Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստից առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի առջև լարված իրավիճակ է. այս անգամ առավել, քան նախկինում:
Դատարանի առջև են նրանց հարազատները` մոտ 30 հոգի, որոնց ներս չեն թողնում: Նրանք պնդում են, որ ԲՀԿ-ի և մյուս կուսակցությունների ներկայացուցիչները դուրս գան դատարանից և տեղ տան հարազատներին:
Բարեկամներից մեկին հաջողվել է վերև բարձրանալ և քաղաքական գործիչներին հորդորել դուրս գալ նիստերի դահլիճից: Հորդորին հետևել են ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյան, իսկ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ ներսում է:
Ս. Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե նիստերի դահլիճի կահավորանքը, նույնիսկ դատավորի թիկնոցը համապատասխանում է չափանիշներին, բայց թիկնոցի ներսի պարունակությունը` ոչ: