ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՕԵԿ-Ը ԴԺԳՈՀ Է ԻՐ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՑ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ նախօրեին ՕԵԿ քաղխորհրդի անդամների եւ Սերժ Սարգսյանի՝ «Օջախ» ռեստորանում կայացած հանդիպման ընթացքում ուշագրավ միջադեպ է գրանցվել: Առատ սեղանի շուրջ կայացած ջերմ զրույցը մի պահ նմանվել է «բողոքի գրքի»: Երբ Սերժ Սարգսյանը ԱԺ պատգամավորներին խնդրել է գնահատական տալ ՕԵԿ նախարարների կատարած աշխատանքներին, պատգամավորները միաբերան փնովել են նախարարներին՝ դժգոհելով, թե իրենց հետ լավ չեն աշխատում: Սա, թերեւս, զարմանալի չէ, քանի որ Ա. Բաղդասարյանի եւ ՕԵԿ-ական նախարարների փոխհարաբերությունները վերջին ժամանակներս լարվել են («Ժողովուրդ»-ն այդ մասին օրերս գրել էր), ու Բաղդասարյանը նպատակ ունի «ազատվել» նրանցից: Եվ ահա այդ «բեմադրությամբ» ՕԵԿ առաջնորդը Սերժ Սարգսյանի մոտ նախարարներին փոխելու հող է պատրաստել: ՕԵԿ նախարարները եւ պատգամավորները, բնականաբար, հերքեցին այս տեղեկությունը: ՕԵԿ փոխնախարար, ԱԻ նախարար Արմեն Երիցյանը «ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Իսկ ով է ասում, որ նման բան է եղել, եղել է սովորական հանդիպում նախագահի ու մեր կուսակցության քաղխորհրդի հետ, ուրիշ ոչ մի բան չի եղել»:

 
Գրող-հրապարակախոս, ղարաբաղյան կլանի կարկառուն ներկայացուցիչ Զորի Բալայանը վերջին օրերին զբաղված է նոր վարչապետի թեկնածուի լոբբիստական հարցերով: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նա իշխանական վերնախավի ամենատարբեր ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումների ժամանակ առաջարկում է հասարակական դժգոհությունը մեղմելու համար ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ազատել ու նրա փոխարեն նշանակել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Ըստ նրա՝ Օհանյանը պարկեշտ ու ազնիվ մարդ է եւ կարող է շատ լավ վարչապետ լինել: Ասել է թե՝ ղարաբաղյան կլանը եւս մեկ ղարաբաղցու է փորձում «փաթաթել» մեր «վզին»: Սակայն Զորի Բալայանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե իրականում ինքը նման «քարոզով» զբաղված չէ: «Ես չեմ հասկանում, դուք երեխա ե՞ք, որ նման հարց եք ինձ ուղղում, ես ժուռնալիստ եմ եղել: Ես նման բաներով չեմ զբաղվում: Ինչո՞ւ դուք ինձ չեք հարցնում իմ վերջին երեք հոդվածի մասին»,-հարցադրեց հրապարակախոսը եւ եզրափակեց զրուցակիցը:

 
Իր համագումարից հետո «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը սկսել է ակտիվանալ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը հրահանգել է մինչեւ մարտի կեսերը վերաբացել կուսակցության` ընտրությունների ժամանակ բացված ու դրանից հետո փակված գրասենյակները: ԲՀԿ խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունները՝ ասելով. «Ընտրություններից հետո փակվել են շտաբները, իսկ գրասենյակների հետ կապված նշեմ, որ առաջացած իրավիճակում անհրաժեշտ է, որ կուսակցությունն առավել արդիական ու առավել մոբիլիզացված կառուցվածքով հանդես գա»,- ասաց նա` նշելով, որ այդ ամենն արվում է ԲՀԿ համագումարից հետո կայացած քաղխորհրդի որոշմամբ: Հետաքրքիր է` ԲՀԿ-ն ի՞նչ արտահերթ զարգացումների է պատրաստվում. արդյոք Ծառուկյանը ոգեւորվել է Իվանիշվիլու հետ համեմատությունից եւ հեղափոխական նկրտումներ է ցուցաբերում:

 
Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Ռոսնեֆթ»-ը մտադիր է գնել «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունը: Մարտի 1-ին ձեռք են բերվել վերջնական պայմանավորվածություններ, ստորագրվել է նախնական համաձայնագիր: Ի դեպ, ՀԷՑ-երի սեփականատերը եւս ռուսներն են, եւ առքուվաճառքի այս գործարքը տեղի կունենա առանց ՀՀ իշխանությունների համաձայնության: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀԷՑ-երի վաճառքից հետո նախատեսված է էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում: Մեր աղբյուրները տեղեկացրին, որ «Ռոսնեֆթ»-ը դրանից հետո դիմելու է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` էլեկտրաէներգիայի սակագինը 38-ից 48 դրամ դարձնելու խնդրանքով: ՀԷՑ մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց այս լուրերը` ասելով, որ ոչ ՀԷՑ-երն են վաճառվել, ոչ էլ էլեկտրաէներգիայի սակագինն են բարձրացնելու:

 
ԱՆԱՍԵԼԻՔ

Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնում է Իռլանդիա՝ մասնակցելու Դուբլինում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության լիագումար նստաշրջանին: Ըստ նախագահականի տարածած հաղորդագրության՝ Սարգսյանը հանդես է գալու ելույթով:
Նշենք, որ սա սեպտեմբերի 3-ից հետո Սերժ Սարգսյանի երրորդ հրապարակային ելույթը կլինի Եվրոպական ամբիոններից։ Առաջինը հոկտեմբերի 2-ին ԵԽԽՎ լիագումար նիստում էր, երբ կազինոների հետ կապված Զարուհի Փոստանջյանի հայտնի հարցը ստվերեց Սարգսյանի բուն ելույթի բովանդակությունը: Երկրորդը՝ նոյեմբերի 29-ին Վիլնյուսի գագաթաժողովում էր, երբ Ս. Սարգսյանը հանդես եկավ ոչինչ չասող դեկլարատիվ հայտարարություններով եւ նրա ելույթի վրա որեւէ մեկը ուշադրություն չդարձրեց, քանի որ այդ օրը Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրող Վրաստանի ու Մոլդովայի ղեկավարների ելույթներն առավել կարեւոր էին: Իսկ ահա այսօր արդեն Սերժ Սարգսյանի ելույթը կարող է կարեւորվել՝ հաշվի առնելով Ուկրաինայի շուրջ ծավալվող իրավիճակը եւ Հայաստանի՝ Ռուսաստանից ունեցած կախվածության մեծացումը:
Թե ինչի մասին է խոսելու Սարգսյանը՝ դժվար չէ ենթադրել: Ըստ ամենայնի` կլինեն հերթական «լոլոները» Հայաստանի` եվրոպական արժեհամակարգի եւ եվրաինտեգրացումը շարունակելու պատրաստակամության մասին: Սակայն արդյոք ստեղծված իրավիճակում եվրոպացիների համար դա բավարար կլինի, եւ Սերժ Սարգսյանը չի արժանանա ԵԺԿ անդամ կուսակցությունների հրապարակային մերժողական վերաբերմունքին: Այդ հարցի պատասխանը դժվար է տալ` նկատի ունենալով այն, որ սեպտեմբերի 3-ից հետո նույն ԵԺԿ-ն այդպես էլ հստակ քայլեր չկատարեց Եվրոպային ըստ էության «գցած» Հանրապետական կուսակցությանը սաստելու ուղղությամբ: Եվ հենց դրանով ակնհայտ դարձավ, որ ԵԺԿ-ն ինքնին` որպես գաղափարական ընդհանրություն ունեցող ուժերի համախումբ, ձեւական բնույթ է կրում:
Անցած տարվա նախագահական ընտրություններից հետո իր մեկ այլ անդամին`«Ժառանգությանը» չսատարած, ավելին` քամահրական վերաբերմունքի արժանացրած ԵԺԿ ղեկավարությունն այսօր ստիպված է ունկնդրել հրապարակավ Ռուսաստանի շահերի պաշտպանությամբ զբաղվող հանրապետականների առաջնորդին եւ ժպտալ: Արդյունքում ստացվում է աբսուրդի թատրոն. Հայաստանի իշխող ուժերը` Հանրապետականն ու «Օրինաց երկիր»-ը, հանդիսանալով Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ, ամեն կերպ սպասարկում են Ռուսաստանի շահերը, իսկ արեւմտամետ կողմնորոշում ունեցող «Ժառանգություն»-ը ԵԺԿ-ում անտեսված է: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, այս հարցում էլ այն, փաստորեն, այլընտրանք է, քանի որ թեեւ ժամանակին դիմեց ԵԺԿ-ին` անդամակցելու համար, սակայն մերժվեց: Ինչպես կյանքը ցույց տվեց` ի բարեբախտություն իրեն:

 




Լրահոս