ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԴԱՀԿ-Ն 1 ԱՄՍՈՒՄ ՀԱՐՈՒՑՈՒՄ Է 120.000 ՎԱՐՈՒՅԹ

Երեկ Ծաղկաձորում տեղի ունեցավ ՀՀ Հարկադիր կատարման ծառայության կազմակերպած գիտագործնական 2-րդ միջազգային համաժողովը «Կատարողական վարույթի խնդիրների ավանդական եւ նորարարական լուծումները» թեմայով: Համաժողովին մասնակցել են Դատական կատարողների միջազգային միության, ինչպես նաեւ՝ թվով 18 երկրների պատվիրակություններ:
«Եթե 6-7 տարի առաջ հարուցում էինք 2 հազար վարույթ, ապա այսօր դրանց թիվը մեկ ամսվա կտրվածքով հասնում է 120 հազարի: Սա աննախադեպ քանակ է: Նաեւ ցանկանում եմ շեշտել, որ աշխատակիցների քանակը չի ավելացել, պետական բյուջեի վրա ծախս չենք ավելացրել»,- երեկ հայտարարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը:

 

 
Սահմանադրական փոփոխությունները նախապատրաստող մասնագիտական հանձաժողովը, ինչպես հոկտեմբերի 6-ին հայտարարել էր ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, հոկտեմբերի 14-ին, այսինքն՝ այսօր, պետք է հաստատի սահմանդրական փոփոխությունների հայեցակարգի վերջնական տարբերակը` այն հաջորդ օրը Սերժ Սարգսյանին ներկայացնելու համար: Այսպիսով կարձանագրվի ՀՀ իշխանությունների պաշտոնական պատասխանը ոչ իշխանական եռյակի` սահմանադրական հանրաքվեից հրաժարվելու վերաբերյալ պահանջին, որը հնչել էր ուրբաթ օրը տեղի ունեցած հանրահավաքում:
Զուտ տեսականորեն չի բացառվում, որ ՀՀ իշխանությունները եռյակից վախեցել են եւ որոշել են նրանց պահանջները կատարել ու այլեւս ոչ մի հայեցակարգ էլ չեն մշակելու, ուստի «Ժողովուրդը» փորձեց ՀՀ արդարադատության նախարարությունից պարզել սահմանադրական փոփոխություների հայեցակարգը մշակող հանձնաժողովի նիստի օրակարգը, սակայն՝ ապարդյուն:

 

 
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախկին սանիկ Արթուր Հարությունյանը (Պալաչ) գնել է Աբովյան քաղաքի հեռուստաընկերության բաժնետոմսերի 50 տոկոսը: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ 2016-ի աշնանը կայանալիք Աբովյանի քաղաքապետի ընտրություններում Հարությունյանը պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը: Երեկ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց հեռուստաընկերությունը գնելու մասին լուրը. «Հեռուստաընկերությունն այժմ ոչ բարվոք վիճակում է: Ես ցանկանում եմ, որ հեռուստաընկերությունը դարձնենք այսօրվա մեր կյանքին համահունչ, մեր կյանքի համար պիտանի հեռուստաընկերություն: Փորձում ենք շատ հարցերում մարդկանց պիտանի լինել, պլանավորել ենք մինչեւ հաջորդ տարի շատ բարձր որակ ապահովել»: Ինչ վերաբերում է Աբովյանի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու մասին լուրերին, այդ առնչությամբ նա հորդորեց, որ իրեն պրովոկացիոն հարցեր չուղղենք: Հիշեցնենք, որ Ծառուկյանի հետ ընդհարվելուց հետո Պալաչը համալրեց ՀՀԿ-ի շարքերը:

 

 

 

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հուլիսի 10-ին Քարվաճառի ուղղությամբ պետական սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի դիվերսանտների գործով ԼՂՀ կայցելեն օտարեկրացի պաշտպաններ: Ադրբեջանի արտգործնախարարությունն օրերս հայտարարությունն էր տարածել այն մասին, որ Լեռնային Ղարաբաղն ադրբեջանցիների նկատմամբ դատական գործ հարուցելու իրավաբանական հիմքեր չունի, եւ դատարանի կայացնելիք վճիռը «իրավաբանական ուժ չի կարող ունենալ»: Ուստի, եթե Ադրբեջանը պաշտոնապես պաշտպաններ ուղարկի Արցախ, ապա այդպիսով պաշտոնական Բաքուն կճանաչի ԼՂՀ դատարանի իրավասությունը: Հետեւաբար առավել հավանական է, որ օտարերկրացի պաշտպանները որեւէ այլ երրորդ երկրի կամ միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ կլինեն (չի բացառվում՝ ազգությամբ ադրբեջանցիներ):
Ի դեպ, հոկտեմբերի 8-ին դիվերսանտների գործն ուղարկվել է դատարան, սակայն առաջին դատական նիստի օրը դեռեւս չի հայտարարվել:

 

 

 

ՆԱԽԱԶԳՈՒՇԱԿԱՆ

Հոկտեմբերի 10-ի հանրահավաքում իր ելույթն անավարտ թողած Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ հարցազրույց է տվել ոչ ընդդիմադիր համարվող լրատվամիջոցներից մեկին` հայտարարելով, թե եռյակի ուժերը չունեն միասնական օրակարգ: Այն, որ դա այդպես է, տեսանելի էր դեռ հանրահավաքի ընթացքում, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին, ըստ էության, անվանեց «մարդկանց մտքերը պղտորող», որի «ջղաձգումներն արդեն զավեշտի են վերածվում»: Նա, իհարկե, ԵՏՄ-ի անդամակցության «անշրջելի գործընթացին» ընդդիմացող «երկու-երեք տասնյակ մարդկանց» թվում չտվեց անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանի անունը, բայց դրա կարիքը չկար էլ, քանզի Տեր-Պետրոսյանից ընդամենը մի քանի րոպե առաջ ունեցած իր ելույթում Րաֆֆի Հովհաննիսյանը ԵՏՄ-ին անդամակցության որոշումը գնահատել էր որպես «Հայաստանի անկախության վաճառք»: Ուստի ակնհայտ է, որ Տեր-Պետրոսյանի կոշտ որակումները վերաբերում էին նաեւ (եթե ոչ՝ առաջին հերթին) ԵՏՄ-ի մասին չխոսելու` կանխավ ձեռք բերված պայմանավորվածությունը խախտած Րաֆֆի Հովհաննիսյանին:
Բայց այս տարակարծությունը եռյակի ուժերի միջեւ առկա խնդիրներից, թերեւս, ամենահեշտ լուծելին է: 2013թ-ին իր «հաղթանակը Մոսկվայից բերելու» գնացած Րաֆֆի Հովհաննիսյանի համար դժվար թե մեծ խնդիր լինի ԵՏՄ-ի հարցով այլեւս իր «ջղաձգումներն» ի ցույց չդնելը: Ի վերջո, եթե նա քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ այդքան հեշտությամբ մոռացավ, թե ինչպես էր 2011-ին նույն այդ Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնող Լեւոն Տեր-Պետրոսյանը քամահրանքով հրաժարվում իր ծոմապահ ձեռքը սեղմելուց, եվ կամ` ինչպես էր նույն ԲՀԿ-ի ղեկավարությունը 2013-ին իր առաջադրումը համարում քաղաքական թատրոն եւ հրաժարվում որեւէ կերպ աջակցել, ապա ԵՏՄ-ի մասին առժամանակ լռելն առհասարակ դժվար չպետք է լինի` եռյակից դուրս չմղվելու համար:
Այլ հարց է, թե դեռ որքան եւ ինչ չափով է ՀԱԿԿ առաջնորդը ցանկանում Րաֆֆուն տեսնել եռյակի մեջ: Դրա համար, ինչպես արդեն նշել ենք, նա ունի շատ ավելի համեստ եւ նախագահական ամբիցիաների մասին արդեն մոռացած Ստեփան Դեմիրճյանին, որին էլ շտապեց բերել հարթակ` այդպիսով, ըստ էության, նախապատրաստելով Րաֆֆու անցնցում փոխատեղումը:
Իր երեկվա «նախազգուշական հարցազրույցով» Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն իսկ ուրվագծել է նման հեռանկարի՝ թեկուզեւ դեռ փոքր, բայց առկա հավանականությունը: Այդ թվում նաեւ շեշտելով, որ իր համար կարեւոր է ոչ թե ԲՀԿ եւ ՀԱԿ առաջնորդների կողմից «իշխանափոխություն բառի արտասանումը, այլ ժողովրդին հուսախաբ չանելը»: Ասել է թե` նա արդեն իսկ հրապարակավ կասկածի տակ է դնում եռյակի իր դաշնակիցների` ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի առաջնորդների անկեղծությունը իրենց իսկ կուսակիցների կողմից ավելի վաղ հայտարարած իշխանափոխության միասնական օրակարգի իրականացման հարցում:

 




Լրահոս