ՊԱՏՌԵՑ ՀՀԿ ՊԱՍՏԱՌՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով էր դիմել «Իրավունքի պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Սիրանուշ Սահակյանի լիազոր ներկայացուցիչ Սիրուշ Աղվանյանը: Վերջինիս պնդմամբ` ՀՀԿ-ն ԱԺ ընտրությունների օրը խախտել է քարոզչություն անելու կանոնները. մասնավորապես` Իջեւան քաղաքի թիվ 41/24 ընտրատեղամասի շենքին առկա են ՀՀ զինված ուժերի 20-ամյակին նվիրված պաստառներ, իսկ ընտրատեղամասից անհրաժեշտ 50 մետր հեռավորությունը չպահպանելով՝ կից շենքին փակցված են ՀՀԿ պաստառներ: Բացի այդ՝ ընտրական տեղամասի առաջ ՀՀԿ դրոշներ են ծածանվում: Սիրուշ Աղվանյանը դիմումի մեջ նշել է, որ ընտրական տեղամասի նախագահ Ֆելիքս Ափինյանն այդ մասին տեղեկացվել է, սակայն նա միջոցներ չի ձեռնարկել: Դիմումատուն վկայակոչել է ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 40-րդ հոդվածը, որով քվեարկության կամ դրա նախորդող օրը քարոզչություն կատարելն առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկի սահմաններում: Դիմումատուն ԸԸՀ-ին խնդրել է կազմել վարչական իրավախախտման արձանագրություն եւ հայց ներկայացնել դատարան: Սիրուշ Աղվանյանի դիմումը թիվ 41 ԸԸՀ-ն դեռեւս չի քննարկել, հանձնաժողովում այդ առթիվ «Ժողովուրդ»-ի թղթակցին հայտնեցին, որ դիմումները կարող են քննարկել 3 օրվա ընթացքում, նաեւ նշեցին, որ այդ դիմումն իրավական առումով թերություններով  է կազմված: «Ընտրական իրավունքի պաշտպանություն» դիտորդական խմբի անդամների հետ եղանք 41/24 ընտրատեղամասում եւ հանդիպեցինք Ֆելիքս Ափինյանի հետ:  Վերջինս ասաց, որ զինված ուժերի հոբելյանի առթիվ պաստառը կապ չունի քարոզարշավի հետ, հետո պատռեց ընտրատեղամասի կողքին գտնվող շենքի` Իջեւանի տուրիստական կենտրոնի պատին փակցված ՀՀԿ-ի նախընտրական պաստառները: Իսկ ընտրական տեղամասի շենքի առաջ ՀՀԿ դրոշները շարունակեցին ծածանվել:




Լրահոս