ԱՎԱԶԱԿԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ` ՉԵՄՊԻՈՆԻ ՄԵՔԵՆԱՅՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համայնքի բնակիչներն ասում են, որ նորագյուղցի Նվեր Կիրակոսյանը մեծ ու փոքրին հարգող պատանի է եղել, ընդունակ աշակերտ, նույնիսկ փողային գործիքի է տիրապետել, երաժշտական դպրոցում է սովորել եւ փորձել զարգացնել երաժշտական ունակությունները: Բայց նրա հետաքրքրությունների շրջանակը փոխվել է, երբ հասկացել է, որ փող աշխատելը «ավելի հեշտ է» ոչ թե փողային գործիքով, այլ մարդու կյանքին, առողջությանը վնաս տալու ճանապարհով:
Նվեր Կիրակոսյանի վերաբերյալ քրեական գործից տեղեկանում ենք, որ 25-ամյա երիտասարդը դեռեւս 17 տարեկանում` 2004-ին, դատապարտվել է մարդու կյանքի եւ առողջության դեմ կատարած ոտնձգության համար, իսկ 2006-ին` խուլիագանության եւ թմրամիջոց օգտագործելու համար, սակայն համաներվել է եւ 2 տարի անց շարունակել հանցավոր գործունեությունը:
Նոր հանցագործություն կատարելու համար նախ թիրախ պետք է գտնվեր: Եւ մինչ ընկերները ցույց կտային թիրախն ու հարուստ ավարի տեղը, Նվերն իր մտերիմ ընկեր, չեմպիոն, նույն թաղամասի բնակիչ Անդրանիկ Պետրոսյանից գնում է նրա` որպես մարզիկ նվեր ստացած «ՎԱԶ 21099» մակնիշի մեքենան:  
Այդ ընթացքում` 2008թ. մայիսին, Նվերի ապագա հանցակիցներից մեկին` Վրեժ Հովհաննիսյանին, անձնական կարիքների համար գումար է անհրաժեշտ լինում, եւ նա զանգահարում է իր մտերիմ ընկերոջը` Հրազդանի բնակիչ Էդիկին, ու պարտքով փող ուզում: Վերջինս չի մերժում եւ նույն օրն էլ ասում` արի՛ տար, անվերադարձ եմ տալիս: Վրեժը փողի հետեւից է գնում իր մյուս ընկեր Կարապետ Թոռչյանի հետ: Վերջինս դրսում է սպասում, իսկ Վրեժը մտնում է էդիկի ոսկյա զարդերի առեւտրի սրահ, որտեղից էլ վերցնում է 100 դոլար գումարը եւ դուրս գալիս: Իսկ Կարոն արդեն սկսում է մտածել առեւտրի սրահի տերերի հնարավորությունների մասին: Փողը վերցնում եւ վերադառնում են Սեւան քաղաք` Կարոյի տուն: Նրանից Վրեժը հետագայում տեղեկանում է, որ Կարոն խանութի մասին պատմել է նորագյուղցի Հարություն Թորոսյանին: Հետո Կարոն եւ Հարությունը միասին, առանց Վրեժի, գալիս են Հրազդան եւ ուսումնասիրում Էդիկի խանութում առկա ոսկյա զարդերն ու հեռանում: Ավելի ուշ հանդիպում են Վրեժին, պատմում խանութ կատարած այցի մասին, առաջարկում հափշտակել ոսկեղենը եւ Վրեժի հետ գալիս են համաձայնության:
Մի քանի օր շարունակ Հարությունն ու Կարոն հետեւում են թիրախ դարձած Էդիկի օրվա տեղաշարժին, իսկ 2008թ. հուլիսի 3-ին անցնում «գործի». առավոտյան ժամը 6-ի սահմաններում Հարությունը զանգում է Վրեժին եւ ասում, որ ժամը 07:30-ին պատրաստ սպասի իրենց ու վերցնի իր ինքնաձիգն ու մուրճը: Քիչ անց, երբ իջնում է բակ, այնտեղ տեսնում է իրեն սպասող 2 ավտոմեքենա՝ սպիտակ «ՎԱԶ 2107» եւ սեւ «ՎԱԶ 21099»: Տղաներն այդ ընթացքում հանում են մեքենաների համարանիշերը: Վրեժի հետեւից եկողները նրա մտերիմներ Արտյոմը, Կարոն ու Հարությունն են լինում եւ վերջինիս ընկեր Նվերը: Միասին շարժվում են Հրազդան եւ այնտեղ չհասած` կանգնում ու պլանավորում են յուրաքանչյուրի անելիքը. Վրեժը նստում է «21 07»-ի ղեկին, Կարոն` մյուս մեքենայի: Հարությունը եւ նրանցից մեկը ստանձնում են զենքով ահաբեկելու պարտականությունը, իսկ մնացածը Նվերի գործն էր: Պայմանավորվում են` ինչ իրավիճակ էլ լինի` կրակոց չարձակել: Ժամը 08:00-ի սահմաններում հասնում են Էդիկի շենքի բակ եւ մոտակայքում դարանակալում. մոտ կես ժամ անց նկատում են էդիկի «Մերսեդես»-ը: Կարոն տեղից հանգիստ պոկվում է չեմպիոնի նվեր ստացած մեքենայով եւ կողքից անցնելով` փակում Էդիկի մեքենայի ճանապարհը, իսկ Վրեժը՝ հետեւի ճանապարհը: Երբ «Մերսեդես»-ը հայտնվում է փակուղու մեջ եւ կանգնում, խմբի անդամները (բացի Վրեժից) իջնում են մեքենաներից` դիմակավորված ու զինված, սպառնալիքներով պահանջում են բացել մեքենայի դռները եւ տալ մեքենայի մեջ գտնվող մոտ 33.555.000 դրամ ընդհանուր արժողության տարբեր տեսակի ոսկյա զարդերը: Այնուհետեւ մուրճով կոտրում են մեքենայի ապակիներից մեկը, բացում դռան փականը եւ հափշտակելով ողջ ոսկեղենը` արագ լքում դեպքի վայրը:
Դուրս են գալիս Երեւան-Սեւան մայրուղի, ամրացնում ավտոմեքենաների համարանիշերը եւ շարունակելով ճանապարհը` հասնում Սեւան քաղաքի լճափի օբյեկտներից մեկը: Տնակներից մեկում բաժանում են 2,5 կգ ոսկեղենը` յուրաքանչյուրին 470 գրամ, գիշերը հանգստանում եւ հաջորդ օրը գնում տուն: Դրանից հետո Վրեժը գնում է թոռան ատամհատիկը նշելու եւ հափշտակված ոսկյա զարդերից մի քանիսը տալիս դստերը` ասելով, թե իբր իրեն ունեցած պարտքի դիմաց են տվել, իսկ մի քանիսը փեսայի անձնագրով գրավ է դնում բանկերից մեկում եւ գումարի վերածում, որը ծախսում է իր կարիքների համար:
Հետագայում հերթով հայտնաբերվում են ավազակային հարձակում կատարածները: Նրանցից մեկը` Կարապետը, որը լքում է հանրապետությունը, ինչ-ինչ հանգամանքներում մահանում է դեպքից 6 ամիս անց:  Արտյոմ Հեպոյանը եւ Նվեր Կիրակոսյանն այդ ընթացքում գտնվում են հետախուզման մեջ, եւ Նվերը շարունակում է իր հանցավոր գործունեությունը այնքան ժամանակ, մինչեւ իրավապահները նրան բռնում են` «Բրաունինգ» տեսակի ատրճանակով զինված: Դատարանը նրան դատապարտում է 11 տարվա ազատազրկման` ապօրինի զենք կրելու եւ ավազակային հարձակման համար, սակայն Նվերը միայն ապօրինի զենք պահելու մասով է ընդունել մեղադրանքը եւ այժմ ուզում է ավազակային հարձակման մասով վերաքննիչ դատարանում հասնել արդարացման:

ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ




Լրահոս