Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հովհաննես Սահակյանի և Էդմոն Մարուքյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Նախագծով առաջարկվող հարցի առավել ճշգրիտ կարգավորումն ապահովելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող դրույթն անհրաժեշտ է շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Պարտադիր զինվորական ծառայության ժամանակ կրտսեր հրամանատարական պաշտոն զբաղեցրած, այնուհետև պահեստազորում ընդգրկված և հաշվառված, բարձրագույն կրթություն ունեցող անձանց պարտադիր զինվորական ծառայության այդ ժամանակահատվածը համարվում է պետական կառավարման ոլորտի ստաժ»:
Միաժամանակ կառավարությունը գտնում է, որ խնդիրը ոչ թե «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կարգավորման առարկա է, և համապատասխան լրացումը պետք է կատարվի նշված օրենքում:
«Ելնելով վերոգրյալից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագիծն ընդունելի կհամարի իր կողմից ներկայացված առաջարկության ընդունման դեպքում», – նշված է որոշման մեջ: