Հայաստանի Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովն (ՀՌԱՀ) այսօր` մայիսի 11-ին, իր նիստում որոշեց վարչական պատասխանատվության ենթարկել “Կենտրոն” հեռուստաընկերությանը` ,Հեռուստատեսության եւ ռադիոյի մասինե ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն: Ըստ այդմ, “Կենտրոն” հեռուստաընկերությունը տուգանվեց 1 մլն դրամի չափով: Որոշումը կարելի է բողոքարկել ՀՀ Վարչական դատարանում` այն ուժի մեջ մտնելու պահից` 15-օրյա ժամկետում: ՀՌԱՀ-ի նախագահ Գրիգոր Ամալյանի փոխանցմամբ, տուգանելու պատճառը նախընտրական քարոզարշավի համար արգելված ժամանակահատվածում քարոզչական բնույթի հաղորդում հեռարձակելն է: Խոսքն այն մասին է, որ ընտրությունների օրը` մայիսի 6-ին, “Կենտրոն” հեռուստաալիքի “Էպիկենտրոն” հաղորդման ժամանակ, ժամը 16:50-17:00-ի սահմաններում, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը կոչ է արել մասնակցել ընտրություններին եւ որեւէ դեպքում ձայն չտալ Հայաստանի հանրապետական կուսակցության օգտին:
“Մուլտիմեդիա-Կենտրոն Թիվի” ՓԲԸ ներկայացուցիչը` իրավաբան Արա Սաղումյանն առարկել է, որ հեռուստաընկերությունն ուղիղ եթերով հեռարձակել է մամուլի ասուլիսը, որի ընթացքում հնչել է Զուրաբյանի խոսքը: Ամալյանն էլ ընդգծել է, որ նույնիսկ ուղիղ եթերի դեպքում բանախոսներին պետք է տեղյակ պահեին, որ չի կարելի քարոզչական բնույթի տեղեկատվություն տարածել: Նրա խոսքով, այն, որ այդ պահին էկրանին երեւացել է “ուղիղ եթեր” արտահայտությունը, կարող է ընդամենը մեղմացուցիչ հանգամանք լինել: