Հայաստանի հանրապետական կուսակցությունը, ԱԺ-ում կազմելով բացարձակ մեծամասնություն, դեռ չի որոշել` ԲՀԿ-ի ու ՕԵԿ-ի հետ կրկին կոալիցիա կազմի, թե միայնակ ստանձնի իշխանության պատասխանատվությունը:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` նախօրեին, երբ ՀՀԿ-ականները նշել են իրենց հաղթանակը, քննարկվել է նաեւ կոալիցիա կազմելու հարցը: Մեր տեղեկությունների համաձայն՝ տեսակետներն այստեղ բաժանվել են երկու թեւի. մի մասն, այնուամենայնիվ, ցանկանում է կոալիցիա կազմել ԲՀԿ-ի եւ ՕԵԿ-ի հետ՝ ԲՀԿ-ին այդպես զսպելու եւ իրենով անելու համար: Սակայն ՀՀԿ մի հատվածը կտրականապես դեմ է եւ պնդում է, որ դրա անհրաժեշտությունը բացարձակապես չկա՝ հիշեցնելով ԲՀԿ-ի վերջին շրջանի ընդդիմադիր խաղերը: Քաղաքագիտական առումով, կոալիցիայի ձեւավորումն, ըստ էության, սխալ է, քանի որ ՀՀԿ-ն ԱԺ-ում նվազագույն 66 հոգու փոխարեն այժմ ունի 70 պատգամավոր: Ասել է թե՝ ինքն է իրադրության տերը: Ու նման պայմաններում կոալիցիոն փաստաթուղթ ստորագրելը, մեղմ ասած, կդիտվի նախագահի ընտրություններից առաջ Ս. Սարգսյանին սատարելու խոստման դիմաց ընտրակաշառք ԲՀԿ-ի համար: Ընդ որում, ակնհայտ է, որ այդ կոալիցիան երկար չի տեւի. նույն նախագահի ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը վերջնականապես կջնջի ԲՀԿ-ին՝ հիշեցնելով ԱԺ ընտրությունների ողջ ընթացքում այդ կուսակցության ընդդիմադիր խաղերը:
Կա նաեւ երրորդ տարբերակը ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն, եթե իրենց «լավ» պահեն, կարող են առանց կոալիցիայի մի քանի մանր ու միջին պաշտոն ստանալ լռության դիմաց` որպես շնորհակալություն: «Ժողովուրդ»-ի աղբյուրները փաստում են, որ ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուն կողմ է հիմնականում ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանն ու իր թիմը: Իսկ նրան ընդդիմացողները սաստել են: Նախօրեին այս թեմայով ՀՀԿ-ում բանավեճն այնքան է թեժացել, որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ինքը Լեռնային Ղարաբաղ կատարելիք այցից հետո նոր իր որոշման մասին տեղյակ կպահի: Մեր աղբյուրները նաեւ պնդում են, որ ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմել-չկազմելու հարցը որոշելու է բացառապես Ս. Սարգսյանը` իր սիամական զույգի` Ռոբերտ Քոչարյանի հետ խորհրդակցելուց հետո: Իսկ թե որքանով է հավանական դրական որոշումը, կախված է նաեւ այս օրերին ԲՀԿ պահվածքից: Նշենք, որ ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը, երեկ նաեւ՝ Նաիրա Զոհրաբյանը, հայտարարել են, որ կոալիցիա կազմելը սխալ է:
Իսկ ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը մեզ հետ զրույցում հերքեց լուրերը, որ կոալիցիա ձեւավորելու հարցը քննարկվել է ՀՀԿ բանկետի ժամանակ. «Ձեր տեղեկությունները սխալ են, որովհետեւ կուսակցությունը 300 հոգու ներկայությամբ կոալիցիայի ճակատագրի հարցը չի կարող քննարկել: Մենք լուրջ հարցերը քննարկում ենք գործադիր եւ խորհրդի նիստին»: Հարցին, թե իսկապես միայն Հովիկ Աբրահամյանն է համաձայն կոալիցիա կազմել ԲՀԿ-ի հետ, ասաց. «Ես չեմ կարող Հովիկ Աբրահամյանի մտքերը կարդալ, զանգահարե՛ք Հովիկ Աբրահամյանին»:
ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ՔԻՉ ՀԱՎԱՆԱԿԱՆ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ա. ԳԱԼՈՅԱՆ