Այսօր առավոտյան Կառավարության շենքի առջև են հավաքվել Եկմալյան 4/17 հասցեի սեփական տների մի քանի բնակիչ, ովքեր պահանջում են փոխհատուցել իրենց քանդված բնակարանների դիմաց:
Երևանի քաղաքապետարանը խնդրի վերաբերյալ գրություն է տվել, համաձայն որի՝ տները քանդելուց հետո` 1 տարվա ընթացքում, նրանց կտրամադրվեն համապատասխան չափերի բնակարաններ, սակայն խոստացված բնակարանները 2007-ից ի վեր այդպես էլ քաղաքացիներին չեն տրվել:
«Ո՛չ բնակարան են տալիս, ո՛չ էլ բնակարանների գումարն են տալիս: Մնացել ենք անտուն-անտեղ` փողոցներում: Անգամ գումար չեն տալիս, որ գոնե վարձով ապրենք»,- նշեց ցուցարարներից մեկը:
Նրանք պահանջում էին, որ իրենց հետ խոսի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Վարչապե՛տ, իջի՛ր, վարչապե՛տ, իջի՛ր», -գոռում էին բողոքավորները: