Զինծառայողը հղիացրել է անչափահասին. հանդիպումը եղել է աղջկա ծնողների թույլտվությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես Armlur.am-ն ավելի վաղ հայտնել էր, Շիրակի մարզի Նահապետավան գյուղի 26-ամյա բնակիչ Նարեկ Դավթյանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի անչափահաս բնակչուհի Գ.Ա.-ին փախցնելու և հղիացնելու մեղադրանքով:

Ինչպես տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից, Նարեկ Դավթյանը դատապարտվել է ազատազրկման 4 տարի 6 ամիս ժամկետով (ՀՀ ՔՕ 131 հոդվածի 2 մասի 4 կետով (անչափահասի առևանգում) և 141 հոդվածի 1-ին մասով (անչափահասի նկատմամբ սեռական բնույթի գործողությունների կիրառումը), սակայն պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է 2 տարվա փորձաշրջան:

Եղեգնաձորի կայազորի զինվորական դատախազության դատախազ Մարտին Հարությունյանը վճիռը բողոքարկել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան:

Դատավարական նախապատմության համաձայն՝  Նարեկ Դավթյանը 2012 թվականի դեկտեմբերի 2-ին անչափահաս Գ. Ա.-ի հետ Եղեգնաձոր քաղաքում զբոսնելուց հետո, չարաշահելով նրա վստահությունը, նրան Վայոց ձորի մարզի Չիվա գյուղում գտնվող տուն տանելու փոխարեն՝ ամուսնության նպատակով գաղտնի առևանգել է: Անչափահաս աղջիկը զանգահարել է քրոջը, ինչից հետո միայն նրա հորը հաջողվել է դստերը տուն վերադարձնել:

Այս ամենից բացի՝ ավելի վաղ Նարեկն ու անչափահաս Գ.-ն փոխադարձ համաձայնությամբ սեռական հարաբերություն են ունեցել, ինչի արդյունքում Գ.-ն հղիացել է, իսկ 2014 թվականի հունվարի 4-ին՝ ծննդաբերել:

Դատարանն ապացուցված է համարել այն հանգամանքը, որ Նարեկը որպես վաշտի հրամանատար ծառայել է ՀՀ ՊՆ N զորամասում, և այդ ընթացքում ծանոթացել է գործով տուժող անչափահասի հետ: Ավելի ուշ նրանք հավանել են իրար, սկսել են շփվել, Նարեկը մասնակցել է անչափահաս աղջկա 15-ամյակին, և Գ.-ի ծնողների համաձայնությունը ստանալուց հետո հանդիպել են նաև դրսում: Այսուհանդերձ, Գ.-ի ծնողները Նարեկին զգուշացրել են, որ մինչև նա 16 տարեկան չդառնա, ամուսնության մասին խոսք լիներ չի կարող: Նրանք նշանվել են, և Նարեկը Գ.-ին տարել է իրենց բնակարան, որտեղ վերջինիս կամքով սեռական հարաբերություն են ունեցել, և անչափահաս աղջիկը հղիացել է:

Իր ցուցմունքում Նարեկն ասել է, որ իմացել է, թե իր նշանածը 16 տարեկան է, նրան չի առևանգել կամ բռնաբարել: Նարեկի խոսքերով՝ ինքը գիտակցել է, որ սեռական հարաբերություն ունենալը հանցանք է, սակայն սիրելով է դա արել և այդ պահին ոչինչ չի գիտակցել: Իսկ այն ժամանակ, երբ երեխան ծնվել է, գնացել է հիվանդանոց՝ տեսնելու, սակայն Գ.-ն չի ցանկացել: Նարեկը հայտնել է, որ հիմա ապրում են նորմալ պայմաններում, ունեն լավ փոխհարաբերություններ, իսկ երեխայի հայրությունն ինքը ճանաչել է:




Լրահոս