ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հոկտեմբերի 15-ի որոշումով կասեցվել է «ԱՊԱՐԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի «Թթվասեր» 18% յուղայնությամբ արտադրատեսակի արտադրությունը:
«ԱՊԱՐԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում, արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքների թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ «ԱՊԱՐԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի արտադրամասի կողմից արտադրված «Թթվասեր» 18% յուղայնությամբ արտադրատեսակի նմուշը, համաձայն «ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» ՍՊԸ-ի փորձարկման արձանագրության, ԱՑԽՄ ցուցանիշով չի համապատասխանումՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1925-Ն որոշմամբ սահմանված պահանջներին:
«ԱՊԱՐԱՆ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի տնօրենին տրվել է հանձնարարական՝
1) կազմակերպել սանիտարական օր, ախտահանել արտադրական սարքավորումները, «Թթվասեր» 18 % յուղայնությամբ արտադրատեսակի արտադրությունը համապատասխանեցնել ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N1925-Ն որոշման պահանջներին:
2) թողարկել փորձնական արտադրանք և ներկայացնել լաբորատոր փորձաքննության անհամապատասխանության ցուցանիշով:
3) վտանգավոր ճանաչված «Թթվասեր» 18 % յուղայնությամբ արտադրատեսակի խմբաքանակը օգտահանել կամ ոչնչացնել:
Խախտումների վերացման կատարման ժամկետ է սահմանվել մինչև 2014 թվականի հոկտեմբերի 27-ը: