«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 12-ին Վարդենիս քաղաքում հնչած կրակոցի հետեւանքով մահացած Արման Մանուկյանը եւ նրա եղբայրը ծեծել են ձերբակալված Սասուն Կարապետյանին, ինչին հաջորդել է սպանությունը: Իսկ պատճառը Սոտքի ոսկու հանքից ապօրինի հանվող հանքաքարերի տարածքը չկիսելու հարցն է, որը վերածվել է միջանձնային բախումների:
ՀՀ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նշված օրը՝ ժամը 18.00-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի Բանավան թաղամասում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենային է մոտեցել Սարգիս Գալստյանի (Ապեր) կողմից վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան, որի սրահից իջել է Սասուն Կարապետյանը եւ իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգով կրակել Արման Մանուկյանի որովայնին եւ դիմել փախուստի: Ավելի ուշ՝ ժամը 23.10-ին, Սասուն Կարապետյանը ներկայացել է ոստիկանության Վարդենիսի բաժին եւ ասել, որ վիճաբանության ժամանակ Ա. Մանուկյանին կրակել է ինքը:
Ինչից է սկսվել վեճը
«Ժողովուրդ»-ը բազմիցս է անդրադարձել Վարդենիս քաղաքում «չղջիկների» գործունեությանը: «Չղջիկնեը» Վարդենիսի այն բնակիչներն են, որոնք չունեն աշխատանք եւ ընտրել են ապրելու ամենավտանգավոր միջոցը: Նրանք մտնում են Սոթքի ոսկու հանքափոսը, հանքանյութ գողանում` վտանգելով իրենց կյանքը, այն տեղափոխում տուն, մանրացնում, լցնում «կիսլատայի» մեջ, որից թունավոր արտանետումներ են լինում (դեղին ծուխ է բարձրանում), ապա հեղուկի վրա է դուրս գալիս սպասված ոսկու ձուլվածքը, ինչն էլ վաճառում եւ ապրում են:
Ոստիկանապետը տեղում չէ
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում սպանված Արման Մանուկյանի քեռին՝ Խաչիկ Խաչատրյանը, ասաց, որ եթե ոստիկանության Վարդենիսի բաժինը լավ աշխատեր ու նախկինում կատարված հանցագործությունների համար մեղավորները պատիժ կրեին, ապա իր քրոջ որդին այսօր կենդանի կլիներ: Բայց ոստիկանությունը Վարդենիսում որպես այդպիսին գրեթե չի գործում: «Դեպքի օրը Արմանը տանն է եղել, զանգահարել են ձեռքին, դուրս են կանչել: Նա էլ երեւի դուրս է եկել, տեսնի, թե ով է, ինչ է ուզում: Հենց այդ ժամանակ թաղի մեջ Մերսեդես մեքենայի միջից կրակել են Արմանի վրա ու փախել: Մեզ հիվանդանոցում ասել էին, թե Արմանին վիրահատում են, բայց իրականում նրա մարմինն արդեն տարել էին դիահերձարան, նա մահացած էր»,-լացակումած պատմեց սպանված Արմանի քեռին:
Մեր զրուցակցի պատմելով՝ ոսկու տարածքի շուրջ տղաները լուրջ կռիվների մեջ են եղել իրենց հարազատ հորեղբոր որդու՝ Վագահ Մանուկյանի եւ նրա ընկերոջ՝ Սարգիս Գալստյանի հետ. «Մեկ տարի առաջ Արմանի ուազը պայթեցրեցին, 8 ամիս առաջ կրակեցին մեքենայի վրա: Ոչ ոք միջոցներ ձեռք չառավ: Ոչ ոք չպատժվեց: Դրա համար էլ՝ տեսաք, թե ինչ եղավ: Վահագ Մանուկյանը, Սարգիս Գալստյանն այս ամենի գլավարներն են, իսկ Սասունը դրանց թիմից է: Մերոնք երկար ժամանակ է՝ հանքից ոսկի հանելու հետ կապ չունեն: Նույնիսկ մի օր դրանց ասեցին՝ եկեք, մեր պայթեցրած ուազը տվեք մեզ, ոստիկանությունից մեր անձնագրերը հանեք, պրծնենք: Չգիտեմ՝ միգուցե ոստիկանություն հանձնված Սասունը էլ կապ չունի այս ամենի հետ ու անմեղ տեղը գնացել, ասել է, թե ինքն է արել: Վարդենիսում ոստիկանություն չկա, մի բան չեն անում, ամեն օր կրակոց է: Մեր հույսը մենակ մարզային ոստիկանապետ Արսեն Ադամյանն է, որն անձամբ էր հիվանդանոց եկել»:
Նշենք, որ «Մերսեդես Բենց»-ի վարորդ Սարգիս Գալստյանին ոստիկանները փնտրում են, իսկ Սասուն Կարապետյանը ձերբակալված է:
Այլ վարկած
Վարդենիսում պտտվող լուրերի համաձայն՝ սպանված Արման Մանուկյանը եւ նրա եղբայրը՝ Գրիշիկը, մի քանի անգամ ծեծի են ենթարկել Սասուն Կարապետյանին: Ավելին՝ հենց հոկտեմբերի 12-ին երկու անգամ հանդիպել, երկու անգամ էլ ծեծել են Սասունին: Չի բացառվում, որ իրեն նվաստացրած եղբայրներից մեկից Սասունն այսպես է փորձել վրեժ լուծել եւ մյուս երկուսի՝ Սարգիսի ու Վահագի անունը հարազատները հնչեցնում են իներցիայով կամ չիմացության հետեւանքով:
Քնար Մանուկյան