ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԿԵՂԾ ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԵՐԳԵՐԸ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ»

«Ժողովուրդ»-ը զրուցել է երգիչ-երգահան Արտավազդ Բայաթյանի հետ իր կատարումների, հայկական երգարվեստում առկա երեւույթների եւ մի շարք այլ թեմաների վերաբերյալ:

-Հոկտեմբերի 11-ին եւ 12-ին համայն հայությունը տոնում էր Երեւանի ծննդյան 2796-ամյակը: «Արձագանք»-ի հայտնի «Ծնունդդ շնորհավոր» երգն այնքան սիրելի է եւ նաեւ՝ այդ օրվան համահունչ: Այն, սակայն, չհնչեց, առհասարակ` վերջին շրջանում Ձեր երգերը նման մեծամասշտապ միջոցառումներին չեն հնչում: Ո՞րն է պատճառը:
-Ո՛չ, չհնչեց, ես հրավիրյալների շարքում չկայի: Իրականում ցանկությունս մեծ է նման միջոցառումներին մասնակցելու, բայց կազմակերպիչները հավանաբար գտնում են, որ մեր ներկայությունն այդպիսի միջոցառումներում պարտադիր չէ: Չգիտեմ` ինչու է այդպես, բայց այդպես է: Երեւի ավելի հարմար թեկնածուներ կան իրենց տեսադաշտում:
-Պարո՛ն Բայաթյան, շարունակո՞ւմ եք երգեր հեղինակել:
-Պետք է մի շատ կարեւոր բան ասեմ: Հազարավոր երգեր գրելու անհրաժեշտություն չկա. պահը եթե հասունանա, ստեղծագործող մարդը կստեղծագործի: Հարկավոր չէ պարզապես երգեր գրել՝ քանակ ապահովելու համար, պիտի այդ ստեղծագործությունը հոգեվիճակ բնութագրի, մարդու ներաշխարհն արտացոլի, հոգուց բխի: Հիմա այնքան շատ են ձեւականությունները, որ նույնիսկ երբեմն այդ ամենը նողկալի է դառնում: Հնչում են «ճոռոմ» հայրենասիրական կատարումներ, բոլորը գովերգում են քաղաքամայր Երեւանը, կեղծ երեւանասիրությամբ են ուզում վարակել մարդկանց… Այդպիսի երգերը ժամանակավոր են: Ունկնդիրների որոշակի հատվածի երաժշտական նախասիրությունները բավարարում են եւ շատ արագ սպառում իրենց:
Ես շարունակում եմ ստեղծագործել, բայց նորից եմ ասում` քանակ ապահովելու համար չէ:
-Այլ կատարողների վստահո՞ւմ եք Ձեր երգերը:
-Սովորությանս համաձայն` իմ երգերը ես եմ երգում: Եթե որեւէ մեկը իմ երգերը կատարելու ցանկություն ունենա, խնդիր չի լինի, պարզապես մի բանի վրա եմ ուզում շեշտը դնել. երբ ես ստեղծագործում եմ, այդ երգի տեքստն ու երաժշտությունն իրենց նախապատմությունն են ունենում, այսինքն` հոգեվիճակս հասունացած է լինում: Նաեւ գիտեմ` ինչի համար եմ գրել, ինչի մասին է այն: Իմ «Ծիծեռնակ» երգը կատարվել է ուրիշների կողմից, բայց որպես կանոն՝ ես եմ իմ հեղինակած երգերը կատարում:
-Բացի համացանցի հնարավորություններն օգտագործելուց Ձեր երկրպագուներն ուրիշ ի՞նչ ճանապարհով կարող են Ձեր երգերն ունկնդրել:
-Հեռուստատեսությամբ քիչ են հնչում իմ երգերը: Պատճառներից մեկն էլ այն է, որ շատ տեսահոլովակներ չունենք նկարահանած: Բայց տեսահոլովակների փոխարեն ունենք համերգների տեսաձայնագրություններ, որոնք շատ քիչ են ցուցադրվում: Ի՞նչ ասեմ: Հավանաբար հեռուստաընկերությունների խմբագիրները նպատակահարմար չեն գտնում իմ երգերը եթեր հեռարձակել, կամ էլ փողային տարբերակն է գործում. ումից փող են վերցնում, նրա երգերն էլ եթեր են հեռարձակում: Մի շարք համերգներ ենք ունեցել Գյումրիում, Երեւանում, ինչպես նաեւ՝ ԱՄՆ-ում, բայց այդ համերգներից եւ ոչ մեկի ցուցադրումը եթերում չեմ տեսել: Հավանաբար իրենց արխիվում կունենան, բայց թե ե՞րբ կցուցադրեն, չեմ կարող ասել:
-Առաջիկայում համերգներով հանդես կգա՞ք:
-Այս տարվա համար պլանավորում ենք, անկեղծ ասած: Նոյեմբերին հնարավոր է համերգ ունենանք: Եթե ֆինանսական խոչընդոտները կարողանանք հաղթահարել, երաժշտության պակասի խնդիր չի լինի հաստատ:

Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ

 

 
ԼՈՒՐԵՐ

ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐԸ
Շվեդական ակադեմիան արդեն հրապարակել է 2014-ի գրականության Նոբելյան մրցանակակրի անունը: Այս անգամ պատվավոր այդ մրցանակը ստացել է 69-ամյա ֆրանսիացի գրող Պատրիկ Մոդիանոն: Նա ծնվել է 1945 թվականի նոյեմբերի 30-ին Փարիզի արեւմտյան Բունոլ-Բիյանկուր արվարձանում: Գրողն իր գրական գործունեությունն սկսել է 1968թ. «Աստղի հրապարակը» վեպով: Նրա՝ գրեթե բոլոր ստեղծագործությունները ինքնակենսագրական բնույթ ունեն եւ կապված են Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Ֆրանսիայի շրջափակման հետ:
Նոբելյան մրցանակն այս հեղինակի 6-րդ միջազգային մրցանակն է: Պատրիկ Մոդիանոն հրատարակել է 23 գիրք:

 

ՄՈՆՍԵՐԱՏ ԿԱԲԱԼՅԵՆ ԱՐՑԱԽՈՒՄ Է
Աշխարհահռչակ սոպրանո Մոնսերատ Կաբալյեն հոկտեմբերի 12-ին ժամանել է Արցախ: Հոկտեմբերի 14-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի կունենա երգչուհու բացառիկ համերգը` նվիրված Արցախում զինադադարի հաստատման 20-ամյակին: Այս մասին հայտնում է ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը:
Ստեփանակերտի՝ Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում Մոնսերատ Կաբալյեն վարպետության դասեր կտա արցախցի երիտասարդ օպերային երգիչներին: Ծրագրված են Մ. Կաբալյեի հանդիպումները Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի եւ հոգեւոր առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ:
Մոնսերատ Կաբալյեն Արցախ է ժամանել իր հարազատների, իսպանացի տենորի եւ նվագակցողի հետ: Հիշեցնենք, որ աշխարհահռչակ սոպրանոն առաջին անգամ Արցախ է այցելել 2013թ. հունիսին: Նույն թվականի դեկտեմբերի 12-ին Փարիզում տեղի է ունեցել Մոնսերատ Կաբալյեի «Հայաստան եւ Արցախ. քրիստոնեության կղզյակ» ալբոմի շնորհանդեսը: Հենց Փարիզում էլ ճանաչված երգչուհին խոստացել է կրկին գալ Արցախ:
Մոնսերատ Կաբալյեն համարվում է 20-րդ դարի լավագույն սոպրանոներից մեկը: 1974 թվականին նա ճանաչվել է Միացյալ ազգերի կազմակերպության պատվավոր դեսպան, 1991-ին՝ Խաղաղության դեսպան, 1994-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան է: Նշենք, որ ԼՂՀ կատարած այցելության պատճառով Կաբալյեն հայտնվել է Ադրբեջանի իշխանությունների «սեւ ցուցակում»:

 

 

ՄԱՀԱՑԵԼ Է
Կյանքի 37-րդ տարում կյանքից հեռացել է ռուս դերասանուհի Ալյոնա Կուզնեցովան: Այս մասին հաղորդում է kp.ru-ն` հղում կատարելով դերասան Դենիս Մայարովի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությանը:
«Մահացել է Ալյոնա Կուզնեցովան: Անհնար է հավատալ: Նոր-նոր էինք սկսել մեր շփումը: Սարսափելի է. Ալյոնայի համար իր փոքրիկ դստրիկից այն կողմ աշխարհ գոյություն չուներ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Մայարովը:
Դերասանուհու մահվան պատճառն առայժմ հայտնի չէ: Նրա դին դատաբժշկական փորձաքննության է ուղարկվել:

 

ԿՄԱՅՐԱՆԱ
Սաթենիկ Հազարյանը, ով հանրությանը հայտնի է սերիալային եւ ֆիլմային իր դերերով, շուտով երկրորդ անգամ կմայրանա: Հղիության 7-րդ ամսում գտնվող դերասանուհին բարի լուրն առաջինը հայտնել է ամուսնուն: Դերասանուհու առաջնեկը տղա է, իսկ երկրորդ անգամ Սաթենիկն արդեն աղջնակի մայրիկ է դառնալու: Հղիությունը Սաթենիկին չի խանգարել խաղալ թատրոնում եւ մասնակցել տարբեր նկարահանումների: Մայրանալուց հետո էլ դերասանուհին պատրաստվում է շարունակել մասնագիտական գործունեությունը:

 

ՏՈՆԵԼ Է ԾՆՈՒՆԴԸ
Նուռը, նույն ինքը` Արման Դավթյանը, նախօրեին տոնել է իր ծննդյան 43-ամյակը: Ոսկերիչ-դիզայները 7 տարի շարունակ ծնունդը չնշելուց հետո այս անգամ հարազատների եւ ընկերների հետ, որոնց թվում են եղել նաեւ Տիգրան Պետրոսյանն ու Ավետ Բարսեղյանը, տարեդարձը երգելով ու պարելով տոնել է Երեւանի կարաոկե-ակումբներից մեկում: Հոբելյարի տարեդարձի հավաքույթի կազմակերպչական հարցերով զբաղվել է նրա կինը` Լիլիթը:

 




Լրահոս