ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԺԵՔԸ` ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՁԵՌՔՈՒՄ
Ուկրաինական ճգնաժամն առաջիկայում իր ազդեցությունը կունենա նաեւ Հայաստանի ու ԼՂ խնդրի վրա: Ինչպես հայտնի է, հատկապես Ղրիմի շուրջ ծավալված իրադարձություններից հետո այս խնդիրը դուրս է եկել ռուս-ուկրաինական հարաբերությունների հարթությունից` վերածվելով միջազգային ճգնաժամի: Արեւմուտքը, հայտարարելով Ուկրաինային սատարելու մասին, այլեւս ինքն է դարձել հակամարտող կողմ: Արդյունքում` լարվել է աշխարհաքաղաքական վիճակը, սրվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների` ԱՄՆ-ի ու ՌԴ-ի հարաբերությունները:
Ճիշտ է, վերջին երկու օրերին լարվածությունը փոքր-ինչ մեղմացել է: Սա` հատկապես այն բանից հետո, երբ ՌԴ-ն հետ կանգնեց Ուկրաինա ռուսական զորքեր մտցնելու գաղափարից: Ու հիմա գերտերությունները խնդիրը փորձում են լուծել բանակցությունների ճանապարհով: Երեկ երեկոյան Փարիզում տեղի է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հանդիպումը, որի օրակարգում եղել է հենց Ուկրաինական ճգնաժամը: Փակ դռների հետեւում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են նաեւ Ֆրանսիայի, Բրիտանիայի եւ Գերմանիայի ԱԳ նախարարները:
«Եթե ՌԴ-ն Ուկրաինայում հաջողության չհասնի, ապա Հայաստանի դերը նրա համար ավելի կմեծանա, եւ ճիշտ հակառակը` եթե ՌԴ-ին հաջողվի ծնկի բերել Ուկրաինային, իսկ այդ սցենարին թերահավատությամբ եմ վերաբերվում, ապա շատ դժվար կլինի Հայաստանի համար»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ստեփան Սաֆարյանը: Նրա խոսքերով՝ ՀՀ-ն ՌԴ-ի համար այլեւս չունի այն կարեւորությունը, ինչ Ուկրաինան: «Բայց քանի որ ինքը հիմա թշնամացել է Ուկրաինայի հետ եւ Հարավային Կովկասում Հայաստանը նրա միակ գործընկերն է մնացել, Հայաստանի արժեքը Մոսկվայի համար կբարձրանա»,- ասաց Ս.Սաֆարյանը: Թե որքանով կիրականանա այս սցենարը, ցույց կտա ժամանակը:
Սակայն, անկախ զարգացումներից, Ուկրաինական դեպքերի հետեւանքով մտահոգիչ իրավիճակ կստեղծվի նաեւ ԼՂ խնդրում: Կա տեսակետ, որ եթե Ղրիմըինքնորոշման անվան տակ անջատվի Ուկրաինայից, սա ավելի կամրապնդի ԼՂ դիրքերը` հնարավորություն ընձեռելով հայկական կողմին որպես լավ փաստարկ ունենալ ինքնորոշման իրավունքի սկզբունքի կիրառումը` այդպես բացառելով երկակի մոտեցումները: Նշենք, որ Ղրիմի իշխանությունները մտադիր են մարտի 30-ին անցկացնել ինքնավար հանրապետության ապագա կարգավիճակի մասին հանրաքվե: Սակայն Ստեփան Սաֆարյանը նշեց, թե ինքն անհիմն է համարում նման տեսակետները: «Ես չեմ ուզում որակումներ տալ այն գնահատականներին, թե Ղրիմի խնդրում անջատողականությունը նաեւ ԼՂ շահերից է բխում»,- ասաց նա: Փոխարենը, Ս. Սաֆարյանի կարծիքով, երբ Ուկրաինայի շուրջ մեծանում են ԱՄՆ-ՌԴ տարաձայնությունները, ապա դա կդրսեւորվի նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների միջնորդների դիրքորոշման վրա: «Այստեղ կարող է նաեւ հակառակ էֆեկտը լինի: Ինչպես 2008թ. օգոստոսյան պատերազմից հետո, ՌԴ-ն իր իմիջը փրկելու համար, որոշի ցույց տալ, թե ինքը խաղաղարար է եւ սկսի ներգրավվել ու ակտիվ առաջնորդել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացը»,- նշեց նա: Հիշեցնենք, որ 2008թ. հետո հենց ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ակտիվ ջանքերի շնորհիվ մի քանի անգամ անցկացվեցին Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումները, արդյունքում` նույնիսկ Սարգսյանը, Ալիեւը եւ Մեդվեդեւը ստորագրել էին Մայնդորֆյան հռչակագիրը` ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման հետագա շարունակության վերաբերյալ: Սաֆարյանը, սակայն, կարծում է, որ ի տարբերություն 2008թ., Արեւմուտքն այս անգամ ՌԴ-ին չի տա նման հնարավորություն: Նրա խոսքերով` ՌԴ-ն այս ընթացքում մի կողմից փորձել է մերձեցնել կողմերի դիրքորոշումները, մյուս կողմից, սակայն, զենք է վաճառել Ադրբեջանին:
Ի դեպ, Հայաստանը լինելով ՀԱՊԿ անդամ երկիր, ունի որոշակի պարտավորություններ: Մասնավորապես,ՀԱՊԿ պայմանագրի 4-րդ հոդվածը պարտավորեցնում է, որ «եթե անդամ պետություններից որեւէ մեկն ագրեսիայի ենթարկվի որեւէ այլ պետության կամ պետությունների խմբի կողմից, դա կդիտարկվի իբրեւ ագրեսիա Պայմանագրի անդամ բոլոր պետությունների դեմ»: Իսկ այդ դեպքում «անդամ-պետությունները նրան կտրամադրեն համապատասխան օգնություն` ներառյալ ռազմական, ինչպես նաեւ կօժանդակեն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի հիման վրա` ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին համապատասխան»:
Սակայն այս պարտավորությունը գործում է միայն ՀԱՊԿ անդամ երկրի նկատմամբ ոտնձգության դեպքում, այսինքն` եթե հարձակում լինի ՌԴ-ի վրա: Բայց եթե ՌԴ-ն ինքը որոշի զորք մտցնել Ուկրաինա եւ որոշակի ռազմական գործողություններ ծավալի, ապա Հայաստանն իրավունք ունի չմիջամտել: Չնայած` եթե հանկարծ Ղրիմը որոշի միանա ՌԴ-ին, ապա Ղրիմի շուրջ հետագա իրադարձություններն այլեւս լավ բան չեն խոստանա:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ԱՆՀԵՏԱՑԵԼ ԵՆ
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը: Երեկ «ժողովուրդ»-ը ողջ օրվա ընթացքում փորձեց ՎՊ անդամներից պարզել նրանց տեսակետն այդ նախագծի վերաբերյալ, սակայն նրանք «գետնի» տակն էին անցել: Մեր հեռախոսազանգին պատասխանեց Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Լիլիթ Գեւորգյանը, ով լսելով հարցը հայտարարեց, որ դիմենք լրատվական ծառայություն ու անմիջապես անջատեց հեռախոսը: Հետաքրքիր է, միթե ՎՊ անդամները համաձայն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ Վերահսկիչին լռեցնելու այդ քայլի հետ:
ԳՈՒՑԵ ՉԻ՞ ՍՏՈՒԳՎՈՒՄ
Այս տարվա հունվարի 1-ից մինչ օրս Թուրքիայից մեր հանրապետություն է ներկրվել 34 տոննա 399 հազար կգ լոլիկ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից վստահեցրեցին, որ այն պարտադիր ենթարկվում է լաբորատոր փորձաքննության: «Քանի որ Թուրքիան Հայաստանի համար համարվում է բարձր ռիսկային երկիր, այդ պատճառով վերահսկողությունը մեծ է»,- հայտնեց ՍԱՊԾ մամլո խոսնակ Արմինե Սուքիասյանը: Մինչդեռ Հայաստանի ջերմոցային տնտեսությամբ զբաղվող տնտեսվարողներն արդեն մի քանի տարի է, ինչ բարձրաձայնում են, որ դրսից ներկրված լոլիկի պատճառով իրենք չեն կարողանում վաճառել իրենց արտադրած տեղական լոլիկը: Արդյունքում՝ մեծ վնասներ են կրում եւ խոշոր չափի վարկեր են կուտակում: Հիշեցնենք, որ օրերս Ռուսաստանի Դաշնությունը Թուրքիայից ներկրված 24.2 տոննա լոլիկը սահմանից հետ էր ուղարկել, քանի որ խմբաքանակում հայտնաբերվել էր արեւմտյան ծաղկային (կալիֆոռնիական) «թրիպս» տեսակի հիվանդություն: Իսկ ՍԱՊԾ տնօրեն, ՀՀԿ-ական Աբրահամ Բախչագյուլյանը հետաքրքիր զուգադիպությամբ դեռ ոչինչ չի հայտնաբերել:
ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԵՆ
Երեկ տեղի է ունեցել ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի` սակագների ձեւավորման մեխանիզմներն ուսումնասիրող խմբի նիստը: Ինչպես տեղեկացրին «Ժողովուրդ»-ի աղբյուրները, խմբի անդամները քննարկել են կազմակերպչական խնդիրներ՝ մասնավորապես, թե ինչից սկսեն իրենց աշխատանքը եւ ինչպես առաջ շարժվեն: Ուշագրավն այն է, որ սակագնի ձեւավորման մեխանիզմներն ուսումնասիրող խմբում ընդգրկված են հանձնաժողովի 10 անդամներից 4-ը` ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, փոխնախագահ Միքայել Մելքումյանը, Վարդան Այվազյանն ու Արամ Մանուկյանը: Սա, թերեւս, պատահական չէ. փաստորեն, հանձնաժողովում 4 ՀՀԿ-ականներից երկուսը նախընտրել են հենց այս աշխատանքային խումբը: Կարելի է ենթադրել, որ ՀՀԿ-ականներին եւս շատ է հետաքրքրել այս հարցը, կամ էլ` նրանք այստեղ են` կարեւոր բացահայտումները «տորպեդահարելու» եւ դրանց վրա արգելք դնելու համար: Մանավանդ որ, տվյալ դեպքում ոչ թե սովորական ՀՀԿ-ականներ են, այլ` ԱԺ մշտական հանձնաժողովի ղեկավարներ:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ
ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ
ՀՀԿ-ն այս շաբաթ Գործադիր մարմնի նիստ չի հրավիրի: Նիստը տեղափոխվել է մյուս շաբաթ, իսկ թե կոնկրետ որ օրը` առայժմ հայտնի չէ:
ՍԱՌԵՑՐԵԼ ԵՆ
Եվրամիությունը պետական ունեցվածքի ապօրինի յուրացման մեջ կասկածվող ուկրաինացի 18 նախկին պաշտոնյաների ֆինանսական ակտիվները մեկ տարով սառեցրել է: Պաշտոնյաների ցանկը կհրապարակվի այսօր:
ԾԱՆՐ ՎԻՃԱԿՈՒՄ Է
Հայտնի բանաստեղծ Հովհաննես Շիրազի որդին` քանդակագործ Արա Շիրազը, մոտ մեկ շաբաթ է` ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում: Այդ մասին armlur.am-ին հայտնել է ԱՆ գլխավոր անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Անատոլի Գնունին: «Նա անգիտակից վիճակում է, միացված արհեստական շնչառության ապարատին, շատ լուրջ վտանգ կա կյանքին սպառնացող: Նրա մոտ ախտորոշվել է գլխուղեղի ինսուլտ` բազմաթիվ տարբեր հիվանդությունների առկայությամբ»,- տեղեկացրել է Գնունին:
ԿՀԱՆԴԻՊԻ
ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն այսօր կհանդիպի բանակում զոհված զինծառայողների մայրերի հետ: NEWS.am-ի փոխանցմամբ` Կոստանյանը կատարում է նախորդ շաբաթ Կառավարության շենքի մոտ իրեն մոտեցած զինծառայողների մայրերին տված խոստումը:
ԽՈՇՏԱՆԳԵԼ ԵՆ ԾԵՐՈՒՆՈՒՆ
Ադրբեջանում հայտնված Մամիկոն Խոջոյանին գերության ընթացքում խոշտանգել են: «Նա կոտրվածքներ ունի աջ ձեռքի բազկոսկրի հատվածում, որը, հնարավոր է, հրազենային վնասվածք է, նաեւ ծղիկոսկրի ստորին երրորդական հատվածում: Ակնհայտ է, որ բժշկական միջամտություն է եղել, որպեսզի չերեւա, որ հրազենային վնասվածք ունի»,-NEWS.am-ին հայտնել է Իջեւանի բժշկական կենտրոնի վնասվածքաբան, օրթոպեդ Էմիլ Բրուտյանը՝ նշելով, որ վնասվածքները մեկ ամսվա վաղեմության են: Բժշկի խոսքով՝ քերծվածքներ կան Մամիկոն Խոջոյանի գլխի հատվածում ու սալջարդեր ձախ ազդրի շրջանում: Նաեւ վնասված են նրա ականջախեցիները, ինչը, բժշկի խոսքով, խոշտանգումների հետեւանք է։ Գերությունից ազատված Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակչի բազկի շրջանում կոտրվածքը վիրահատության կարիք ունի: Նա այժմ գտնվում է վերակենդանացման բաժնում: Խոջոյանը դստերը պատմել է, որ ազերիները աղ են լցրել գետնին, իրեն պառկեցրել վրան ու ծեծել, նաեւ անհայտ դեղամիջոցներ են սրսկել:
ԿԱՊ ՉՈՒՆԻ՞
Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանը հերքել է այն լուրերը, ըստ որոնց՝ իր` գեղարվեստական ղեկավարի պաշտոնից հեռանալը պայմանավորված է Սերժ Սարգսյանի հասցեին հնչեցրած քննադատությամբ: «Ես չորս տարի նախապատրաստել եմ երիտասարդ կադր` Լյուդվիգ Հարությունյանին, ով արդեն զբաղեցնում է գեղարվեստական ղեկավարի պաշտոնը: Ես այս պահին գեղարվեստական ղեկավարի խորհրդականն եմ»,- armlur.am-ին ասել է Ծատուրյանը: