ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՕԵԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԴԺԳՈՀԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՑ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` նախօրեին «Օջախ» ռեստորանում ՕԵԿ-ականների եւ Սերժ Սարգսյանի փակ հանդիպման մի մասն անցել է լարված մթնոլորտում: Շուրջ 5 ժամ տեւած ճաշկերույթ-քննարկման ժամանակ Սերժ Սարգսյանը լսել է ՕԵԿ-ական պատգամավորների դժգոհությունները՝ ուղղված իրենց կուսակցության անդամ նախարարներին:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` հանդիպմանը ներկա են եղել ԱԺ ՕԵԿ խմբակցության ներկայացուցիչները՝ ի դեմս խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի, քարտուղար Մհեր Շահգելդյանի, անդամներ` Հովհաննես Մարգարյանի, Կարեն Բոթոյանի, Լեւոն Դոխոլյանի եւ Իշխան Խաչատրյանի: Ներկա են եղել նաեւ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Սերժ Սարգսյանը եղել է միայնակ:
Հանդիպումը, ընդհանուր առմամբ, անցել է ջերմ մթնոլորտում: Սերժ Սարգսյանն իր կոալիցիոն միակ գործընկեր համարվող կուսակցականների հետ խոսել է ամենատարբեր թեմաների մասին, բաժակների զրնգոցների ներքո պատասխանել բազում հարցերի: Այնուհետեւ եկել է մի պահ, երբ Ս. Սարգսյանը դիմել է ՕԵԿ խմբակցության անդամներին՝ հետաքրքրվելով, թե նրանք ինչ գնահատական են տալիս ՕԵԿ-ական նախարարների աշխատանքին: ՕԵԿ խմբակցության պատգամավորները հերթով, նախապես գծագրված սցենարի նմանությամբ, դժգոհել են ՕԵԿ-ական նախարարների աշխատանքից: ՕԵԿ-ականները դժգոհել են, որ նախարարներն իրենց հետ չեն համագործակցում, չեն աշխատում ու ընդհանրապես իրենց կարծիքը հաշվի չեն առնում:
3 նախարարների համար էլ ՕԵԿ-ական պատգամավորների պահվածքն անակնկալ է եղել: Նրաք չեն պատկերացրել, որ հնարավոր է` պատգամավորները Սերժ Սարգսյանի ներկայությամբ իրենց մասին նման կերպ արտահայտվեն՝ բարձրաձայնելով ՕԵԿ ներսում առկա ոչ այնքան հարթ իրավիճակի նրբությունները:
«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել էր, որ ՕԵԿ առաջնորդի, խմբակցության պատգամավորների եւ նախարարների միջեւ փոխհարաբերությունները վերջին ժամանակաշրջանում լարվել են: Անգամ վերջին քաղխորհրդի նիստի ժամանակ «կրքերն» այնքան են թեժացել, որ նախարարները ստիպված են եղել լքել քաղխորհրդի նիստերի դահլիճը:
Թերեւս սա է եղել պատճառը, որ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը պլանավորել է նախագահի մոտ վատաբանել նախարարներին, որպեսզի հող պատրաստի նրանց փոխարինելու նոր՝ ավելի ենթարկվող կերպարներով:
«Ժողովուրդ»-ը երեկ փորձեց այս ամենը ճշտել ՕԵԿ նախարարներից:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆ
-Պարոն Երիցյան, ինչո՞ւ են ԱԺ ՕԵԿ խմբակցության ներկայացուցիչները Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ վատաբանել ՕԵԿ-ական երեք նախարարների կատարած աշխատանքը:
-Իսկ ո՞վ է ասում, որ նման բան է եղել, եղել է սովորական հանդիպում նախագահի ու մեր կուսակցության քաղխորհրդի հետ, ուրիշ ոչինչ:
-Իսկ ի՞նչ եք այդքան երկար քննարկել Սերժ Սարգսյանի հետ, Ձեր ասած «սովորական» հանդիպումը տեւել է ավելի քան հինգ ժամ:
-Սեղանի շուրջ ի՞նչ են քննարկում, քննարկել ենք մեր աշխատանքները, ի՞նչ է, ո՞նց է, ինչպե՞ս են մեր աշխատանքներն ընթանում: Ճիշտն ասած, ես չեմ հաշվել, թե մենք քանի ժամ ենք հանդիպել, քանի ժամ ենք քննարկում ունեցել, բայց այդպիսի մի արտառոց բան տեղի չի ունեցել, որ ասեմ: Նորմալ հանդիպում է եղել:
-Մեր տեղեկություններով` ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավորները դժգոհել են ՕԵԿ 3 նախարարների աշխատանքից:
-Չէ, չէ, նման բան չի եղել, մենք իրար հետ աշխատում ենք: Ընդհանրապես կատարված աշխատանքի, չկատարված աշխատանքի մասին խոսք չի եղել, ընդհանուր խոսվել է, թե կուսակցության աշխատանքներն ինչպիսին պետք է լինեն: Ավելի լավ պետք է աշխատենք, բոլորս միասին: Բայց որ առանձնացնեն նախարարներին եւ այլն` նման բան չի եղել: Ընդհանրապես նախագահի հետ լինում են նման հանդիպումներ, ու ես դա շատ դրական եմ գնահատում:
-Ինչո՞ւ էր Սերժ Սարգսյանը որոշել առանձին հանդիպել ՕԵԿ-ականների հետ, ո՞րն էր հանդիպման նպատակը:
-Դուք գիտեք, որ պարոն նախագահը նման շփումներ միշտ ունենում է. հանդիպում է տարբեր գերատեսչությունների հետ, տեղեկանում նրանց գործունեությունից, հետաքրքրվում կատարված աշխատանքներով ու նաեւ հանդիպում կուսակցությունների հետ: Դրանք պարբերական բնույթ են կրում, ու կարծում եմ, որ չպետք է այդ ամենից զարմանալ կամ դա համարել արտառոց դեպք:
-Նշվում է, որ ՕԵԿ-ում լարված…
-Չէ, չէ, ՕԵԿ-ում լարվածություն չկա, երեւի չար լեզուներն են վատ բաներ խոսում:
Հ. Գ. ՀՀ գյուղատնտեսության եւ քաղաքաշինության նախարարները չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին: Գյուղնախարարի մամլո խոսնակ Անի Սմբատյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց Սերգո Կարապետյանի հավաստիացումը առ այն, որ իրականում նման բան չի եղել: Իսկ ՀՀ քաղաքաշինության նախարարի մամլո խոսնակ Լուսինե Մարգարյանը խնդրեց հարցն ուղղել ՕԵԿ մամլո խոսնակին, քանի որ դա կուսակցական հարց է: ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանն էլ հրաժարվեց որեւէ մեկնաբանություն անել այս թեմայով:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՌԱԲԼՈՒՐ ՉԳՆԱՑ

Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը երեկ մի շարք պաշտոնյաններ այցելել են Եռաբլուր եւ ծաղիկներ դրել նրա շիրմին: Սակայն Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ զարմանալի է` նաեւ Վ. Սարգսյանի եղբայրները՝ Արամ եւ Արմեն Սարգսյանները, Եռաբլուր չեն գնացել: Իսկ Վ. Սարգսյանի մայրը՝ Գրետա Սարգսյանը, գտնվում էր հիվանդանոցում:

Երեկ Եռաբլուրում են եղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներ Մանվել Գրիգորյանը, Սեյրան Սարոյանը, Սամվել Ալեքսանյանը, Սամվել Ֆարմանյանը, Նաիրա Կարապետյանը, Հովհաննես Սահակյանը, Լեւոն Մարտիրոսյանը, Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը, բազմաթիվ երկրապահներ եւ զոհված ազատամարտիկների հարազատներ: Նախքան Եռաբլուր գնալը ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ մի խումբ երկրապահներ եղել են «Նաիրի» բժշկական կենտրոնում, որի վերակենդանացման բաժանմունքում պառկած է Վ. Սարգսյանի մայրը: Մանվել Գրիգորյանը ծաղիկներ է նվիրել տիկին Գրետային, տեղեկացել նրա առողջական վիճակի մասին, այնուհետեւ գնացել Եռաբլուր:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասել է. «Անգնահատելի է Սպարապետ Վազգեն Սարգսյանի դերակատարությունը հայ ժողովրդի ազատությունն ու անկախությունն ապահովելու գործում: Նա այն անհատներից էր, որի նվիրումի, սկզբունքայնության, չափազանց մեծ պատասխանատվության շնորհիվ մենք կարողացանք պայքարի հանել մեր ազատամարտիկներին, ստեղծել «Երկրապահ կամավորականների միությունը», որի հավերժ նախագահն է հանդիսանում Վազգեն Սարգսյանը, եւ կադրային սպաների հետ միասին ստեղծել հայկական բանակ»:
Վ. Սարգսյանի ծնունդը նշել են նաեւ Արցախում: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է Արցախի եւ Հայաստանի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 55-ամյակին նվիրված միջոցառումներին: Նա ներկա է գտնվել ԼՂՀ ՊԲ Վ. Սարգսյանի անվան զորամասում կազմակերպված հանդիսավոր հավաքին:
«Ժողովուրդ»-ը փորձեց Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանից պարզել, թե ինչու Ս. Սարգսյանը Եռաբլուր չի գնացել: Սակայն վերջինս մեր զանգերին այդպես էլ չպատասխանեց: Չհաջողվեց ճշտել նաեւ Վ. Սարգսյանի եղբայրների` Եռաբլուր չգնալու պատճառը, նրանց ուղղված մեր բոլոր հեռախոսազանգերը եւս մնացին անպատասխան:
Հ.Գ. Արդեն երեկոյան ժամին Եռաբլուր են գնացել նաեւ «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանն ու Անդրանիկ Քոչարյանը:

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 
ԼՈՒՐԵՐ

ԷՌՆԵԿՅԱՆԸ ԴԺԳՈՀ Է
«Ժողովուրդ»-ը երեկ տեղեկացրել էր, որ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը դժգոհ ու հիասթափված է ՀՀ իշխանություններից: Իսկ պատճառն էլ այն է, որ ՀՀ կառավարությունը չի կատարում Էռնեկյանի «Տանգո» ընկերության նկատմամբ ստանձնած պարտավորությունները` կապված ԱԳՆ շենքի վաճառքի պայմանների հետ: Մասնավորապես, շենքի այն հատվածը, որտեղ տեղակայված են «Արարատ» ռեստորանը, «Նոյան տապան» գրախանութը, պատկանում է հենց այդ ընկերություններին՝ սեփականության իրավունքով, եւ կառավարությունն իր որոշմամբ պարտավորվել է օգնել գնորդին՝ «վերջինիս համար ողջամիտ արժեքով» երրորդ անձանցից ձեռքբերել այդ տարածքները, բայց դա չի անում: ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունը երեկ պարզաբանում է ուղարկել «Ժողովուրդ»-ի խմբագրություն` տեղեկացնելով, որ իրենք վերահսկում են ՀՀ կառավարության թիվ 1675-Ն որոշման արդյունքում կնքված պայմանագրով ամրագրված բոլոր պարտավորությունների կատարումը: «Նշված դրույթի վերաբերյալ արդեն իսկ ընթանում են բանակցություններ»,- ասված է պարզաբանման մեջ: Ստացվում է, որ կառավարությունը նախ՝ վաճառում է իրեն չպատկանող տարածքը, ապա՝ բանակցում սեփականատերերի հետ՝ համոզելով նրանց վաճառել իրենց սեփականությունը:
«Ժողովուրդ»-ի աղբյուրները երեկ նոր մանրամասներ տեղեկացրին այս պատմությունից. տարեսկզբին Էռնեկյանն այս հարցի կապակցությամբ հերթական անգամ հանդիպել է ե՛ւ Սերժ Սարգսյանի, ե՛ւ Տիգրան Սարգսյանի հետ, սակայն այդպես էլ գոհացուցիչ պատասխան չի ստացել` բացի հերթական խոստումներից: Իսկ այդ հանդիպումներից հետո նա դանդաղեցրել է ՀՀ արդարադատության նախկին շենքի տարածքում շինարարության տեմպերը. ի դեպ, էռնեկյանը կառուցում է այդ շենքը, որպեսզի նախարարությունները տեղափոխվեն այդտեղ, իսկ ինքը վերցնի կառավարական 2-րդ մասնաշենքը:

 

ՎՆԱՍՈՎ
ՀՀ Արարատի մարզի «Ալիշան» պահածոների գործարանը գրեթե մեկ ամիս է, ինչ դադարեցված գազամատակարարման պատճառով չի աշխատում: Գործարանի տնօրեն Սերժիկ Մովսեսյանը հայտնվել է անորոշ վիճակում: Այսքան երկար ժամանակ չաշխատելու պատճառով գործարանը մեծ վնասներ է կրում. «Ու դեռ հայտնի չէ, թե մինչեւ երբ է սա շարունակվելու: Հավատացեք, որ օրական 150-200 հազար դրամի չափ վնաս ենք կրում: Ցավոք, այս ընթացքում դեռ ոչ մի տեղից ոչ մի արձագանք չկա»: Նշենք, որ Ս. Մովսեսյանը դիմել էր Սերժ Սարգսյանի աշխատակազմին, որտեղից դեռ ոչ մի արձագանք չկա: Նա նաեւ պատրաստվում էր դիմել դատարան. «Հիմա չգիտեմ դիմե՞մ, թե՞ ոչ: Ի՞նչ պետք է անի դատարանը: Ի՞նչ օգուտ: Էս երկիրն էս ա, էլ ինչ ենք ուզում: «Գազպրոմ-Արմենիա»-ում էլ այնքան հաբռգած են, որ ինչ ուզում, այն էլ անում են»: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ գործարանի տնօրենը բարձրաձայնել էր, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից արված հաշվարկները սխալ են, ինչի հետեւանքով մնացել է առանց գազի եւ տուգանքների տակ:

 




Լրահոս