել ՎՊ-ն ընդհանրապես: Առավել եւս, երբ մայիս-հունիս ամիսներին ԱԺ-ում նախատեսված է քննարկել ՎՊ տարեկան հերթական հաշվետվությունը:
Չնայած կառավարության նիստում դեռ որոշում չի կայացվել ՎՊ մասին օրենքում փոփոխությունների նախագիծը խորհրդարան ներկայացնելու մասին, սակայն ոչ իշխանական պատգամավորներն արդեն իսկ քննադատում են այն: Նկատենք, որ կառավարությունն իր օրենսդրական փոփոխությունները փորձել է հիմնավորել, թե իբր ՎՊ մասին ներկայիս օրենքում «տեղ չեն գտել ֆինանսական վերահսկողության միջազգային ստանդարտներով սահմանված մի շարք կարեւոր դրույթներ: …ՎՊ տարեկան, ինչպես նաեւ ընթացիկ հաշվետվություններում, ՎՊ հայտարարություններում, ելույթներում չպետք է տրվեն իրավական կամ քաղաքական գնահատականներ»: Ու սա այն դեպքում, երբ ե՛ւ ՀՀ Սահմանադրության 83.4 հոդվածով, ե՛ւ ՎՊ մասին օրենքով սահմանված է. «ՀՀ ՎՊ-ն անկախ մարմին է»: Երեկ, հակադարձելով կառավարության պնդումներին, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը նկատեց. «Եթե ՎՊ-ն հայտնաբերում է խախտումներ, ապա այդ դեպքում ինչպե՞ս պետք է արձանագրի դրանք, ի՞նչ պետք է գրի: Ասի` «տվել է պակասո՞րդ», «գումարները ոչ նպատակային են օգտագործվե՞լ»: Բայց այդ բոլոր արտահայտություններն արդեն իսկ իրավական, ինչու չէ` նաեւ քաղաքական գնահատականներ կարելի է համարել»: Է. Վարդանյանը կարծիք հայտնեց, թե այս նախագծով փորձ է արվում սահմանափակել վերահսկողական գործառույթներ ունեցող մարմնի լիազորությունները: «Ես չեմ էլ հիշում ՎՊ որեւէ պաշտոնյայի կողմից հնչեցված քաղաքական գնահատականներ, ուստի` տարօրինակ են նման շահարկումները»,- ասաց նա:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը կատարվածը մեկնաբանում է ոչ միայն ՎՊ-կառավարություն հարաբերություններով, այլ, ըստ նրա՝ սա խոսում է իշխանությունների թուլության մասին: «Քաղաքագիտական օրենք է. երբ իշխանությունները թուլանում են, երբ օրակարգային է դառնում իշխանափոխությունը, իշխանությունները սկսում են ավելի կոշտացնել իրենց քայլերը, նվազեցնել ժողովրդավարության շրջանակները: Նման զարգացումներն էլ իրենց հերթին տանում են հակազդեցության, դեպի ըմբոստության, հեղափոխության: Մենք հիմա այդ պրոցեսի մեջ ենք` հիշեք ԱԺ էթիկայի հանձնաժողովի, ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմում փոփոխությունները եւ նման այլ փոփոխություններ: ՎՊ մասին օրենքի փոփոխությունները եւս այդ շարքից են: Մի փոքր ազատ խոսք հնչեց, փաստեր ու թվեր` կոռուպցիայի մասին, հիմա փորձում են դա վերացնել»:
Ի դեպ, չի բացառվում, որ օրենսդրական այս փոփոխության մասով միջազգային մի շարք կազմակերպություններ կոշտ արձագանքեն. նրանցից շատերը երեկ մեզ հետ մասնավոր զրույցներում ասացին, որ պատրաստվում են:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

ԼՈՒՐԵՐ
ԼՈՒՐ ՉԿԱ
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանական բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի գտնվելու վայրը շարունակում է անհայտ մնալ, իսկ նրա հարազատները հրաժարվում են այդ թեմայով որեւէ հարցի պատասխանել: Քանի որ այսօր Սամվել Բաբայանի ծննդյան օրն է, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց նրա հարազատներից ճշտել` որտեղ է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարը, եւ ինչպես են իրենք պատրաստվում շնորհավորել գեներալին: «Կներեք, բայց ոչ մի բան չենք կարող ասել»,- մեր բոլոր հարցերին նույն պատասխանը տվեց Բաբայանի կինը: Հիշեցնենք, որ տարիներ առաջ Սամվել Բաբայանը վարկի դիմաց գրավադրել էր ե՛ւ իր, ե՛ւ ընկերներից շատերի բնակարանները՝ խոշոր բիզնես սկսելու ակնկալիքով, սակայն բիզնեսը չէր հաջողվել, ու չկարողանալով պարտքերի «տակից դուրս գալ», նա պարզապես լքեց Հայաստանը՝ վարկերի տակ թողնելով ընկերների բնակարանները:

 

ԲԱՐՁՐ ԳՆԵՐՈՎ
Պարզվում է` գնաճը հասել է նաեւ ՀՀ կառավարությանը: Եթե նախորդ տարիներին կառավարությունը «Սպասարկում» ՊՈԱԿ-ին տարեկան հատկացնում էր 240-280 մլն դրամ, ապա այս տարի որոշել է ՀՀ պետական բյուջեից հատկացնել ավելի քան 364 մլն դրամ: Ասել է թե՝ մոտ 1մլն-ով ավելի, քան նախկինում: Նշենք, որ «Սպասարկում» ՊՈԱԿ-ը կազմակերպում է կառավարության աշխատակազմին ամրացված շենքերի ու շինությունների ընթացիկ պահպանման եւ շահագործման աշխատանքները: Բացի այդ, ՊՈԱԿ-ը կազմակերպում է նաեւ այդ հիմնարկությունների ճաշարանների ծառայություններն ու պատրաստի սննդի սպասարկումը: Կարելի է ենթադրել` գումարի մեծությունը կախված է վերջին շրջանում հետեւողականորեն նկատվող գնաճից, երբ թանկացել են ե՛ւ գազի, ե՛ւ էլեկտրաէներգիայի, ե՛ւ սննդամթերքի գները:

 

ՀԵՇՏԱՑՆՈՒՄ ԵՆ
ՌԴ կառավարությունը երեկ Պետական դումա է ներկայացրել նոր օրինագիծ, որով հեշտացվում է ռուսաստանյան տնտեսության կողմից պահանջված օտարերկրյա քաղաքացիների` ՌԴ քաղաքացիություն ստանալու կարգը: Նոր օրինագծով նախատեսվում է, որ գործարար, ներդրող, որակյալ մասնագետ կամ ՌԴ-ում մասնագիտական կրթություն ստացած օտարերկրյա քաղաքացիները կկարողանան դիմել` պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալու համար: Մասնավորապես` ՌԴ կրթական եւ գիտական կազմակերպություններում մասնագիտական կրթություն ստացած օտարերկրացիները պետք է ՌԴ-ում ունենան երեք տարվա աշխատանքային ստաժ: Իսկ գործարար օտարերկրացիների համար սահմանված է ՌԴ տարածքում երեք տարի գործարարությամբ զբաղվելու պահանջ` տարեկան ոչ պակաս քան 10 մլն ռուբլի եկամտաբերությամբ:

 

ԼԻՑԵՆԶԻԱ ԿՏՐՎԻ
ՀՀ կառավարության վաղվա նիստում «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին տրվելու է վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման եւ տեղադրման լիցենզիա:

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՎՐԻՊԱԿ
Երեկ Պահքի շրջանի հետ կապված «Ժողովուրդ»-ը մի քանի հարցեր էր ուղղել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, սակայն նրա խոսքում տեխնիկական վրիպակ էր եղել եւ «Ժողովուրդ»-ի հարցն ու Հ. Աբրահամյանի պատասխանը միասին էր տպագրվել: Պետք էր կարդալ այսպես.
«Ժողովուրդ»-ը փորձել է պարզել, թե որքանով են մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաները հետեւում քրիստոնեական այս կարեւոր ավանդույթին` Պահքի շրջանում իրենց ենթարկելով մարմնական զրկանքների եւ հոգեւոր ժուժկալության:
ԱԺ նախագահ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
-Ես պահք չեմ պահում:
-Ինչո՞ւ, որովհետեւ պահքի ընթացքում մարդիկ պետք է հրաժարվեն ոչ միայն որոշակի կերակուրներից, այլեւ՝ մոլի սովորությունների՞ց, օրինակ՝ այդ ընթացքում չպետք է շատախոսել, ստել, հայհոյել…
-Այս առումով ես, որպես քրիստոնյա, ամբողջ տարին եմ պաս պահում:

 

ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը եւ ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը երեկ քննարկել են Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի` 2013թ. Վաշինգտոնում կայացած նիստի արդյունքները, ինչպես նաեւ առաջիկա տարվա համար նախանշվող ծրագրերը: Դրանք ներառում են համագործակցություն էներգետիկայի դիվերսիֆկացման ու ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում: Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությունը գնեց Որոտանի հէկ-ը, որը ՀՀ խոշորագույն էներգետիկ հզորություններից մեկն էր: Այդ գործարքով ամերիկյան կողմը ձեռքբերեց նաեւ չորս ջրամբարները, որոնք զգալի նշանակություն ունեն ՀՀ ջրային ռեսուրսների ամբարման ծավալում:

 

ԴՈՒՐՍ Է ԳՐՎԵԼ
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դուրս է գրվել հիվանդանոցից: Պատգամավորը սոցիալական ցանցի իր անձնական էջում գրել է. «Մի քանի օր տնային պայմաններում ապաքինվելուց հետո հույս ունեմ վերադառնալ լիարժեք աշխատանքային ռեժիմի»:

 

 




Լրահոս