ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

«Վիկիլիքսյան» հրապարակումների շարքում տեղ գտած հերթական փաստաթուղթը պատմում է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Թինա Քայդանաուի՝ 2009թ. հոկտեմբերին Հայաստան կատարած այցելության շրջանակներում ՀԱԿ-ի ու ՀՅԴ-ի հետ հանդիպման մասին: Քննարկման կենտրոնական թեմաները եղել են հայ-թուրքական հարաբերություններն ու ԼՂ հակամարտությունը: Փաստաթղթում, որը հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը, ներկայացված են ոչ միայն օտարերկրացիների տեսակետները, այլեւ հայաստանյան զրուցակիցների մեկնաբանությունները:

ՀԱԿ-ի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են Լեւոն Տեր-Պետրոսյանի մատնանշած 4 ամենասուր հիմնախնդիրները, որոնք ծառացած են ՀՀ առաջ՝ ժողովրդավարության բացակայություն, կառավարական կոռուպցիա, հայ-թուրքական հարաբերություններ ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր: ՀՀ առաջին նախագահը նշել է, որ թեպետ իր համար լիովին հասկանալի է, թե ինչու է ԱՄՆ-ն կենտրոնացել հատկապես վերջին երկու խնդիրների վրա, բայց եւ այնպես «ներքին հիմնահարցերը եւս պետք է գրավեն աշխարհի ուշադրությունը»: Տեր-Պետրոսյանն արտահայտել է իր դժգոհությունն առ այն, որ ԱՄՆ-ն բավականաչափ կոշտ չի արձագանքում Հայաստանի ժողովրդավարական ազատության խնդրին, այդ թվում՝ 2008թ. հետընտրական իրադարձությունների արդյունքում ձերբակալվածների ազատ արձակման պահանջին. «Եթե ԱՄՆ-ն հետաքրքրված է ժողովրդավարական վերափոխումներում, ապա պետք է օգնի Հայաստանի ընդդիմադիր կազմակերպություններին»,-նշել է Տեր-Պետրոսյանը: Նա ընդգծել է, որ ավելի բաց հասարակությունը մեծապես կօժանդակի ՀՀ իշխանություններին՝ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործում: ՀԱԿ առաջնորդի վստահեցմամբ՝ իշխանությունների թափանցիկությունը կօգնի հակել հասարակությանը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությանը:
Թ. Քայդանաուն չի համաձայնել Տեր-Պետրոսյանի այն պնդմանը, թե ԱՄՆ կառավարությունը քիչ ուշադրություն է դարձնում ժողովրդավարական վերափոխումներին: Նա արձանագրել է, որ ԱՄՆ-ն մշտապես բարձրացրել է ժողովրդավարական ազատությունների հիմնախնդիրները կառավարության հետ զրույցներում՝ նաեւ ճնշումներ բանեցնելով քաղբանտարկյալների ազատության ուղղությամբ: Քայդանաուն վստահեցրել է, որ ԱՄՆ կողմից «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով նախատեսված ֆինանսավորման դադարեցումը կառավարության համար հստակ ազդակ է, որ այս խնդիրներին պետք է ուշադրություն դարձնել: «Բայց մնացած հարցերում, եւ հատկապես կոռուպցիայի վերացման գործում, հայ հանրությունը եւ քաղաքացիական տարրերը պետք է քայլեր ձեռնարկեն ու առաջին հերթին իրե՛նք փոփոխություններ պահանջեն: ԱՄՆ-ն կարող է ռեսուրսներ տրամադրել, բայց հայերը պետք է լինեն պատասխանատուն»: Հատկանշական է, որ երբ հայ հանրությունը վեց տարի առաջ փոփոխություններ էր պահանջում եւ այդ պահանջով ոտքի էր կանգնել, այդժամ ԱՄՆ-ն ոչ միայն չօգնեց, այլեւ միանշանակորեն խանգարեց՝ ճանաչելով կեղծված ընտրությունների արդյունքները եւ քաղաքական ինդուլգենցիա տալով 10 մարդ գնդակահարած իշխանությանը:
Ամերիկացի պաշտոնյայի մյուս հանդիպումը տեղի է ունեցել ՀՅԴ-ի հետ, իսկ հանդիպմանը մասնակցել են կուսակցության ղեկավար կազմի ներկայացուցիչներից Արմեն Ռուստամյանը, Կիրո Մանոյանը եւ Լեւոն Մկրտչյանը: Զեկուցագրի հեղինակի փոխանցմամբ` «դաշնակներն ասացին, որ տեղի ունեցող գործընթացին նայում են իրենց 120-ամյա պատմության պրիզմայով, ավելին՝ գոհունակ են նորմալացման գործընթացում ԱՄՆ կառավարության մասնակցությունից, քանի որ հիշում են Առաջին աշխարհամարտից հետո վերջինիս ցուցաբերած աջակցությունը: Նրանք պնդում են, որ դեմ չեն սահմանների բացմանը, բայց դեմ են արձանագրություններում առկա մի քանի կետերի. 1. հայ-թուրքական պատմաբանների հանձնաժողով, 2. Հայաստանը ճանաչում է Թուրքիայի պետական սահմանները, 3. Հայաստանի վերաբերմունքը ԼՂ հանդեպ չի ճանաչվում արձանագրություններում: Դաշնակների համոզմամբ՝ ավելի ճիշտ կլիներ մի որոշ ժամանակ էլ ծախսել բանակցությունների վրա, քան թե այժմ որոշում կայացնել, որը վտանգի տակ է դնում ազգը»: Պատասխանելով ՀՅԴ-ականներին՝ Քայդանաուն նշել է, որ Հայաստանի մեկուսացվածությունը խիստ խանգարում է երկրի զարգացմանը եւ հիշեցրել, թե որքան մեծ ազդեցություն էր ունեցել Հայաստանի մեկուսացվածության վրա ռուսական զորքերի մուտքը Վրաստան: Քայդանաուն ընդունել է, որ արձանագրությունները կարող են ունենալ կետեր, որոնք դաշնակների համար ընդունելի չեն, ԱՄՆ կառավարության համոզմամբ՝ արձանագրությունների դրական կողմերն ավելի շատ են եւ գործընթացը պետք է առաջ մղվի:
Այսպիսով՝ ինչպես ցույց տվեց ժամանակը, այս գործընթացում ամերիկացիների համար բավական եղավ այն, որ Հայաստանի իշխանությունը դե յուրե կասկածի տակ դրեց Ցեղասպանության փաստը՝ ազատելով Օբամային իր «ուխտից»: Երկակի ստանդարտների տեսանկյունից՝ հոգ չէ, որ գործընթացի արդյունքում խայտառակվեց մի կոռումպացված իշխանություն, Հայաստանի ժողովուրդը տարվեց սին «բարեկամական հովերով», իսկ սահմանը շարունակեց մնալ փակ:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԷԼ ՉԻ ՕԳՆԵԼ

ՀՀ Արագածոտնի մարզի եզդիաբնակ Միրաք համայնքի բնակիչները կանգնել են փաստի առաջ: Միրաքի համայնքապետ Ալիկ Նամոյանի խոսքով՝ 90 բնակիչ ունեցող գյուղի մեծ մասն այս տարիների ընթացքում ունի տոննաներով կուտակած ոչխարի բուրդ, որը մարդիկ չեն կարողանում իրացնել:

-Եկամտի միակ աղբյուրը անասնապահությունն է: Աշխատատեղ չկա, ոչ մի բան չկա, ոչ ֆաբրիկա, ոչ գործարան: Զբաղմունք չկա:
-Այդ պատճառո՞վ են մարդիկ հեռանում:
-Գյուղից գնում են ու գալիս: Հենց գնում են, գնում եմ խնդրում, նորից հետ եմ բերում, բայց մեկ է՝ տեսնելով, որ ոչինչ չկա, հետ են գնում:
-Քանի՞ ընտանիք եք հետ բերել:
-Էս վերջերս երկու ընտանիք բերեցի, բայց էլի են գնալու: Եկամուտ չկա, ժողովուրդը չի կարողանում ապրել: Էս Ռուսաստանն էլ կտրին, մարդիկ խոպան էլ չեն կարողանում գնան:
-Ձեր գյուղի բնակիչները հիմնականում ոչխարաբուծությամբ են զբաղվում:
-Ճիշտ է, ոչխար պահում են, բայց եկամուտ չկա: Մեր գյուղացիների 80 տոկոսը երեք-չորս տարի է, ինչ կուտակած բուրդ ունի, բայց մարդիկ չեն կարողանում վաճառել: Հայաստանում նման վաճառքի կետ չկա, որ տանենք ու իրացնենք: Այ էսպես շիվարել ենք ու չգիտենք ինչ անենք:
-Մի՞շտ եք ունեցել այս խնդիրը:
-Մեր տանիքում հիմա վեց տոննա բուրդ կա: Եթե 1 կգ բուրդն արժե 500 դրամ, ապա վեց տոննան՝ 3 մլն դրամ: Այսքան գումար հիմա իմ տանիքում դրված է: Տարիներ առաջ նման խնդիր չի եղել: Մարդիկ նորմալ կարողանում էին իրենց բուրդն իրացնել: Գալիս էին օժիտի համար տանում: Հիմա երեւի աղջիկ չեն ամուսնացնում կամ էլ օժիտ չեն տալիս:
-Վերջերս ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանն այցելել էր Արագածոտնի մարզ: Խոսեցի՞ք նրա հետ այս խնդրի մասին:
-Մենք այդ հարցը տվեցինք նրան: Բայց ինչ…
-Ի՞նչ պատասխանեց:
-Ասաց, որ Հայաստանում նման բան չկա: Նման տեղ չկա, որ տանենք ու հանձնենք: Ինչ անենք, նա էլ չգիտի:
-Լավ, պարոն Նամոյան, Դուք Ձեր համայնքի երիտասարդ աշխատակիցների աշխատավարձերից Կուտակային ֆոնդի համար գումար պահե՞լ եք:
-Այո, փոխանցել ենք:
-Ինչպես են մարդիկ վերաբերվում դրան:
-Դե ես նախագահ մարդ եմ, ինքն էլ իմ աշխատողն է, ես ասում եմ, որ ոնց ամբողջ Հայաստանում է, այնպես էլ մեզ մոտ է: Ճիշտ է, իրենց համար էլ է դժվար, բայց ինչ անենք:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ԼՈՒՐԵՐ

ՆՈՐ ԱԿՑԻԱ
Մարտի 7-ին՝ ժամը 12:30-ին, «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը բողոքի ակցիա է կազմակերպում ՀՀ ֆինանսների նախարարության մոտ: «Այլեւս անհանդուրժելի են Ֆինանսների նախարարության կողմից գործադրվող ճնշումները գործատուների ու հաշվապահների վրա: Գերազանցելով իր լիազորությունների շրջանակը՝ ճնշման, ապատեղեկատվություն տարածելու եւ ահաբեկման միջոցով, Ֆինանսների նախարարությունը գործատուներից ուղղակիորեն կորզում է պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարները: Ուստի մենք, որպես ՀՀ քաղաքացիներ, չպետք է թույլ տանք Ֆինանսների նախարարության իրավասությունների որեւէ սահմանազանցում»,-նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը, որով նախատեսվում է 1974-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիների ամսական աշխատավարձից 5%-ի չափով պարտադիր հատկացումներ կատարել կենսաթոշակային հիմնադրամներին: Իսկ հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը մինչեւ խորհրդարանական չորս ուժերի դիմումի՝ 2014թ. մարտի 28-ին նշանակված բանավոր ընթացակարգով քննությունը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը:

 

ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺԱԿԸ ԼՑՎԵԼ Է
«Տոնուս» ՍՊԸ-ի կառուցած 2 շենքերի խաբված բնակարանատերերի համբերությունն արդեն սպառվում է. «Արցախբանկը» ձգձգում է գործը եւ հստակ պատասխան չի տալիս, իսկ բնակիչներն էլ սպառնում են դիմել ծայրահեղ միջոցների: Երեկ հուսախաբ եղած բնակիչները կրկին հավաքվել էին «Արցախբանկ»-ի Նաիրիի մասնաճյուղի մոտ՝ պահանջելով, որ բանկը իրենց հստակ պատասխանի, թե երբ է լուծվելու իրենց խնդիրը: «Մենք ուզում ենք «Արցախբանկից» պատասխան լսել: Արդեն երկար ժամանակ է, ինչ այս հարցը ձգձգվում է: Ուզում ենք իմանալ, թե երբ է բանկը վերջնական որոշում կայացնելու, որ կառավարության հետ համագործակցելով այս հարցը լուծի»,-բողոքում է բնակիչ Աննա Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանին պատկանող «Տոնուս Քոնսթրաքշն» ընկերությունը նորակառույց շենքի բնակարանները վաճառել է քաղաքացիներին, սակայն հետագայում դրանք գրավադրել է «Արցախբանկում»: Ընկերությունը սնանկ է ճանաչվել, իսկ «Արցախբանկը» տիրացել է բնակարաններին եւ այժմ բնակարանատերերից լրացուցիչ գումար է պահանջում՝ բնակարանները նրանց վերադարձնելու համար:
Տուժած բնակիչներից Ռուզան Սարգսյանը հայտարարել է, թե երբ «Արցախբանկ»-ն իրեն կանչի եւ ինչ-որ տարբերակ առաջարկի, հավաքելու է իր երեխաներին, «վեշերով գնա բանկի մոտ եւ մնա». «Հոգնել եմ արդեն, 8 տարի վարձով եմ ապրում»:
Խաբված բնակիչներից մեկը հանդիպել է բանկի ներկայացուցիչների հետ, որոնք խոստացել են 2 օրվա ընթացքում հստակ պատասխան տալ իրենց որոշման մասին: Ուստի բնակիչները որոշել են սպասել եւս երկու օր, եւ դրական պատասխան չստանալու դեպքում դիմել այլ միջոցների:

Ն. Պ.

 

 

 




Լրահոս