ՍՊԱՆՎԱԾԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ՊԱՏԻՎ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ
Փետրվարի 26-ին Գյումրիում ամուսնու կողմից սպանված կնոջ հարազատները չեն լռելու եւ պատիվ են պահանջելու բոլորից: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում սպանված Լիանա Մանուկյանի քույրը` Լյուդմիլա Մանուկյանը, պատմեց, որ ամուսինների վեճի պատճառը խանդը չէ:
Մինչ ամուսինների միջեւ առաջացած վեճի հիմնական պատճառին անդրադառնալը՝ նշենք, որ կնոջը սպանած Գրիգորը հայտարարել էր, թե զղջացել է իր արարքի համար, պետք է զոքանչին սպանած լիներ, քանի որ կատարվածը նրա մեղքն է: Ավելին, ըստ Գրիգորի՝ նա Լիանային նախկինում դավաճանության համար դուրս է հանել տանից, իսկ ավելի ուշ հաշտվել եւ շարունակել են համատեղ ապրել: Գրիգորի խոսքով` կնոջը սպանելու հիմնական պատճառը խանդն է եղել:
Նշենք, որ Գրիգորը Լիանային հարվածել էր խոհանոցային դանակով, ով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել էր: Նրանք ունեին մեկ որդի` 6-ամյա Արման Գրիգորյանը:
Սպանված Լիանայի քույրը՝ Լյուդմիլան, պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 22:30-ի սահմաններում: «Տանը եղել են քույրս, Գրիգորը, նրանց որդին ու հորեղբորս աղջիկը՝ Թերմինան: Գրիգորը, երբ խմած տուն էր գնում, քույրս խոսում էր վրան: Այդ օրը նա էլի խմած է եղել, իսկ քույրս սկսել է շատ զայրանալ: Գրիգորը սկսել է նրա տնազն անել, քույրս ասել է, թե մի արա: Քրոջս հոգուն այնքան է հասել, որ ասել է, թե ավելի լավ է մեռնեմ, քան քեզ հետ ապրեմ: Այդտեղից սկսել են վիճել, ու Գրիգորը դանակով հարվածել է: Հորեղբորս աղջիկը հարցրել է՝ Գրիգոր, հարվածեցի՞ր: Նա էլ ասել է, թե չէ, բայց երբ Թերմինան մոտեցել, տեսել է արյան հետքերը, վախից վերցրել է քրոջս որդուն` Արմանին, ու տանից փախել է: Իսկ դանակահարված քույրն արնաշաղախ այնքան է մնացել հատակին ընկած, մինչեւ իր եղբայրն ու մայրը հասել են դեպքի վայր եւ մեքենայով տեղափոխել են հիվանդանոց»,- նկարագրեց Լյուդմիլան, ում դեպքի մանրամասները պատմել է ականատես հորեղբոր աղջիկը՝ Թերմինան:
Լյուդմիլայի պատմելով, վախից տանից դուրս փախած Թերմինան հարեւաններին խնդրել է զանգահարել շտապօգնություն, սակայն ոչ ոք չի օգնել: Նա մի կերպ կարողացել է հեռախոս գտնել ու զանգահարել Լիանայի հարազատներին՝ տեղեկացնելով կատարվածի մասին:
«Գրիգորը խմիչքի հետ չափից շատ սեր ուներ: Ախր մինչ այս դեպքը` մի օր, գարեջրի շշով հարվածել էր քրոջս գլխին: Քրոջս քիթը կոտրվել էր, ատամները թափվել էին: 9 տարի շարունակ քույրս կյանքի գնով ապրել է նրա հետ: Բայց այդքանից հետո նա հայտարարել էր, թե քույրս անբարոյական է կամ «Odnoklassniki.ru » ցանցով խոսում է ինչ-որ մեկի հետ: Վերջը քննություն է գնում, ամեն ինչ կպարզվի ու բոլորն էլ կիմանան, թե ինչ օրի մեջ է ապրել իմ քույրը եւ ով է Գրիգորը, նրա անբարոյական ընտանիքը: Այն համակարգիչը, որ երեւում է լուսանկարներում, անգամ իմ քրոջ համակարգիչը չէ, նա համակարգչից օգտվել է միայն դիզայներական նորություններ նայելու համար, քանի որ ընտանիքն ապրում էր քրոջս դիզայնով պատրաստած իրերի վաճառքի շնորհիվ: Կրկնում եմ՝ վարկաբեկողները պատասխան կտան, երբ քննությունը ամեն ինչ պարզի»:
Մեր զրուցակցի ներկայացմամբ` Գրիգորի հարազատները նույնիսկ եկել են իր քրոջ հոգեհանգստին եւ ասել. «Երանի Լիանայի փոխարեն, Գրիգոր, քո վրա լաց լինեինք: Քրոջս տղան դեպքից հետո չի խոսում: Ինչ հարց տալիս ենք, չի պատասխանում: Հիվանդանոց էինք տարել: Բժիշկների հարցերին միայն պատասխանում էր, թե պապաս մամայիս խփեց ու մամաս մահացավ: Մեզ խորհուրդ են տվել երեխային պահենք հոգեբանի հսկողության տակ»:
Ինչպես պարզեցինք Լյուդմիլայից` Գրիգորի մայրն ապրում է Ռուսաստանում: Իսկ հայրը գտնվում է ՌԴ բանտում՝ սպանության մեղադրանքով (նրան 20 տարվա ազատազրկման պատիժ է նշանակվել):
Ինչեւէ, «Ժողովուրդ»-ին հաջողվեց զրուցել Գրիգորի քրոջ՝ Քրիստինա Գրիգորյանի հետ, ով ասաց, թե իր հարսի հետ լավ հարաբերությունների մեջ է եղել. «Ես չեմ արդարացնում իմ եղբոր արարքը, բայց Լիանան նրան հասցրեց այս վիճակին: Եղբայրս հանուն երեխայի էր ապրում նրա հետ: Ախր շատ անհաշտ էին: Ինչ ասեմ: Գիտեմ, որ ինչ-որ մեկի հետ տեսել է «Odnoklassniki.ru»-ում խոսելուց ու դա է եղել է այս ամենի պատճառը, իսկ Լիանայի մասին միայն մի բան կասեմ՝ շատ լեզվանի էր»:
Նշենք, որ դեպքի առիթով ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի (սպանության) հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
ԿՐԱԿԵԼ Է ՈՏՔԻՆ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություներով՝ օրերս Կոտայքի մարզի Բալահովիտի զորամասում զինվորներից մեկի հետ արտառոց դեպք է տեղի ունեցել: Մեզ հասած տեղեկություններով՝ զորամասի ժամկետային զինծառայող Հ. Գաբրիելյանը զենքը մաքրելուց այն պատահաբար կրակել է:
Զինվորին տեղափոխել են զինվորական հոսպիտալ: Նրա կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը հայտնեց, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. օր. 363 հոդվածի առաջին մասով` զինծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելը, որը հանգեցրել է զինվորական ծառայության ժամանակավորապես դադարեցնելուն` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով: Հավելենք, որ զինվորն իր զենքը մաքրել է սպայի հրահանգով՝ փորձարկումներից հետո:
ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ՍՈԹՔԻ ՀԱՆՔԻՑ
«Ժողովուրդ»-ը բազմիցս է անդրադարձել Վարդենիսի Սոթքի ոսկու հանքից գողություն կատարող հայտնի «չղջիկների» գործողություններին: «Չղջիկներն» այն մարդիկ են, որոնք գիշերները կյանքի գնով հանքանյութ են գողանում: Մեզ հասած տեղեկություններով՝ օրերս ոստիկանությունը խուզարկություն է կատարել Վարդենիսի բնակիչներից մեկի՝ Արտյոմի տանը եւ նրան պատկանող շինություններում։ Խոհանոցի նկուղից հայտնաբերվել են հանքանյութի մանրեցված զանգվածներ եւ հանքաքարի նմանվող կտորներ։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Արտյոմն ասել է, թե ինքը հանքանյութը 6 ամիս առաջ գաղտնի բերել է Սոթքի հանքից` ոսկի ստանալու նպատակով, որպեսզի կարողանա ապրել: Նա աշխատանք չունի եւ սոված է: «Ժողովուրդ»-ին ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հայտնեցին, որ կատարվում է նախաքննություն:
ԽՆԴՐԵԼ ԵՆ ՉԱՂՄԿԵԼ
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ «Դավիթ Անհաղթ» պոլիկլինիկայի աշխատակիցներին տնօրինությունը հրաժարվել էր վճարել հունվար ամսվա աշխատավարձը: «Ժողովուրդ»-ի խմբագրություն ահազանգած աշխատակիցները պատմել էին, որ իրենց աշխատավարձը չեն վճարել պոլիկլինիկայում կուտակված պարտքերի պատճառով: Ավելին՝ պարտքերի պատճառով կալանք է դրվել պոլիկլինիկայի հաշիվների վրա:
Երեկ պոլիկլինիկայի աշխատակիցները հայտնեցին, որ տնօրինությունը վճարել է հունվարի աշխատավարձը: Սակայն դեկտեմբերի աշխատավարձը դեռեւս չեն վճարել: Ըստ աշխատակիցների՝ պոլիկլինիկայի տնօրինությունը խնդրել է իրենց աղմուկ չբարձրացնել, քանի որ ամեն ինչ անում են աշխատավարձային պարտքը մարելու համար:
ԲԼԹ
«Այսօր համար մեկ առաջնահերթությունը պետության կողմից արդար, հավասար եւ մրցակցային միջավայր ստեղծելն է, որը մեզ չի հաջողվել ձեւավորել ՀՀ-ում»:
Տիգրան Սարգսյան 1in.am
Իհարկե, չի հաջողվել, եւ չի էլ հաջողվի, քանի որ մեր երկրում կան օլիգարխներ, մենաշնորհ ստեղծող անձինք, որոնք էլ ունեն վերեւից հովանավորչություն, ինչը վարչապետի համար էլ պետք է որ նորություն չլինի: Չէ որ միանգամայն պարզ է, որ իրականում այդ ամենը որոշվում է Սերժ Սարգսյանի կողմից, եւ նրա օրոք օլիգարխների, մենաշնորհային քաղաքականության եւ ստվերի դեմ պայքարելը, մեղմ ասած, անշնորհակալ գործ է: Այնպես որ, շնորհակալություն վաչապետին՝ անկեղծության համար: Ափսոս, որ հենց նա է ի պաշտոնե պարտավոր ազատ մրցակցային դաշտ ապահովել:
«Ես ոչ մի բան ոչ ծախում եմ, ոչ վաճառում եմ: Ես չեմ գնալու, որ թողեմ ձեզ»:
Սուրիկ Խաչատրյան 1in.am
«Ախր ես ինչպե~ս վեր կենամ գնամ, ախր ես ինչպե~ս ուրիշ տեղ մնամ»` կասեր բանաստեղծ Համո Սահյանը, իսկ Սյունիքի նախկին մարզպետն այդ տաղանդով օժտված չէ, հետեւաբար նա ավելի պարզ է արտահայտվում` հասկացնելով, որ մեզ չի թողնի: Ախր ինչպե՞ս կարելի է պատկերացնել Հայաստանն առանց քրեաօլիգարխների, առանց կրիմինալ տարրերի, առանց վախի մթնոլորտի: Անհնարին կլինի, նույնիսկ անսովոր, դրա համար էլ Սուրիկ Խաչատրյանն այդքանը շատ լավ գիտակցելով` չի պատրաստվում լքել իր երկիրը, թողնել իր ժողովրդին: Առանց նրա հայկական իրականությունը շատ տխուր կլիներ:
«Եթե ժողովուրդը ձեւավորում է իշխանություն, դա ինձ համար պետք է լինի իրոք ժողովրդավարական հիմքով ձեւավորված, այդ իշխանությունը, բնականաբար, կլինի լեգիտիմ»:
Հովհաննես Մարգարյան «Առավոտ»
Տեղ հասանք, արդեն ՕԵԿ-ականներն են խոսում լեգիտիմությունից եւ ժողովրդավարական հիմքով ձեւավորված իշխանությունից: Խոսքն, իհարկե, Ուկրաինայի նոր իշխանությունների մասին է, սակայն փաստն այն է, որ ՕԵԿ-ն է խոսում լեգիտիմությունից: Ոչ լեգիտիմ կերպով իշխանությունը բռնազավթած` Ռոբերտ Քոչարյանի օրոք ՕԵԿ-ը ջանասիրաբար պաշտպանում էր վերջինիս եւ միայն ՕԵԿ նախագահի` ԱԺ նախագահի աթոռը կորցնելուց հետո հանգամանքների բերումով ընդդիմացավ, այն էլ` կարճ ժամանակով: Եվ մեկ օրում «հեղափոխվելով»` սատարեց հաջորդ ոչ լեգիտիմ նախագահին: Սա էլ ՕԵԿ-ի պատկերացրած ժողովրդավարական հիմքն է:
ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ