Ս. Սարգսյանի առաջին ընդդիմադիրը հենց ինքն է. Գ. Եղիազարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդդիմադիր քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը ոչ իշխանական երեք ուժերից հավատում է միայն ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի անկեղծությանը: Նշելով այս մասին Armlur.am-ի հետ զրույցում` նա հավելեց, թե «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակի հարթակն օգտագործում է սեփական շահերի համար:

– Պարո՛ն Եղիազարյան, Ձեզ համար զարմանալի չէ՞, որ երեք կուսակցությունների առաջնորդներ Րաֆֆի Հովհաննիսյանը, Գագիկ Ծառուկյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր մեկ բեմում կանգնած համագործակցում են:

– Կրկնեմ Ուինսթոն Չերչիլին. դիվանագետներից մեծագույնն ասում էր հետևյալը. «Չկան հավերժական բարեկամներ և չկան հավերժական թշնամիներ»:

– Բայց չէ՞ որ ոչ վաղ անցյալում Լ. Տեր-Պետրոսյանը ԲՀԿ առաջնորդին սպառնում էր  քաղաքական «բոմժ սարքել»: Այժմ ի՞նչ է փոխվել, Գ. Ծառուկյա՞նն է այդքան անկրկնելի  դարձել:

– Լևոն Տեր-Պետրոսյանը ոչ միայն Գ. Ծառուկյանին էր այդ կարգավիճակը կանխատեսել, այլև՝ ցանկացած օլիգարխի, ով դեմ դուրս կգա գործող կարգերին, այդ բռնապետությանը: Բռնապետության մեջ, որպես կանոն, հարուստները երկար կյանք չեն ունենում: Դա ցանկացած բռնապետության գործառույթի մեջ է մտնում: Լ. Տեր-Պետրոսյանը նկատի է ունեցել ցանկացածին, ոչ թե միայն Գագիկ Ծառուկյանին:

– Իսկ Դուք Գագիկ Ծառուկյանի անկեղծությանը հավատո՞ւմ եք: Ըստ ձեզ՝ նա մինչև վերջ կգնա՞:

– Ես հավատում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի անկեղծությանը: Ես չեմ ցանկանում մեկնաբանել իմ հարաբերությունները և ցանկությունները: Ես ուղղակի «եռյակի» մեջ, միանշանակ, կողմ եմ Լ. Տեր-Պետրոսյանի առաջ քաշած մոտեցումներին:

– Անդրադառնանք Րաֆֆի Հովհաննիսյանին: Մարդկանց մեծ մասն այն տեսակետն ունի, թե վերջինս  կարծես ավելորդ լինի «եռյակ»-ում, և տեղեկություններ կան, թե «Ժառանգություն»-ը պատրաստվում է լքել այն:

– Ր. Հովհաննիսյանն այդ հարթակն օգտագործեց ինչ-ինչ մտադրություններ իրականացնելու համար, որոնք ոչ մի կապ չունեին հանրահավաքի նախապատմության հետ: Ես շատ հավանական են համարում, որ նա կլքի «եռյակը», քանի որ նա այդ հարթակն օգտագործում է Մաքսային միության դեմ ելույթ ունենալու համար: Ի վերջո, «քառյակից» կմնան երկուսը:

– Ինչպե՞ս եք վերաբերվում այն հանագամանքին, որ հանրահավաքի ժամանակ ներկաները Գ. Ծառուկյանին ընդունում էին որպես ապագա նախագահ:

– Ես, ճիշտն ասած, «եռյակից» նախագահ եմ տեսնում միայն Լևոն Տեր-Պետրոսյանին, քանի որ նա միակ մարդն է այսօր Հայաստանում, որը հնարավարություն կունենա մեր երկիրն այս վիճակից հանելու: Իմ կարծիքով՝ այսօր Սերժ Սարգսյանի առաջին ընդդիմադիրը հենց Ս. Սարգսյանն  է: Այս ամեն ինչը, ինչին մենք ականատես ենք լինում, հետ նայելով՝ պետք  է հասկանանք, որ հենց ինքը պետք  է լինի իր իսկ առաջին ընդդիմադիրը: Ամոթ է երկիրն այս վիճակով թողնելը. Ս. Սարգսյանը պետք է թողնի և հեռանա:

 Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս