15 ՏԱՐԻ` ԲԺՇԿԻՆ ՍՊԱՆՈՂԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց վաստակաշատ բժիշկ, վիրաբույժ Աշոտ Գրիգորյանի գործով դատաքննությունը: Մինչ դատարանը կհրապարակեր դատավճիռը, ամբաստանյալ Արտակ Կարապետյանին տրվեց վերջին խոսքի իրավունք: Նա իր արարքը որակեց խուլիգանություն՝ նշելով, որ բժշկին սպանելու մտադրություն չի ունեցել եւ խնդրեց դատարանին` իրականացնել արդար դատաքննություն եւ մեղմ պատիժ սահմանել` հաշվի առնելով մեղմացուցիչ հանգամանքերը (նախկինում դատապարտված չի եղել, խնամքի տակ ունի անչափահաս երեխաներ): Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածներով` խուլիգանություն եւ դիտավորյալ սպանություն: Դատարանը հարցրեց. «Այսինքն՝ խուլիգանության մասով մեղավոր ես քեզ ճանաչում, իսկ սպանության մասով՝ ո՞չ»:
«Այո՛, իմ արածը խուլիգանություն է եղել ու արածիս համար պատրաստ եմ նստիմ: Սպանություն չեմ արել, չեմ էլ ընդունում մեղադրանքը: Ես դատարանի ու դատախազի կողմից մինչեւ հմի արդարություն չեմ տեսել: Կխնդրեմ՝ դուք արդար դատավարություն էրեք, ինչ որ կհասնի՝ էրթամ նստիմ: Կխնդրեմ՝ մեղմ վերաբերվեք: Ընտանիք ունիմ, գոնե հասնիմ ընտանիքիս»,-նշեց ամբաստանյալը:
Դատարանը, սակայն, ապացույցների հետազոտության եւ վկաների հարցաքննության արդյունքում հանգեց այն եզրակացության, որ Արտակ Կարապետյանի մեղքն ապացուցված է դիտավորյալ սպանության հատկանիշներով: Դատարանը որոշեց Արտակ Կարապետյանին հանցավոր ճանաչել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Առաջին հոդվածով նա դատապարտվեց ազատազրկման՝ 14 տարի ժամկետով, իսկ մյուս հոդվածով՝ 1 տարի:
 Դատավճռի հրապարակումից հետո ամբաստանյալի շահերի պաշտպան Թամարա Յայլոյանը հայտարարեց, որ եթե Արտակ Կարապետյանը ցանկանա, ապա ինքը կբողոքարկի վճիռը եւ կհասնի մինչեւ Եվրոպական դատարան. «Մենք գտնում ենք, որ արդար դատաքննություն չի կատարվել»: Պաշտպանական կողմի կարծիքով՝ շատ կասկածելի հանգամանքներ կան, որոնք մինչեւ վերջ չուսումնասիրվեցին: Ամբաստանյալն ու նրա պաշտպանը պնդում են, որ դատաբժշկական փորձաքննությունը մի շարք հարցերի պատասխաններ չի տվել:
Մինչդեռ բժշկի այրին՝ Ջուլիետա Գրիգորյանը, 15 տարվա պատիժը մեղմ է համարում: Նա էլ է պատրաստվում դատական այլ ատյաններում բողոքարկել վճիռը, որպեսզի Արտակ Կարապետյանը ցմահ ազատազրկման դատապարտվի: Սա ՔՕ 104 հոդվածի առավելագույն պատիժն է:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս