ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում մերժեց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանի և Նաիրա Զոհրաբյանի հեղինակած՝ սահմանային գոտու համայնքներին հարկային արտոնություններ շնորհելու մասին օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը:
Օրենսդրական փաթեթով առաջարկվում էր սահմանային գոտու համայնքներին ազատել մի շարք հարկերից: Փաթեթի մաս էին կազմում «Շրջանառության հարկի մասին», «Արտոնագրային վճարների մասին», «Գույքահարկի մասին», «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:
Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը նշեց, որ կառավարությունը կիսում է պատգամավորների մտահոգությունը, և ԱԺ է ուղարկվել կառավարության հեղինակած փաթեթը սահմանամերձ համայնքների մասով: