ԵՏՄ-ին միանալուց հետո կհեշտանա հայերի կյանքը Ռուսաստանում. Ա. Աբրահամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանի տնտեսական հեռանկարները ԵՏՄ կազմում» համաժողովի ժամանակ ներկայացվեցին միության անդամ դառնալուց հետո Հայաստանի համար ստեղծվելիք հնարավորությունները:  Համաժողովը կազմակերպել էր Ռուսաստանում հայերի միությունը, որի ղեկավար Արա Աբրահամյանը վատառողջ լինելու պատճառով չէր մասնակցում:

Նրա ելույթը ընթերցեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ով ներկայացրեց ԵՏՄ-ին կողմ և դեմ կարծիքները: Որպես դրական երևույթներ առանձնացվել էին տնտեսական հնարավորությունները, արտադրության ընդլայնումն ու արդիականացումը:

«Կձևավորվի ընդհանուր շուկա, որտեղ զրոյացված կլինեն մաքսատուրքերը, Էներգետիկ վառելիքներն ավելի մատչելի գներով կներմուծվեն», – ընդգծել է նա: Վերջինիս խոսքով՝ այս միության անդամ դառնալուց հետո Հայաստանը տարեկան կտնտեսի 140 մլն դոլար, իսկ ՀՆԱ-ի ցուցանիշը կավելանա մինչև 4.5 տոկոս:

«Կնպաստի ներքին արտադրողի արտադրանքի ավելացմանը, ինչը կբերի նոր աշխատատեղերի ավելացմանն ու արտագաղթի նվազեցմանը: Կավելանան նաև ներդրումների չափը», – կարծում է Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ այս ամենը հնարավորություն կտա նաև ԼՂՀ-ում առկա սոցիալ-տնտեսական վիճակի կայունացում: «ՀՀ միջոցով ԼՂՀ արտադրանքը կարտահանվի ԵՏՄ երկրներ: Ասում էին, թե ԼՂՀ-ն կմեկուսացվի, բայց նման բան չկա: Ամեն ինչ կմնա այնպես, ինչպես հիմա է: Այս միությունից հետո էապես կհեշտանա հայերի կյանքը Ռուսաստանում: Ասում են՝ Հայաստանը կկորցնի իր անկախությունը. շփոթում են, մտածելով, թե քաղաքական միություն է ձևավորվում», – հայտարարել է նա:

Ա. Սարգսյանը նաև նշեց, թե սխալ են այն կարծիքները, թե ապրանքների գները կբարձրանան: «Փաստացի որքան մեզ հայտնի է՝ բանակցությունների արդյունքով՝ 900 ապրանքի մասով բանակցություններ են ընթացել, և 5 տարով դրանք մաքսատուրքի չեն ենթարկվի», – ներկայացրեց նա:




Լրահոս