Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 01:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանի շինության հետնամասում, ծնոտի շրջանում մահացու հրազենային մարմնական վիրավորումով հայտնաբերվել է պահակախմբում որպես ժամապահ ընդգրկված ժամկետային զինծառայող շարքային Սամվել Հարությունյանը:
Քրեական գործ հարուցվել է՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով: Քրեական գործի շրջանակներում կալանավորվել է զինծառայող Վ. Դավթյանը:
Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածով՝ զինծառայողին վիրավորանք հասցնելու, նրա պատիվն ու արժանապատվությունը ստորացնելու համար, սակայն Դավթյանն իրեն մեղավոր չի ճանաչում:
Armlur.am-ին հայտնի դարձավ, որ սույն գործով ծառայողական քննությունն ավարտվել է, և ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով՝ նկատողություն են ստացել որոշ զինծառայողներ:
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն Armlur.am-ին հայտնեց, որ որոշում է կայացվել, որի համաձայն՝ զորամիավորման հրամանատարությունը, զորամասի հրամանատար գնդապետ Գասպարյանն ու հրամանտարի երկու տեղակալները ստացել են տարբեր կարգի գրավոր նկատողություններ: Դիվիզիոնի հրամկազմը՝ թվով 4 սպա, ազատվել է պաշտոնից:
Տաթև Հարությունյան