«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Բավական տեւական ժամանակ է, ինչ համաշխարհային շուկայում նկատվում է վառելանյութի գների անկում: Մասնավորապես վերջին չորս ամսվա ընթացքում նավթն էժանացել է գրեթե 22 տոկոսով: Եթե անցյալում գնային նման փոփոխություններն այս կամ այն ձեւով ազդում էին նաեւ հայաստանյան շուկայի վրա, ապա այժմ դա նկատելի չէ: Պատճառն այն է, որ Հայաստանը դադարեցրել է վառելանյութ, մասնավորապես բենզին ներկրել նախկին գործընկեր երկրներից: Տարեսկզբից ներմուծման հիմնական աղբյուրը դարձել է Ռուսաստանը: Մինչդեռ ռուսական շուկայում նավթամթերքի ներքին գները վերջին ամիսներին ոչ միայն չեն իջնում, այլեւ նույնիսկ բարձրանում են: Ամեն դեպքում սպասվում է, որ այսօրվանից վառելանյութի ներքին գները Հայաստանում կնվազեն: Թեպետ էժանացումը մեծ չի լինի: Լիտրի հաշվով նախատեսվում է գներն իջեցնել 10 դրամով: Այլ կերպ ասած, «ռեգուլյար» տիպի բենզինի գինը գործող 470 դրամի փոխարեն կդառնա 460, «պրեմիումինը»` 490-ի դիմաց 480 դրամ: Կէժանանա նաեւ դիզելային վառելիքը` լիտրի հաշվով դարձյալ 10 դրամով։ Ըստ այդմ, դիզելային վառելիքի գինը 360-ից կդառնա 350 դրամ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: