Մայիսի 6-ի ԱԺ ընտրությունների վերաբերյալ երեկ հայտարարություններ արեցին խորհրդարան անցած գրեթե բոլոր քաղաքական ուժերը: Իր առաջիկա անելիքներն առավել հստակ ներկայացրեց Հայ ազգային կոնգրեսը` երեկվա հանրահավաքում հայտարարելով, որ ՀԱԿ-ը դիմելու է ՍԴ` ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու պահանջով: Միեւնույն ժամանակ, երեկ հայտնի դարձավ, որ Կոնգրեսը չի պատրաստվում հրաժարվել մանդատներից, ինչը ՍԴ դիմելու` ՀԱԿ-ի որոշումը տեղափոխեց ավելի շատ ֆորմալ հարթություն: Ստացվեց, որ ՀԱԿ-ը մի կողմից չի ճանաչում այդ ընտրությունների արդյունքները, սակայն մյուս կողմից` չսպառելով դրանց վիճարկման սահմանադրական հնարավորությունները, վերցնում է իր կողմից չընդունվող արդյունքներով ստացված օրենսդիր իշխանության իր մասնաբաժինը:
Ինչ վերաբերում է այս ընտրություններում ամենից շատ տուժած Հայ հեղափոխական դաշնակցությանը, ապա կուսակցության երեկ տարածած հայտարարությունից այդպես էլ պարզ չի դառնում, թե չորրորդ գումարման խորհրդարանում ունեցած 16 տեղերից այս ընտրություններում ընդամենը 5-ը պահպանած (որից մեկն էլ` ՀՀԿ-ի աջակցությամբ) ՀՅԴ-ն կոնկրետ ինչ քայլերի է պատրաստվում դիմել: «ՀՅԴաշնակցությունը՝ որպես ինքնուրույն, հստակ սկզբունքներ դավանող քաղաքական ուժ, ընտրական արդյունքների առումով իր այս նահանջը սառնասրտորեն ձեւակերպում է որպես գործունեության նոր փուլի սկիզբ` համընդհանուր պայքարի շարունակություն մինչեւ ամբողջական իշխանափոխություն»: Այս հայտարարությունից կարելի է ենթադրել, որ Դաշնակցությունը, մշտապես հավատարիմ իր «կողմ ըլլալով` դեմ»-ին, այս դեպքում եւս կշարունակի իր գործունեությունը նոր ԱԺ-ում` առանց մեծ խնդիրներ հարուցելու իշխանական մեծամասնության համար:
Իր բովանդակությամբ ավելի շատ դիտորդական առաքելության միջնաժամկետ զեկույց էր հիշեցնում «Ժառանգության» հայտարարությունը, որում թվարկելով ընտրությունների ընթացքում տեղ գտած բազմաթիվ ապօրինությունները, կուսակցությունն այնուամենայնիվ, առայժմ բավարարվում է «Ընտրությունները մթագնված են բազմաթիվ ընտրախախտումներով» ձեւակերպմամբ` եւ խոստանում իր վերջնական գնահատականը տալ արդյունքների ամփոփումից հետո: Ասել է թե` «Ժառանգություն»-ը եւս կշարունակի իր աշխատանքը ԱԺ-ում` ըստ ամենայնի, խաղալով առավելապես ընդդիմադիր դաշտում:
Որքան էլ տարօրինակ է, իր երեկվա հայտարարությունում ընտրակաշառքներից բողոքել է նաեւ «Օրինաց երկիր» կուսակցությունը, որի առաջնորդի հայտարարության մեջ դառնորեն արձանագրված է, որ ՕԵԿ անդամների գերակշիռ մասը չի քվեարկել կուսակցության օգտին: Այս ուժի կարգավիճակը գալիք ԱԺ-ում, թերեւս, որեւէ հարցի տեղիք չի տալիս:
Փոխարենը բոլորին հուզում է ԲՀԿ դիրքորոշումն ու գալիք ԱԺ-ում գրավելիք տեղը: Սակայն դատելով կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի երեկվա հայտարարությունից, այս ինտրիգը եւս մի քանի օր կպահպանվի: Քանի դեռ լռում է Հանրապետականը:
ԴԵՌ ԼՌՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ