ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է ռուսական ռազմակայանում

Օրեր առաջ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում տեղի է ունեցել զենքի օծման արարողություն: Ռուսաստանն իր զորքերը Ղրիմ մտցրեց՝ ստեղծելով պատերազմական իրավիճակ: Հիմա հանկարծ որոշվել է, որ մեզ մոտ՝ ռուսական ռազմակայանում զենքի օծում կատարել: Հետաքրքիր է` ինչ նպատակ է հետապնդում այս ամենը: Հնարավո՞ր է` «Մայդան»-ը մեզ մոտ էլ կրկնվի:

 

 

 
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե որքան գումար է անհրաժեշտ կադաստրի սպասարկման գրասենյակում ստորագրությունների իսկության ճանաչման համար, եւ քանի օրինակից է կնքվում այդ պայմանագիրը:

Գայանե Սիրադեղյան (47 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ստորագրությունների իսկության ճանաչումը կադաստրի կողմից կատարվում է անվճար: Պայմանագրի փաստաթուղթը ստորագրելուց հետո կողմերը այն հանձնում են պետական գրանցման եւ վճարում միայն պայմանագրի պետական գրանցման համար սահմանված պետական տուրքն ու գրանցման վճարը:
Ստորագրությունների իսկության ճանաչման նպատակով ներկայացվող պայմանագիրը ստորագրվում եւ ընդունվում է պետական գրանցման մեկ օրինակից, որը համարվում է այդ պայմանագրի բնօրինակը եւ պահպանվում է տվյալ անշարժ գույքի միավորի համար կազմված կադաստրային գործում: Պայմանագրի կողմի դիմումի հիման վրա նրան տրամադրվում է պետական գրանցման ընդունված պայմանագրի պատճենը՝ հաստատված կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակի կնիքով: Նման կարգով տրամադրված պատճենը եւ անշարժ գույքի կադաստրում պահպանվող պայմանագրի բնօրինակն ունեն հավասար իրավաբանական ուժ:

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամեն դեպքում պարզ է, որ յուրաքանչյուր պայմանագրի ստորագրման կամ պետական գրանցման համար անհրաժեշտ է վճարել գոնե «մինիմալ» վճարներ՝ պետտուրք եւ գրանցման վճար:

 

 

 

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ` մանկապարտեզի կամ դպրոցի տնօրենն իրավունք ունի՞ հաշմանդամ երեխային չընդունել հաստատություն՝ պատճառաբանելով վերջինիս հաշմանդամության փաստը:

Անի Հայրապետյան (29 տարեկան, բանասեր)

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին ՀՀ օրենքի՝ նախադպրոցական տարիքի հաշմանդամ երեխաների դաստիարակության եւ անհրաժեշտ վերականգնողական օգնության համար առավել բարենպաստ հնարավորություններ ստեղծելու նպատակով ընդհանուր տիպի մանկական նախադպրոցական հիմնարկներում նրանց համար ստեղծվում են հատուկ պայմաններ:
Այն հաշմանդամ երեխաների համար, որոնց առողջական վիճակը թույլ չի տալիս նրանց դաստիարակությունն իրականացնել ընդհանուր տիպի նախադպրոցական հիմնարկներում, ստեղծվում են հատուկ նախադպրոցական հիմնարկներ:
Ընդհանուր կամ հատուկ նախադպրոցական հիմնարկներում հաշմանդամ երեխաների դաստիարակության դեպքում, նրանց ծնողների համաձայնությամբ, այն կարող է իրականացվել տնային պայմաններում: Նման դեպքերում ծնողներից մեկին կամ նրան փոխարինող անձին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվում են նյութական ապահովություն եւ արտոնություններ:
Համապատասխան կրթօջախները եւ նախադպրոցական հիմնարկները հաշմանդամ երեխաների ծնողներին կամ նրանց փոխարինող անձանց օգնություն են ցույց տալիս տնային պայմաններում նրանց դաստիարակությունն իրականացնելու գործում: Օգնության ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին՝ ՀՀ սահմանած կարգով եւ ժամկետներում:

«Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ճիշտ է, նման կարգավիճակ ունեցող երեխաների համար գործում են հատուկ պայմաններ եւ վերականգնողական հնարավորություններ, բայց մեզնից յուրաքանչյուրը պետք է նպաստի, որ այդ երեխաները չտարանջատվեն հասարակությունից եւ իրենց լիարժեք մարդ զգան:

 

 

 

ՀԱՐՑ. Կուզեի իմանալ, թե աշխատանքային ստաժը կոնկրետ ինչ փաստաթղթով է հաստատվում (հաշվվում): Խնդրում եմ նաեւ ասեք՝ անձը կարո՞ղ է իր կենսաթոշակը ստանալ լիազորագրով:

Տիգրան Եփրեմյան (65 տարեկան, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ փաստաթուղթ, 1992 թվականի հունվարից մինչեւ 2013 թվականի հունվարի 1-ը՝ նաեւ սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը:
Աշխատանքային գրքույկի կամ դրանում համապատասխան գրառումների կամ ստաժը հաստատող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ փաստաթղթերի բացակայության դեպքում աշխատանքային ստաժը հաստատվում է արխիվային տեղեկանքով, իսկ դրա բացակայության դեպքում՝ դատական կարգով:
Կենսաթոշակը վճարվում է Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող նոտարի վավերացրած լիազորագրով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետություն մշտական բնակության մեկնող (մեկնած) անձի կենսաթոշակի գործն ուղարկելու դեպքում՝ նաեւ այդ պետությունում գործունեություն իրականացնող նոտարի վավերացրած լիազորագրով:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նկատելի է, որ աշխատանքային ստաժի հաշվարկման թեման գրեթե կենսաթոշակառուների մոտ միշտ առաջացնում է դժգոհություններ: Եվ գաղտնիք չէ, որ այս եւ նմանատիպ այլ համակարգերում առկա են թոշակներին վերաբերող բազմաթիվ խնդիրներ:




Լրահոս