ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Կոտայքի մարզի Զովունի-Քանաքեռավան ավտոճանապարհի խաչմերուկի մոտ տեղի է ունեցել կոյուղաջրերի խողովակների վթար: Չարենցավան-Երեւան կոյուղագծի կոլեկտորի վթարի հետեւանքով է նման արտակարգ իրավիճակ ստեղծվել, ինչի պատճառով էլ կոյուղաջրերը հոսում են ճանապարհի երկայնքով` լցվելով հարակից բնակելի տներ: Կոտայքի նորանշանակ մարզպետ Արամ Հարությունյանին, ինչպես միշտ, կարծես թե նման բաները չեն էլ հետաքրքրում: Նա զբաղված է իր աշխատասենյակի վերանորոգմամբ:
ՀԱՐՑ. Ամուսնալուծված եմ: Ունեմ երկու անչափահաս երեխա: Աշխատում եմ, աշխատավարձս 80.000 դրամ է: Մինչ աշխատանքի անցնելս ստանում էի 30.000 դրամ նպաստ: Կցանկանայի տեղեկանալ՝ աշխատանքի անցնելուց հետո ինձ նպաստ հասնու՞մ է, թե՞ ոչ, եւ եթե՝ այո, ապա որքա՞ն գումար կարող եմ ստանալ:
Ավետիսյան Սաթենիկ Պարույրի (41 տարեկան, պարարվեստի դասախոս)
ՊԱՏԱՍԽԱՆ. Սաթենիկ Ավետիսյանի դիմումի կապակցությամբ տեղեկացնում ենք, որ ընտանիքների անապահովության աuտիճանի գնահատման համար oգտագործվող բնութագրիչների` յուրաքանչյուրին համապատաuխանող թվային արժեքների, գործակիցների մեծությունների, ընտանիքների անապահովության գնահատման բանաձեւի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ կառավարության 2014 թ. հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման N2 հավելվածով հաստատված «Ընտանիքների անապահովության գնահատման» կարգով:
Հայտնում ենք նաեւ, որ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 13-րդ եւ 16-րդ հոդվածների համաձայն` ընտանեկան կամ սոցիալական նպաստ նշանակվում է այն ընտանիքին, որի անապահովության միավորը բարձր է ՀՀ կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված անապահովության սահմանային միավորից:
ՀՀ կառավարության 30.01.2014թ.-ի N 65-Ն որոշմամբ 2014 թ. ընտանեկան կամ սոցիալական նպաստ նշանակելու համար անապահովության սահմանային մեծության միավոր է սահմանվել 30.00 միավորը:
Առավել մանրամասն պարզաբանումներ ստանալու համար Ս. Ավետիսյանը կարող է դիմել սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով՝ եթե քաղաքացու անապահովության սահմանային մեծության միավորը սահմանվել է 30.00 միավոր կամ ավելի բարձր, ապա նա իրավունք ունի նպաստ ստանալու օրենքով սահմանված կարգով: Սակայն, ինչպես տեղեկացրեց մեզ դիմած քաղաքացին, իրեն փորձել են մոլորության մեջ գցել՝ ասելով, թե անապահովության սահմանային մեծության միավորը պետք է լինի 60.00, որպեսզի իրեն նպաստ հատկացվի: Սոցիալական ծանր պայմաններում հայտնված այսպիսի մարդիկ, որոնց օրենքով իսկապես հասնում է նպաստ, չեն կարողանում ստանալ իրենց գումարները, փոխարենը՝ որոշ հիմնարկ-ձեռնարկությունների պոտենցիալ հղի կանայք են դրանք ստանում: Ձեռնարկատերերը «հաստիք» տալով նման կանանց՝ փորձում են այդ կերպ մեծ գումարներ դուրս գրել պետությունից, իսկ թե սոցապնախարարությունը ինչո՞վ է զբաղված, հայտնի չէ:
ՀԱՐՑ. Կցանկանայի տեղեկանալ` կարող է արդյո՞ք կառուցապատվել հիփոթեքի առարկա հանդիսացող հողամասը:
Կարեն Նահապետյան (42 տարեկան, սոցիոլոգ)
ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն՝ «Հողամասի հիփոթեքի դեպքում գրավի իրավունքն օրենքի ուժով տարածվում է նաեւ այդ հողամասում գտնվող կամ կառուցվող՝ գրավատուի շենքերի կամ շինությունների վրա»: Նույն օրենսգրքի 267-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ «Գրավատուն իրավունք ունի, առանց գրավառուի համաձայնության, հիփոթեքի պայմանագրով գրավ դրված հողամասում սահմանված կարգով կառուցելու շենքեր եւ շինություններ, եթե այլ բան նախատեսված չէ հիփոթեքի պայմանագրով: Այդ շենքերի եւ շինությունների վրա եւս տարածվում է գրավի իրավունքը՝ օրենքի ուժով»:
ՀՀ կադաստրի պետական կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով՝ մեզ դիմած քաղաքացին իրավունք ունի հիփոթեքի առարկա հանդիսացող հողամասում կառուցապատումներ իրականացնել: Ավելացնենք նաեւ, որ բազմաբնակարան շենքի բնակարանի հիփոթեքի դեպքում բնակարանի հետ միասին օրենքի ուժով գրավ դրված է համարվում հողամասի եւ բազմաբնակարան շենքի ընդհանուր գույքի բաժնային սեփականության իրավունքում համապատասխան բաժինը: Վերոնշյալի կապակցությամբ հարկ է նշել, որ պետության կամ համայնքների սեփականություն հանդիսացող բազմաբնակարան եւ անհատական բնակելի տների ու բնակարանների հիփոթեք չի թույլատրվում: