Ֆինանսական գրագիտության մասին շատ է խոսվել: Ցավոք, բացի խոսքից գործն այնքան էլ առաջ չի գնացել: Մինչդեռ, հենց բնակչության ֆինանսական գրագիտությամբ էլ պայմանավորված է տնտեսական զարգացման մակարդակը: Մեր քաղաքացիների ընդամենը փոքր զանգվածն է կողմնորոշվում բանկային ծառայությունների շուկայում և կատարում գիտակցված ընտրություն, այլ ոչ թե լսում ծանոթ-բարեկամների հորդորը, որի հիմքում երբեմն ավելի շատ ենթադրություններն ու ասեկոսներին տուրք տալն է, քան փաստերը և տեղեկացվածությունը: Մինչդեռ տեղեկատվության ցածր մակարդակը և դրա ոչ ճիշտ մեկնաբանությունը կարող են հանգեցնել սխալ որոշման կայացմանը, տարատեսակ անհիմն լուրերի տարածմանը, անգամ խուճապի առաջացմանը ոչ միայն սպառողների նեղ օղակում, այլև ամբողջ հասարակության շրջանում` խաթարելով տնտեսության զարգացումը:
Այդ իսկ պատճառով, շատ երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան կամ Ավստրալիան, ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված ծրագրերը պետական քաղաքականության կարևոր բաղադրիչ են: Ռուսաստանում ավելի հեռու են գնացել: ՌԴ կառավարությունն առաջարկում է նոր օրինագիծ, որով կարգելվի ֆինանսական հաստատությունների մասին ոչ հավաստի տեղեկատվության տարածումը, իսկ նման հոդվածներ հրապարակող կայքերը կարգելափակվեն: Համեմատության համար նշենք, որ ըստ գործող օրենքի, տարածման համար արգելված տեղեկատվություն է համարվում պատերազմի, ազգային, կրոնական, ռասայական խտրկանության և ատելության քարոզչությունը:
Այդպիսով, ՌԴ կառավարությունը փորձում է կանխել ԶԼՄ-ների կողմից բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ներդրումային հիմնադրամների և Կենտրոնական բանկի վերահսկողության տակ գտնվող այլ ֆինանսական ինստիտուտների մասին ոչ հավաստի և այդ կազմակերպությունների գործարար համբավն արատավորող տեղեկությունների տարածման դրսևորումները: Կարծում եմ, մեզ մոտ ևս ֆինանսական գրագիտության բարձրացումը պետք է լինի կառավարության առաջնահերթ ծրագրերում և դրա արագ իրագործումով հնարավորություն ընձեռվի մարդկանց ճիշտ պլանավորելու իրենց եկամուտներն ու ծախսերը, կարողանալու ճիշտ կառավարել խնայողությունները` դրանք գնաճից պաշտպանելու և եկամուտ ստանալու նպատակով: Ցանկացած տնտեսական ինդիկատոր տնտեսության վիճակի արտացոլումն է:
2013թ.-ի արդյունքներով ՀՀ ֆինանսական համակարգի ակտիվները կազմել են ՀՆԱ-ի 74%-ը, իսկ վարկերը` 43%-ը: Հինգ տարի առաջ այդ ցուցանիշները կազմում էին ընդամենը 30% և 18%: Վարկերի ծավալը գերազանցել է 1 տրլն 700 մլրդ դրամը, ավանդներինը` 1 տրլն 450 մլրդ դրամը: Բոլոր բանկերը ընդգրկված են Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցուցակում, և գրեթե միակ կառույցներն են, որոնք շարունակում են մասնաճյուղեր բացել մարզերում` ստեղծելով աշխատատեղեր ոչ միայն մայրաքաղաքում: Դատելով նշված ցուցանիշներից, կարող ենք եզրակացնել, որ մեծացել է ֆինանսական ծառայություններից օգտվելու հասանելիությունը, սկսել է ձևավորվել բանկային գործիքներից օգտվելու մշակույթը և խորանում է տնտեսությունում բանկերի ֆինանսական միջնորդությունը: ՓՄՁ-ներն ապահովում են Հայաստանի ՀՆԱ-ի գրեթե կեսը, իսկ բանկերը, որքան էլ որ թերագնահատենք դրանց գործունեությունը, ապահովում են այդ ձեռնարկությունների ֆինանսական հոսքերի անընդհատությունը: Ի վերջո, այս ցիկլը անդրադառնում է վերջնական սպառողի` շարքային քաղաքացու բարեկեցության վրա:
Գուցե Հայաստանն այս հարցում և չհետևի ռուսաստանյան օրինակին, բայց, կարծում եմ, պետք է ցուցաբերենք ավելի գիտակցված մոտեցում: Վերջ ի վերջո, մեր ֆինանսական հաստատությունները տնտեսության շոգեքարշ պետք է լինեն, այլ ոչ թե խարիսխ: