«Ինչո՞ւ էին վախվորած իրենց կույս պատկերացնում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, մեծահարուստների առանձնատների թալանի մեջ մեղադրվող հայտնի «բանդայի» անդամների գործով դատական հերթական նիստին պաշտպանական կողմը հանդես եկավ միջնորդությամբ:

Ամբաստանյալ Սամվել Դավթյանի պաշտպան Կարեն Հակոբյանը միջնորդություն ներկայացրեց կրկնակի փորձաքննություն անցկացնելու մասին: Պաշտպանի հիմնավորմամբ` նախորդ դատական նիստին հարցաքննված դատամատնադրոշմային փորձագետը չկարողացավ հիմնավորել փորձաքննության եզրակցությունը: Պաշտպանը խնդրեց ներկայացնել` ինչպիսի քիմիական փոշիներ, վրձիններ են օգտագործվել փորձաքննության ժամանակ: Նրա խոսքով` համալիր փորձաքննությունն առանձին-առանձին անցկացնելը դատավարության նորմի կոպիտ խախտում է:

Պաշտպանի միջնորդությանը միացավ նաև Արտյուշա Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը: Վերջինիս խոսքով` հնարավոր չէ փոքր դալտոժապավենի օգնությամբ նույնականացմանը պիտանի մատնահետք վերցնել: Ուստի միջնորդեց ներկայացվածին ավելացնել ևս մեկ կետ իր մատնանշած հարցով:

Մեղադրող Սասուն Խաչատրյանը խնդրեց մերժել միջնորդությունն այն պատճառաբանությամբ, որ գործի այս փուլում հնարավոր չէ կրկնակի փորձաքննություն անցկացնել, քանի որ հիմքն անհասկանալի է:

«Կրկնակի փորձաքննություն նշանակվում է այն դեպքում, երբ փորձագետի եզրակցությունը կամ օբյեկտիվության հարցը կասկած են հարուցում:Եթե ասեիք առաջնային փորձաքննություն, էլի կհասկանայի: Քանի որ փորձագետը պետք է պատասխանի կողմի բոլոր այն հարցերին, որոնք առաջանում են, իսկ քանի որ այդ հարցերի պատասխանները չեն գոհացնում էն կողմին, նրանք նման միջնորդություն են ներկայացնում: Տվյալ դեպքում Հակոբյանի միջնորդույթունը տեղին չէ, քանի որ թեքության հարց բացարձակապես չի եղել: Փորձագետն ամեն ինչ տեղին բացատրել է: Կրկնակի փորձաքննություն անելու հնարավորություն էլ չկա, քանի որ բոլոր օբյեկտներն արդեն իսկ օգտագործվել են»,- պարզաբանեց մեղադրող կողմը:

Իսկ Արտյուշա Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը նկատեց, որ հակասական պարզաբանումներ են տրվել մատնադրոշմային փորձագետի կողմից:

«Քննիչը մեկ միասնական փորձաքննություն էր նշանակել: Փորձագետը չկարողացավ համապատասխան հիմնավորումները տալ, թե յուրաքանչյուր անձի բանաձևերից որն է տրվել, որ հատկանիշներից ելնելով է կատարվել փորձաքննությունը: Հիմնավոր կասկած է առաջացնում, թե նախաքննության ընթացքում մինչ փորձաքննություն անցկացնելն իրերը զննվե՞լ են, թե՞ ոչ: Վերնագիրը գրած է կրկնակի, դարձնենք առաջնային: Ես դեռևս 2011 թվականին եմ ներգրավվել այս գործում, այս մարդուն հանրային պաշտպան էին ցանկանում տրամադրել: Այն էլ այս գործով, միայն դատարանի միջամտությամբ հնարավոր եղավ ներգրավվել: Ինչու՞ էին վախվորած իրենց կույս պատկերացնում, ու վախենում էին եղածը ներկայացնել մեզ: Ինչի՞ հիման վրա էին էս մարդուն կալանավորում, դու մի ասա թաքցրել էին, հետո պիտի ցույց տային»,- ասաց պաշտպանը:

Այսպիսով պաշտպանական կողմը միջնորդեց կրկնակի հանձնաժողովային փորձաքննություն անցկացնել:

Դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո հայտարարեց, որ միջնորդությունը մերժվում է:




Լրահոս