ՀԵՌԱՑՎԵԼ Է ԲՀԿ-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի խմբագրություն էր եկել մի տղամարդ եւ վրդովված պատմում էր, որ իրեն օգնություն է հարկավոր, քանի որ իրեն աշխատանքից հեռացրել են այն պատճառով, որ մասնակցել է ԲՀԿ-ի հանրահավաքին: 1956 թվականին ծնված Գագիկ Դավթյանը նշեց, որ ինքը Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի դպրոցի  պահակն է: Երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավի ժամանակ այցելել է Վարդենիս, Դավթյանը եւս գնացել է նախընտրական հանդիպմանը` իր հարազատ կուսակցությանը սատարելու համար: Հաջորդ օրը դպրոցի տնօրենը տեղեկացրել է, որ նա աշխատանքից հեռացված է՝ շեշտելով, որ իրեն «վերեւներից» են ասել:
Մեր զրուցակիցն ասաց, որ Կարճաղբյուր գյուղի բնակիչ է. «Ինձ շանտաժի են ենթարկել, ինձ աշխատանքից են ազատել, ես պահակ եմ աշխատում Կարճաղբյուրի միջնակարգ դպրոցում, ինձ ասում են՝ քանի որ դու մասնակցել ես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավին, դրա համար հեռացնում ենք աշխատանքից: Ես ցանկանում եմ, որ ինձ պաշտպանեք, քանի որ իմ իրավունքներն են ոտնահարում, պահակի են աշխատանքից ազատում նրա համար, որ մարդը գնում ա, քարոզարշավի ա մասնակցում»:
Դավթյանը նշեց, որ ինքն ընդամենը 6 ամիս է, ինչ այդ դպրոցում պահակ է աշխատում եւ այդ ընթացքում  որեւէ խնդիր չի ունեցել: «Տարբեր տեղերից զանգում են, տնօրենին ուգրաժատ են անում, ասում են՝ էդ քո պահակը «Բարգավաճ»-ի հանրահավաքին է մասնակցել, ազատե՛ք աշխատանքից: Հանրապետական կուսակցության անդամները դպրոցի տնօրենին ուգրաժատ են անում, ասում են՝ ինչի ես ԲՀԿ անդամին պահակ նշանակել…»,-ասաց մեր զրուցակիցը:
«Ես հիմա Գագիկ Ծառուկյանին եմ դիմում, ես կուսակցության հիմնադիրներից եմ ու էսօր անաշխատանք եմ նրա համար, որ իր կուսակցության անդամն եմ, էս ի՞նչ  ա կատարվում էս երկրում, մենք չե՞նք կարա մեր կարծիքն ունենանք: Էսօր ինձ դպրոցի տնօրենը կանչել ա ու ասում ա` ինչի ես մասնակցել ԲՀԿ-ի հանրահավաքին»,-վրդովված պատմեց դպրոցի արդեն նախկին պահակը` նշելով, որ ինքը շատ է ցանկանում, որպեսզի ԲՀԿ առաջնորդը տեղյակ լինի, թե իրականում ինչ է կատարվում, եւ ինչ է լինում իր կուսակիցների «ճակատագիրը», երբ սատարում են իրեն: Գագիկ Դավթյանն ասաց, որ ինքն այժմ անհուսալի վիճակում է գտնվում, եւ իր համար անհասկանալի է, թե ի վերջո, ինչ է լինելու, քանի որ իրեն արդեն աշխատանքից ազատել են ԲՀԿ-ական լինելու պատճառով:
«Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել Կարճաղբյուրի միջնակարգ դպրոցի տնօրեն Ավթանդիլ Գրիգորյանի հետ (բոլորը նրան Տարիել անունով գիտեն): Գրիգորյանը միանգամից ասաց, թե մեր տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Իսկ հարցին, թե ինչու է դպրոցի պահակ Գագիկ Դավթյանին աշխատանքից հեռացրել, պատասխանեց, թե նման բան չկա: «Ես չեմ հեռացրել,  պահակն ինձանից տենց բան լսե՞լ ա, էտենց բան չի եղել, ես պահակին աշխատանքից չեմ հեռացրել, ես պահակին որեւէ թթու խոսք չեմ ասել: Ոչ մի բան չի եղել, ես պահակի հետ պրոբլեմ չունեմ: Է՛, լավ ա արել` գնացել մասնակցել ա հանրահավաքին, պահակն ինձանից ի՞նչ ա լսել, ես ոչ մի բան չեմ ասել: Ախր հարյուր տոկոսով սուտ ա, ես ընդհանրապես պահակի հետ ըտենց խոսակցություն չեմ ունեցել»,-վստահեցրեց Գրիգորյանը:
Թեեւ դպրոցի տնօրենը մեզ հետ զրույցում անընդհատ նշում էր, որ ինքը պահակին չի հեռացրել աշխատանքից, սակայն ակնհայտորեն խառնվել էր իրար եւ չէր կարողանում կոնկրետ նշել, թե իրականում ինչ է տեղի ունեցել իր եւ իր աշխատակցի միջեւ, որն է եղել իրենց վեճի առարկան. «Ո՞վ ա իրան սպառնացել կամ իր հետ խոսել իր՝ հանրահավաք գնալու մասին, ես իր հետ ընդհանրապես ընտրությունների թեմայով չեմ խոսել, անգամ բանավոր չեմ ասել, որ իրեն աշխատանքից հեռացրել եմ»:
Կրկին զրուցեցինք Գագիկ Դավթյանի հետ, սակայն վերջինս պնդեց, որ իր ասածն է ճշմարտությունը, եւ խնդրեց անպայման այդ ամենի մասին փոխանցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին:
Մենք դիմեցինք նաեւ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանին, որը նշեց, որ իրենք անպայման արձագանքելու են իրենց կուսակցի խնդրին, սակայն միմիայն հարցն ամբողջությամբ ուսումնասիրելուց հետո:  

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս