Բացվել է հայ-լեհական առաջին համատեղ ռազմարդյունաբերական ձեռնարկությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ «Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական առաջին համատեղ ռազմարդյունաբերական ձեռնարկության հանդիսավոր բացումը:

Բացման արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, Լեհաստանի Սենատի անդամ, ազգային պաշտպանության նախկին նախարար Բոգդան Կլիխը և բարձրաստիճան այլ հյուրեր:

Շնորհավորելով հայ-լեհական առաջին համատեղ ձեռնարկության բացման կապակցությամբ` լեհ բարձրաստիճան պաշտոնյաներն ու հյուրերը հույս հայտնեցին, որ «Լյուբավա-Արմենիայի» հաջողությանը կհետևեն նաև ռազմարդյունաբերական ոլորտի այլ ընկերություններ` դրանով իսկ մեծացնելով Հայաստանի պաշտպանության բնագավառում լեհական ներդրումների թիվը:

Ի շահ երկու երկրների պաշտպանունակության ամրապնդման` նորաստեղծ ընկերությանն անխափան և արդյունավետ գործունեություն մաղթեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ընդգծելով, որ ռազմական արդյունաբերության ոլորտում հայ-լեհական համագործակցության պատմության մեջ նոր էջ է բացվում:  Սեյրան Օհանյանը վստահություն հայտնեց, որ «Լյուբավա-Արմենիան» կարճ ժամանակահատվածում կընդլայնի իր արտադրությունը` դուրս գալով Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների և միջազգային այլ շուկաներ:

Շնորհակալություն հայտնելով այն անձանց, որոնց ջանքերի շնորհիվ հայ-լեհական ռազմատեխնիկական համագործակցությունը զարգացում է ապրել, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Ռազմական համագործակցության մեդալով և արժեքավոր նվերով պարգևատրեց մի շարք լեհ պաշտոնյաների և ձեռնարկության ղեկավար կազմի ներկայացուցիչների:

Խորհրդանշական ժապավենը կտրելուց հետո բարձրաստիճան հյուրերն ու զինվորականները ձեռնարկության ղեկավար կազմի և Լեհաստանի ռազմաարդյունաբերական պալատի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջեցին ձեռնարկության տարածքում` մանրամասն ծանոթանալով արտադրական կարողություններին և առաջիկա ծրագրերին:

Չարենցավանի հաստոցաշինական գործարանի հենքի վրա ստեղծված «Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական առաջին համատեղ ռազմաարդյունաբերական ձեռնարկությունը զբաղվելու է ինչպես արտադրական օբյեկտների արդիականացմամբ և նորոգմամբ, այնպես էլ բազմաֆունկցիոնալ  քողարկման արդի տեխնոլոգիաների արտադրությամբ` թողարկելով ռազմատեխնիկական նշանակության այնպիսի արտադրատեսակներ, ինչպիսիք են` կեղծ թիրախները, տեխնիկական և այլ վրանները,  սաղավարտները,  զրահաբաճկոնները, քողարկող ցանցերը և այլն:




Լրահոս