Հայաստան-Ֆրանսիա հանդիպումից հետո տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը.
– Ինչպե՞ս կգնահատեք հանդիպումը:
– Ինչպես երեկ նշեցի, գիտեի, որ շատ բարդ հանդիպում է սպասվում: Արդյունքից զարմացած չեմ. իմ ֆուտբոլիստներն ամեն ինչ արեցին, ես հպարտ եմ նրանցով: Կարողացան նույնիսկ գոլային պահեր ստեղծել…
– Հովհաննես Համբարձումյանը, փոխարինման մտնելով խաղաց ավելի առաջ քաշված. ինչպե՞ս եք գնահատում նրա խաղը:
– Նախ պետք է ասեմ, որ ունեի հարձակման գիծն ուժեղացնելու այլ տարբերակներ, սակայն Համբարձումյանն ակումբային մակարդակով հիանալի հարձակվողական ունակություններ է ցուցաբերել: Մյուս կողմից էլ, պետք է ուժեղացվեր պաշտպանությունը, քանի որ թարմ Վալբուենան վտանգ էր ներկայացնում:
– Ձեզ համար ի՞նչ նոր բան բացահայտեցիք:
– Նախևառաջ հիմնական դասը, որ քաղեցի, հերթական անգամ համոզվելն էր, որ պետք է ապավինել թիմային, կոլեկտիվ խաղին: Համախմբված խաղը կտա իր արդյունքը:
– Հավաքականում իր նորամուտը նշած Արտյոմ Սիմոնյանի խաղի վերաբերյալ ի՞նչ կասեք:
– Տեխնիկական առումով Սիմոնյանի խաղից գոհ եմ. նա նաև լավ էր գործում պաշտպանողական գործողություններում: Նա բարձր մակարդակում շատ բան ունի ապացուցելու: