Ի՞ՆՉ ՍԽԱԼՆԵՐ Է ԳՈՐԾԵԼ ԻՆՔՆԱՍՊԱՆ ԵՂԱԾ ԱՂՋԻԿԸ
Մարտի 1-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում ինքնասպան եղած 19-ամյա Սյուզաննա Քոչարյանը արարքից առաջ հորդորել է հարազատներին վաճառել բնակարանը եւ հեռանալ Գորիսից: Ավելին՝ եղբորը գրած նամակում ասել է, թե ինքը շատ սխալներ է գործել եւ երկու բան պետք է անի՝ կա՛մ ինքնասպան լինի, կա՛մ հեռանա Գորիսից:
Ի՞նչ սխալների մասին է խոսքը եւ, առհասարակ, ինչո՞ւ է երիտասարդ աղջիկն ամեն կերպ ցանկացել հեռանալ Գորիս քաղաքից. այս հարցերի պատասխանը «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել նրա հարազատներից:
Մինչ այդ նշենք, որ Սյուզաննայի հայրը Երեւան-Մեղրի ավտոճանապարհին Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու սպանության մեղադրանքով դատապարտված է ցմահ ազատազրկման, իսկ մայրը տարիներ առաջ մահացել էր քաղցկեղից: Վերջինս երկրորդ կարգի հաշմանդամ է, Ղարաբաղյան պատերազմի, Շուռնուխի մարտերի մասնակից: Ու քանի որ նա կալանքի տակ է, Սյուզիի խնամքով զբաղվել են եղբայրը՝ Ֆելիքս Խաչատրյանը, եւ նրա կինը՝ Աննա Աբգարյանը, ով Գորիսի պետական քոլեջում մանկավարժ է աշխատում: Իսկ Սյուզաննան սովորում էր Գորիսի պետական քոլեջի դեղագործական ֆակուլտետում:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ինքնասպան եղած Սյուզաննայի հարսը՝ Աննան, պատմեց, որ նա դեպքի օրը արթնացել է վաղ առավոտյան՝ 8:00-ի սահմաններում եւ գնացել պետքարան, ապա՝ դուրս եկել տանից. «Ավելի ուշ ամուսնուս հեռախոսին հաղորդագրություն եկավ: Բացեցի նամակը, տեսա Սյուզին է գրել: Ամուսինս քնած էր, շտապեցի նրան ասել, թե բացի՛ր նամակը, Սյուզին է գրել: Բացեցինք ու տեսանք. «Ներիր ինձ եղբայր, ես շատ սխալներ եմ գործել ու ունեմ երկու տարբերակ՝ կա՛մ հեռանամ Գորիսից, կա՛մ գնամ մամայիս մոտ: Ընտրում եմ երկրորդ տարբերակը»»:
Մեր զրուցակցի պատմելով՝ այս հաղորդագրությունը կարդալուց հետո ինքը եւ իր ամուսինը` Ֆելիքսը, դուրս են վազել փողոց, ամեն մեկը տարբեր ուղղություներով: «Իմ երկու երեխաներին, որոնցից մեկը 4, իսկ մյուսը 6 տարեկան են, թողել ենք տանը մենակ ու վազել: Անգամ գնացել եմ սկեսուրիս գերեզման»,- պատմեց Աննան՝ հավելելով, թե ավելի ուշ Սյուզաննային գտել են «Թանգու ձոր» կոչվող տարածքում:
Աննայի խոսքով՝ 9 տարեկան հասակում Սյուզաննան գլխի վիրահատության է ենթարկվել. «Շատ ուշադիր էինք նրա նկատմամբ։ Սկեսուրիս մահից հետո ես ու ամուսինս ամեն ինչ անում էինք իր համար` հաշվի առնելով, որ մայրը մահացած է, իսկ հայրը ցմահ ազատազրկված: Լինում էին դեպքեր, երբ նա չպետք է, օրինակ, նման բան աներ, ասում էինք՝ ոչինչ, երեխա է: Իսկ ահա վերջին օրերին ինձ ասաց, թե չի ուզում գնալ դասի: Ասաց՝ ուզում եմ աշխատել: Գիտեք, մի բնավորություն ուներ. շատ շուտ մի բանից ոգեւորվում էր, եւ շատ շուտ էլ հիասթափվում: Ասեցինք թող գնա, դա էլ փորձի: Անցավ մի ժամանակ, եկավ ասեց, թե դա էլ չի ուզում»:
Ըստ մեր զրուցակցի՝ փետրվարի 24-ին ինքն ու Սյուզաննան առանձնազրույց են ունեցել, որտեղ նա ասել է, թե բոլորն իրեն խաբում են, ինքը բոլորից զզվում է եւ այլեւս չի ուզում մնալ Գորիսում. «Ինձ ասաց, թե արի տունը ծախենք, գնանք: Ասեցի՝ Սյուզի ջան, դա մի օրվա հարց չէ, կգնանք: Բարեկամ ունենք Ռուսաստանում, ասեցի՝ զանգահարեմ նրան, գնա մի քիչ այնտեղ մնա: Ինձ ասաց, թե ես կզանգեմ, քանի որ մի րոպե չեմ ուզում մնամ այստեղ, Գորիսում բոլորից զզվում եմ»:
Հարսի պատմելով` Սյուզաննան վերջին ամիսներին սիրահարված է եղել եւ շատ ոգեւորված. «Մի տղայի մասին էր պատմում: Ասում էի՝ այդքան մի ոգեւորվի: Չգիտեմ, դե հիմա տղա է, կարող է մոտեցել է, հետո էլ չի ցանկացել շփվել: Մենք առայժմ չենք հետաքրքրվել, թե նա ով է, բայց կպարզենք: Մեզ համար մի բան է անհասկանալի, թե ինչու էր նա այդքան շատ ցանկանում հեռանալ Գորիսից, ինչ սխալի մասին էր խոսքը»:
Աննան պատմեց նաեւ, որ Սյուզաննայի հայրը Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկից իմանալով դստեր հետ կատարվածի մասին միայն մի բան է ասել. «Ձեզ ձիգ պահեք: Աստված ձեզ չի պատժում, այլ ինձ է պատժում»: «Բայց մեկ է, մեզ համար մեծ հարցական է՝ ինչու պետք է կյանքով լեցուն աղջիկը, որը ընտանիքում ոչ մի խնդիր չուներ, գնար այդ քայլին: Մենք մինչեւ չպարզենք, չենք հանգստանա: Մեր երեխային մեր ձեռքից տանեն ու չիմանա՞նք, թե ինչու»,-հարցադրեց մահացածի հարսը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
285 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ՝ ՆԱՐԵԿԻՆ
ՀՀ կառավարության վաղվա նիստում կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի աշխատակազմի՝ 2014-ի պահպանման ծախսերի ֆինանսական ապահովման նպատակով հատկացվելու է ավելի քան 117 մլն դրամ (մոտ 285 հազար ԱՄՆ դոլար): Հաշվարկները կատարվել են հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի 2014-ի հունվարի 30-ի որոշմամբ հաստատված կոմիտեի աշխատողների թվաքանակը (ընդամենը` 42 միավոր): Միաժամանակ, աշխատանքի վարձատրության համար միջոցները նախատեսվել են 10 ամսվա համար, բացառությամբ` կոմիտեի նախագահի եւ նախագահի առաջին տեղակալի: ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կլուծվի «ՀՀ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի պահպանման ծախսերի ֆինանսական ապահովման հարցը:
ՏԱՐԻՔԸ ԼՐԱՑԱՎ
Մարտի 2-ից Սերժ Սարգսյանի հրամանագրով Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հայկ Խաչատրյանի լիազորությունները դադարեցվեցին: «Ժողովուրդ»-ը Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուզաննա Բարսեղյանից պարզեց, որ Հայկ Խաչատրյանի լիազորությունները դադարեցվել են աշխատանքային տարիքը լրանալու պատճառով: Ու թեեւ վերջերս դատավորների թոշակի հետ կապված օրենսդրական խնդիրներ կան եւ շատ դատավորներ դժգոհ են իրենց ապագայի անորոշությունից, այնուամենայնիվ, Հայկ Խաչատրյանը «Ժողովուրդ»-ին վստահեցրեց, թե ուրախ է, որ թոշակի է անցել:
ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԵՔԵՆԱՆ՝ ԱԿՈՒՄԲՈՒՄ
Երեկ երեկոյան լարված իրավիճակ է ստեղծվել «Մոցարտ» կարաոկե ակումբում: Մեզ հասած տեղեկություններով՝ երեկոյան ուշ ժամի կարաոկե ակումբին երկու շտապօգնության մեքենա է մոտեցել, եւ բավականին երկար ժամանակ շտապօգնության աշխատակիցները դուրս չեն եկել կարաոկե ակումբից: Ինչ է կատարվել ակումբում. «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել կարաոկեի տնօրինությունից: Ակումբի մենեջեր Կարենը հրաժարվեց՝ ասելով, թե իրենք որեւէ մեկնաբանություն չեն կարող տալ եւ, առհասարակ, ըստ նրա, կարաոկե ակումբում արտակարգ իրավիճակ չկա:
Հիշեցնենք, որ «Մոցարտ» կարաոկե ակումբում 2011-ին աղջիկների ծեծկռտուք էր եղել. նրանցից մեկը գարեջրի շշով հարվածել էր մյուսի գլխին: Ու չի բացառվում, որ երեկ էլ այդպիսի դեպք պատահած լիներ:
ԲԼԹ
«Ռուս-ուկրաինական հարաբերությունների սրումը բացասական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա»:
Գարեգին Նուշիկյան 168.am
Ինչ լավ է, որ միջազգային հարաբերություններում հաճախ լարվածություն է առաջանում եւ սրվում են տարբեր երկրների միջեւ հարաբերությունները, քանի որ մեր իշխանությունների համար յուրաքանչյուր նման սրում հիանալի առիթ է դառնում արդարացնելու իրենց ապաշնորհությունը եւ հիմնավորելու ժողովրդի թալանը: Եվ, իհարկե, նման հիմնավորումները հիմնականում փոխանցվում են ՀՀԿ-ական պատգամավորների միջոցով: Այսինքն՝ ուզում են ասել` ժողովուրդ ջան, շուտով կարող է տնտեսական վիճակն է՛լ ավելի վատանալ, նոր թանկացումներ լինել, պետք է դիմանաք, քանի որ Ռուսաստանն ու Ուկրաինան պատերազմում են:
«Զարգացումները հարափոփոխ են, իրավիճակն այնքան արագ է փոխվում, որ կարծում եմ՝ դրանց հետ կապված որեւէ կանխատեսում անելը շատ անշնորհակալ գործ է»:
Գագիկ Մինասյան 168.am
ՀՀԿ-ն փաստորեն հանրությանը զոմբիացնելու փորձերը կարողանում է նաեւ մտածված անել` կիրառելով համապատասխան տեխնոլոգիաներ: Եթե մեկի միջոցով ազդակ է հասցնում, որ շուտով ամեն ինչ ավելի է վատանալու, եւ նախապես ստիպված եք համակերպվել, ապա միաժամանակ մեկ ուրիշ ՀՀԿ-ականի միջոցով էլ փոխանցում է հուսադրող ազդակներ` դրանով իսկ փորձելով շտկել իրավիճակը, բալանսավորել եւ կանխել հնարավոր խուճապը: Բանաձեւը ստացվում է այսպես. ամեն ինչ վատ է լինելու, համակերպվեք, բայց հնարավոր է նաեւ վատ չլինի, դեռ վաղ է որեւէ կանխատեսում անել: Սա նաեւ մարդկանց լարված պահելու հիանալի միջոց է:
«Հայաստանի պետական մարմինները հասարակությանն արդեն քիչ ինֆորմացիա չեն տվել գազի գնի վերաբերյալ»:
Վարդան Այվազյան news.am
Իհարկե, պետական մարմինները հասարակությանն այնքան էին գազի գնի մասին ինֆորմացիա տալիս, որ հասարակությունը նույնիսկ ընդվզում էր` պահանջելով այլեւս իրենց չխեղդել այդչափ տեղեկատվական հոսքերով: 300 միլիոնի պարտքն էլ երեւի նույն հասարակության խնդրանքով էր գոյացել, նրանք այնքան ինֆորմացված էին, որ ստիպել են կառավարությանը պարտքեր գոյացնել: Հիմա էլ, հավանաբար, բողոքում են, թե ինչու ընդամենը 300 միլիոնի, այն դեպքում, երբ շատ հանգիստ կարելի էր 1 միլիարդի պարտք կուտակել: Ահա այդպիսին է այս հասարակությունը, միշտ բողոքում եւ չի գնահատում հատկապես ՀՀԿ-ական պատգամավորների նվիրվածությունը:
ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ