Հայաստանի ամբողջ տարածքում այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին տեղի ունեցած պատահարների թիվը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Հայկ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ այս տարի գրանցվել է 685 պատահար, ինչի հետևանքով զոհվել է 73, վիրավորվել` 918 մարդ, ինչը նշանակում է, որ պատահարների թիվն, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 63-ով, վիրավորներինը` 57-ով, իսկ զոհերի թիվը նույն է մնացել:
“Մինչև 16 տարեկան զոհերի թիվը մեկ է, իսկ վիրավորներինը` 32-ը”,- ասաց Հայկ Սարգսյանը՝ ավելացնելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշների համեմատ այս տարի այն նվազել է, զոհերի քանակն անփոփոխ է մնացել, իսկ վիրավորների թիվը նույնպես նվազել է՝ 12-ով:
Սարգսյանը տեղեկացրեց, որ այս տարվա մարտի 17-ից փոփոխություններ են կատարվել ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում, ինչի արդյունքում, փոփոխվել են տուգանքների ծանուցման և այլ կարգեր: “Եթե նախկինում որոշումը ուղարկվում էր անձի հասցեով և, եթե իրավախախտողը տանը չէր լինում, կամ չէր բնակվում տվյալ հասցեում՝ դա համարվում էր ոչ պատշաճ կարգով ծանուցված, ապա այսօր համարվում է ծանուցված: Այնպես, որ խուսափել նշանակված տուգանքից բացառված է”,-տեղեկացրեց Սարգսյանը:
Փոփոխվել են նաև տուգանքի չափերը՝ արագության գերազանցման դեպքում: Եթե սահմանված արագությունը վարորդը գերազանցում է 11-20 կմ/ժ արագությունով, ապա տուգանվում է 10 հազար, իսկ 21-40 կմ/ժ արագության գերազանցման դեպքում` 30 հազար դրամ: Սարգսյանը նշեց, որ հունվար-ապրիլ ամիսներին հանրապետությունում կատարված ընդհանուր խախտումների թիվը 150 հազար է: Դրանց հետևանքով գանձվել է 284 մլն դրամ, որոնց 70%-ն ուղղվում է ապահովագրական ընկերությանը, իսկ 30%–ը` պետբյուջե:
Թեև Հայկ Սարգսյանն ասաց, որ չկա տաքսու և մյուս մեքենաների վարորդների կողմից կատարած խախտումների քանակի վիճակագրություն, սակայն տաքսու վարորդներն ավելի օրինազանց են: Ինչ վերաբերում է կանանց, ապա Սարգսյանը դարձյալ նշեց, որ չկան թվային տվայլներ, բայց նրանց թույլ տված խախտումների թիվն անչափ փոքր է: Իսկ հետիոտնին, ըստ Սարգսյանի, հնարավոր չէ տուգանել, քանի որ տեսախցիկով անհնար է պարզել խախտում իրականացրած անձի ինքնությունը: Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալը խոսեց նաև “Վերջին զանգի” օրվա մասին: Նա վստահեցրեց, որ այդ օրը Ճանապարհային ոստիկանությունը “բոլոր գործերը թողած” զբաղվելու է անվտանգության ապահովման հարցերով: