«ԲԱՐԵՊԱՇՏ» ՎԱՀՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ
Հանրապետական կուսակցությունը կարող է համարվել այն յուրատեսակ «դարբնոցը», որն իր հարկի տակ է առնում տարբեր սկանդալների մեջ հայտնված դեմքերի, կուսակցափոխների, սեփական քաղաքական հայացքներն ուրացողների եւ պատեհապաշտների, մարդկանց, ովքեր իրենց կենսագրությամբ խորացնում են անսկզբունքայնության եւ ամենաթողության մասին պատկերացումները: Կարելի է ասել` այս ամենը կուսակցության համար «ֆիրմային նշան» է դարձել: Եվ դա է պատճառը, որ շատերն են գալիս այստեղ՝ իմանալով, որ իրենց կհովանավորեն եւ կաջակցեն:
Այդպիսի նկատառումներով ՀՀԿ եկածներից մեկն էլ Վահրամ Մկրտչյանն է, որը, հանուն ապահով հովանավորության, թողել է իր ՀԺԱՄ կուսակցությունը եւ 2012-ից անդամագրվել Հանրապետականին` այս կուսակցության հովանու ներքո դառնալով չափազանց ինքնավստահ: Այդ ինքնավստահության արտահայտություններից մեկն էլ տարադրամի փոխանակման կետի հետ կապված աղմկալի պատմությունն էր, որի գլխավոր գործող անձը հենց Վահրամ Մկրտչյանն էր՝ ԱԺ պատգամավորը եւ «Բարեպաշտ սերունդ» կազմակերպության նախագահը: Բարեպաշտությունը շատ լավ բան է, միայն թե Վահրամ Մկրտչյանը բարեպաշտության տակ այլ բան էր հասկացել…
Ապագա ՀՀԿ-ականը 1985 թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, ապա ընդունվել ԵՊՀ ասպիրանտուրա: Ճիշտ է՝ ասպիրանտուրան ավարտել է 1988-ին, սակայն ատենախոսությունը պաշտպանել է 1992-ին եւ ստացել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1988-1990թթ. աշխատել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում՝ որպես ավագ գիտաշխատող: Սակայն տեսնելով, որ գիտությամբ չի կարող ընտանիք պահել, աշխատանքի է անցել ՀՀ Պետական գույքի կառավարման նախարարության անշարժ գույքի կառավարման վարչությունում՝ միանգամից զբաղեցնելով վարչության պետի պաշտոնը: Ուշագրավն այն է, որ այդ ժամանակ նա Վազգեն Մանուկյանի ԱԺՄ-ի անդամ էր: Թե ինչպես է ընդդիմադիր կուսակցության վարչության քարտուղարը նման պաշտոն ստացել, առեղծված է… Չորս տարի աշխատելով այստեղ՝ այնուհետեւ դարձել է Երեւանի Ջրմուղ կոյուղու «Մաշտոց» մասնաճյուղի տնօրեն: Ի՞նչ գործ ուներ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուն ջրմուղի հետ՝ դարձյալ առեղծված է:
Ինչեւէ, երկու տարի Ջրմուղի մասնաճյուղի տնօրեն աշխատելուց հետո՝ 2006-ին, Վահրամ Մկրտչյանը վերադարձել է համալսարան եւ դարձյալ ստանձնել ավագ գիտաշխատողի պաշտոնը: Իսկ ահա 2007-ին հիմնադրել է «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամն ու դարձել դրա տնօրենը:
Այս ընթացքում Վահրամ Մկրտչյանը նաեւ քաղաքական դաշտում է հետաքրքիր կերպարանափոխությունների ենթարկվել: Ինչպես նշեցինք՝ ի սկզբանե եղել է Վազգեն Մանուկյանի ԱԺՄ կուսակցության անդամ, իսկ ահա 2001-ից անցել է Սեյրան Ավագյանի կողմն ու դարձել ՀԺԱՄ կուսակցության հիմնադիր անդամներից մեկը: Հիշենք, որ այս կուսակցության նպատակն էր Հայաստանում ձեւավորել միջին խավ, այսինքն՝ նոր տիպի ազգային բուրժուազիա, որն օլիգարխիկ հովեր չուներ, սակայն կամենում էր գործարար եւ ֆինանսական դաշտում ուղղորդող լինել: Վահրամ Մկրտչյանն էլ, ըստ ամենայնի, ոգեւորվելով բուրժուազիայի ներկայացուցիչ լինելու գաղափարով եւ 2004-2009 թվականներին լինելով ՀԺԱՄ նախագահի տեղակալ, ապա՝ 2009-2012-ին արդեն ՀԺԱՄ նախագահ, անսպասելիորեն, իսկ գուցե` միանգամայն սպասված կերպով՝ երես էր թեքել այս կուսակցությունից եւ վազել դեպի ՀՀԿ: Դե, չգոյության դատապարտված ՀԺԱՄ-ից ինչ բուրժուազիա կերտող…
Հենց ՀՀԿ-ի քվոտայով էլ պատգամավոր դառնալով՝ նա ցանկանում է միանգամից հարստանալ, չնայած մինչեւ այդ էլ հասցրել էր որոշակի գումար կուտակել եւ իր ցանկություններն իրականություն դարձնելու համար՝ սնանկացնել իր բիզնես գործընկերոջը՝ Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս, գիտությունների թեկնածու Արտակ Ղուկասյանին: Ինչպես ժամանակին գրել է մամուլը, Արտակի հարազատները պնդում էին, որ ամբողջ պատմությունը՝ առեւանգումը, ծեծը, ունեցվածքի խլումը, ապա նաեւ՝ Արտակի կալանավորումը, իրականացվել է Վահրամ Մկրտչյանի, նրա սանիկի՝ ՊԵԿ օպերատիվ հետախուզության բաժնի պետ Արման Սարգսյանի, նրա եղբոր՝ Գուրգեն Սարգսյանի եւ մի քանի այլ «հաստավիզների» ձեռքով: Վահրամ Մկրտչյանն Արտակ Ղուկասյանի հետ համատեղ տարադրամի փոխանակման կետ էր ունեցել, որն աշխատեցնելու ընթացքում առաջացած ինչ-ինչ խնդիրների պատճառով անցած տարի մայիսին մի քանի այլ անձանց հետ մտել էր Արտակ Ղուկասյանի բնակարան ու Արտակի հորից պահանջել տանը եղած ամբողջ ոսկեղենը՝ սպառնալով, որ եթե չբերեն ոսկիները, իրենց տղան տուն չի գա:
Ստանալով տանը եղած ամբողջ ոսկին՝ Վահրամ Մկրտչյանը իր շքախմբի հետ հեռացել էր, որից հետո միայն հաջորդ օրը՝ երեկոյան էր Արտակը տուն եկել՝ ծեծված, կապտուկներով եւ արյունոտված շորերով: Տուժողը իրավապահներին չէր դիմել, քանի որ Վահրամ Մկրտչյանը սպառնացել էր` եթե բողոքի, ապա հաջորդը երեխաներն են լինելու, եւ ավելացրել էր, որ բողոքելու դեպքում էլ արդյունքի չեն հասնի, քանի որ ինքն ապարանցի է, Աղվան Հովսեփյանի հայրենակիցը եւ երբ ուզի, Արտակին կնստեցնի: Այդպես էլ եղավ: Քրեական գործ հարուցվեց, բայց նախաքննության որոշակի փուլից գործը շրջվեց Արտակի դեմ, եւ նրան խարդախության մեղադրանք առաջադրվեց: Արտակի կնոջ խոսքով՝ խնդիրն առաջացել էր այն բանից, երբ Արտակին ծեծելուց եւ սպառնալուց հետո Վահրամ Մկրտչյանը խլել էր ինչպես նրա հետ համատեղ ստեղծած տարադրամի փոխանակման կետերը, այնպես էլ մնացած ունեցվածքը, այդ թվում՝ Արտակին պատկանող գրավատունը: Արդյունքում ստացվել էր, որ գրավատանը մարդկանց գրավադրած ոսկիները, գույքն անհետացել էին, ինչի համար էլ մեղադրվել էր Արտակը…
ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ
ԼՈՒՐԵՐ
Ի՞ՆՉ ՊԱՇՏՈՆ ԵՆ ՈՒԶՈՒՄ
Ծաղկաձորում լրագրողների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե իրենց համար պարզ չէ՝ Հանրապետականից ինչ են սպասում ոչ իշխանական քառյակում: «Մենք պիտի հասկանանք՝ ինչ առաջարկենք. պաշտո՞ն են ուզում, պաշտոն տանք, ուզում են գան կոալիցիա՞, գան կոալիցիա, ի՞նչ են առաջարկում: Որեւէ մեկդ կարո՞ղ է ձեւակերպել: Ասում են՝ հաջորդ ընտրություններին մենք ենք լինելու, մենք էլ ասում ենք, որ առանց մեր դերակատարման որեւէ բան մի փորձեք անել, դա չի ստացվի: Մենք էլ ենք քաղաքական ուժ եւ մեծ դերակատարում ունենք: Այսինքն, եթե քաղաքական պրոցեսներ են գնում, մեր մասնակցությունը նշանակալից է»,-մանրամասնել է Գալուստ Սահակյանը:
«Բանակցություններ վարում են այն դեպքում, երբ դրա անհրաժեշտությունը կա: Ես կարծում եմ, որ տարբեր քաղաքական ուժեր են, առանձին-առանձին խնդիրներ ունեն: Մի մասը գտնում է, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե պիտի չլինի, որովհետեւ մի անգամ էլ իրենք են ուզում նախագահ դառնալ: Մյուս մասն ասում է՝ էդ ճանապարհը լավ է… էսպես շարունակ: Հենց դա է պատճառը, որ բանակցությունների մասին ո՛չ խոսք է եղել, ո՛չ էլ դրա անհրաժեշտությունը կա, եւ ինչի՞ շուրջ պիտի բանակցենք»,-տարակուսել է Ազգային ժողովի նախագահը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում կայացած ոչ իշխանական ուժերի հանրահավաքում Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ երկիրը աղետից փրկելու համար անհրաժեշտ են արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ՝ հավելով.«Մեր ծրագրերն ու նպատակները հստակ են, ուստի երկխոսության եւ փոխզիջումային լուծումների առաջարկները պետք է բխեն իշխանություններից։ Եթե այդ առաջարկները ողջամիտ լինեն, ապա հնարավոր է, որ դրանց ընդառաջենք»:
ԱՄՈՒՍՆԱՆՈՒՄ Է
Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանն ամուսնանում է: NEWS.am-ի տեղեկություններով՝ հարսանիքը կլինի հենց պատգամավորի ծննդյան օրը՝ հոկտեմբերի 25-ին: Նաիրա Կարապետյանի ընտրյալը 37-ամյա Գարի Սնխչյանն է, նա ընդհանրապես կապ չունի քաղաքականության հետ, աշխատում է «Ֆուռնիվուդ» ընկերությունում՝ որպես ներմուծման բաժնի պետ: Պսակադրության արարողությունը կկայանա Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում, նորապսակների օծման արարողությունն անցկացնելու է Պարգեւ Սրբազանը: Եկեղեցու արարողությունից հետո տոնախմբությունը կշարունակվի այնտեղի ռեստորաններից մեկում, հայաստանյան քաղաքական էլիտայից հրավիրվածներ չկան, երիտասարդները ցանկացել են նեղ, ընտանեկան միջոցառում անցկացնել:
ԴՈՒՐՍ Է ԳՐՎԵԼ
Հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրին հոկտեմբերի 12-ին հիվանդանոցից դուրս են գրել, գրում է «ՌԻԱ Նովոստին». «Ազնավուրը Լոզանի հոսպիտալը լքել է կիրակի: Ինչ վերաբերում է Ժնեւի համերգին, ապա դրա մասին հայտնի կդառնա միայն երկու-երեք օր անց»:
ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ
«Շատերն են ֆիքսել, որ Ծառուկյանն իր՝ ընդամենը երկու րոպեանոց ողջույնի խոսքում մի քանի կարեւորագույն ուղերձ դրեց շրջանառության.
1. Հրապարակայնորեն վերահաստատեց իր խորքային անհամաձայնությունը գործող իշխանության կողմից վարվող կուրսի նկատմամբ:
2. Ֆիքսեց, որ Հայաստանն անպայման ունենալու է մեծ հաջողություններ, եւ պետք չէ վախենալ այսօրվա ծանր տնտեսական խնդիրներից:
3. Համոզմունք հայտնեց, որ Հայաստանին պետք է փոփոխությունների մի մեծ փուլ, եւ դրանց սկիզբը դրվեց այդտեղ, այդ օրը:
4. Հիշեցրեց, որ որեւէ պայքար չի լինում առանց դժվարությունների, եւ միաժամանակ կարեւորեց, որ անրաժեշտ են բացառապես խելամիտ, սառը հաշվարկված քայլեր»,- հոկտեմբերի 10-ի հանրահավաքում Գ. Ծառուկյանի խոսքը մեկնաբանելով` zham.am-ին ասել է Աժ ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Հովհաննիսյանը:
ՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ
Երեկ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը թվարկել է ԵՏՄ ընձեռած հնարավորությունները` շեշտը դնելով գյուղատնտեսության ոլորտի զարգացման, գյուղմթերքի արտահանման հեռանկարների եւ ՌԴ-ից ՀՀ ուղարկվող տրանսֆերտների վրա: Նա նշել է, որ ՌԴ-ում 2.5 մլն հայ է աշխատում. «Ամեն մեկն իր ընտրությունն է անում: Եթե պարզվի՝ չենք ուզում, կարող ենք դուրս գալ: Մենք գնում ենք այնտեղ, որտեղ մեզ արդյունավետ է»,- եզրափակել է Աբրահամյանը:
Ի ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ
Աշխատանքային այցով Ժնեւում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի շրջանակում հոկտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերթի հետ: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ ԱԺ փոխնախագահն անթույլատրելի է համարել Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը, հարեւան երկրի հետ նախապայմաններով խոսելը եւ Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը: Նա նկատել է, որ ի տարբերություն Գերմանիայի՝ Թուրքիան գնում է պատմությունը կեղծելու ճանապարհով: