ՀՀ Կոտայքի մարզպետ, Հայաստանի հանրապետական կուսակցության Կոտայքի մարզային պատասխանատու Կովալենկո Շահգալդյանը՝ Կովալը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց մարզում Հանրապետականի` քիչ ձայներ հավաքելու պատճառն իրենց ոչ լավ աշխատանքն էր: Թե հատկապես որ հարցում էր թերացել ՀՀԿ-ն, մարզպետը այդպես էլ չգաղտնազերծեց:
-Ձեր մարզում Հանրապետական կուսակցությունն ամենաքիչ ձայներն է հավաքել, ի՞նչն էր պատճառը:
-Դե եթե մեկ այլ կուսակցություն հաղթել ա, նշանակում է՝ իրենք ավելի շատ հնարավորություններ են ունեցել: «Բարգավաճ Հայաստան»-ի ձայները որ շատ են, դա դեռ չի նշանակում, որ մենք քիչ ձայն ենք հավաքել:
-Կոնկրետ Ձեր մարզում Հանրապետական կուսակցությունը շատ քիչ ձայներ է հավաքել, ի՞նչն է պատճառը, գուցե լա՞վ չեք աշխատել, թե՞ Հանրապետական կուսակցությանը Ձեր մարզում չեն վստահում:
-Լավ չենք աշխատել:
-Լավ չեք աշխատել ի՞նչ իմաստով՝ քարոզչությո՞ւնը լավ չեք արել, թե՞ ընտրակաշառքը լավ չեք բաժանել:
-Ոնց հարմար ա, ասա՝ ըտենց ասեմ, ասեցի` լավ չեմ աշխատել, համ էլ մենք ընտրակաշառք չենք տվել, միգուցե դրա համար ա մեր ձայները քիչ:
-Այսինքն՝ «Բարգավաճ Հայաստա՞ն»-ն է ընտրակաշառք բաժանել:
-Ես որեւէ բան ԲՀԿ-ի մասին չասացի, օրիո՛րդ: Մենք քարոզարշավից ենք խոսում, դուք` ընտրակաշառքից: Քարոզչությունը, քարոզչությունը լավ չենք արել… Որը ձեզ դուր գալիս ա, է՛ն էլ գրեք:
-Ձեզ չի՞ հետաքրքրում Ձեր կուսակցությունը, որ անընդհատ շեշտում եք, թե ձեզ ինչպես հարմար է, այդպես էլ գրեք:
-Ինչի՞ց որոշեցիք… դե որովհետեւ շատ ես պնդում հարցդ, ես էլ ասում եմ` մենք վատ ենք աշխատել քարոզչության ընթացքում, դրա համար երեւի մեր ձայները քիչ են:
-Իսկ հնարավո՞ր է` Հանրապետական կուսակցության շտաբի պետ Հովիկ Աբրահամյանն է «հանձնարարել» «Բարգավաճ Հայաստան»-ի համար աշխատել, եւ դա է եղել պատճառը, որ քիչ ձայներ եք հավաքել:
-Հովիկ Աբրահամյանը, լինելով շտաբի պետ, Հանրապետական կուսակցության անդամ, ինչպե՞ս կարող է հանձնարարություն տալ ԲՀԿ-ի համար աշխատել: Բանականություն ունեցող մարդիկ նման լուրեր չէին տարածի, որոշ թույլ մտային կարողություններ ունեցողները, բնականաբար, կարող էին այդպիսի լուրեր տարածել, դա տրամաբանությունից շատ հեռու է:
-Բայց բոլոր հանրապետականները Հրազդանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Դավիթ Քոչարյանի թեկնածությունն էին սատարում ու նրա համար էին աշխատում:
-«Բարգավաճ Հայաստան»-ի թեկնածուի համար աշխատեց ԲՀԿ-ն, եւ ժողովուրդն էլ արժանի գնահատեց էդ աշխատանքը:
-Ձեր կողմից հովանավորվող թեկնածուն ընտրակեղծիքների միջոցով հաղթեց, անգամ ընտրության օրը ընտրակաշառք էին բաժանում, ինչի մասին բազմաթիվ ահազանգեր ստացանք:
-Եթե նման բան լիներ, ամբողջ լրատվամիջոցները դրա մասին կգրեին, հեղեղած կլինեին բողոքներով ու դժգոհություններով: Իսկ ընտրակաշառքի վերաբերյալ դա ուղղակի ֆանտազիայի ոլորտից է, նույնիսկ վառ երեւակայություն ունեցող մարդը նման բան չէր էլ մտածի: Իմաստ չկար ընտրակաշառք բաժանել:
-Լավ, հիմա Դուք, ի վերջո, Հայաստանի հանրապետական կուսակցությա՞ն կողմնակիցն եք, թե՞ «Բարգավաճ Հայաստան»-ի, քանի որ շատ լավ աշխատեցիք ԲՀԿ թեկնածուի համար:
-Ձեզ լարել եւ ուղարկել են, որ նման հարցե՞ր տաք: Նման հիմարությունների ես չեմ պատասխանի: Ես ասել եմ՝ հանրապետական եմ ու Հանրապետականին էլ պաշտպանել եմ:
ԿՈՎԱԼԸ ՀՀԿ-Ի ՀԱՄԱՐ ԼԱՎ ՉԻ ԱՇԽԱՏԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ